«Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը»․Արամ Թորոսյան | Region

«Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը»․Արամ Թորոսյան

Փետրվար 11,2025 15:58

Երևանի ավագանու նիստում ընդդիմադիր խմբակցությունները մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի իրենց նախագծերն են ներկայացնում

«Այս իշխանությունները իրենց ապաշնորհ ֆինանսական կառավարումը կոծկելու և հանրության դժգոհությունները մեղմելու համար ուղեվարձը 300 դրամից դարձրեցին 150 դրամ։ Սա սոցիալ-տնտեսական հիմնահարց է, ունի ստրատեգիական նշանակություն, ընդգրկում է հանրության լայն և խոցելի շերտերի խնդիրները»,-այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագների նոր փաթեթի քննարման ժամանակ։
Ավագանու անդամի խոսքով՝ տրանսպորտի ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանալու համար անհրաժեշտ է համադրել ծախսերը և ուղևորահոսքը․«Այս հաշվարկները երբեք ճշգրիտ չեն ներկայացվել։ Փոխարենն ունենք խեղաթյուրված և ուռճացված թվերից նկարված հաշվարկ-հիմնավորում, որին բազմիցս անդրադարձել ենք։ Կոչ եմ անում իրացնել ձեր սահմանադրական իրավունքը և պայքարել ձեր իրավունքների համար»։

Նույն խմբակցությունից Մանուկ Սուքիասսյանն էլ իր ելույթում ասաց, որ տրանսպորտի ուղեվարձի դեմ  բոյկոտը օր-օրի թափ է հավաքում։ Նա ներկայացրեց խնդրի լուծման իրենց տարերակը․«Լուծումը մեկն է՝ սահմանել 6-ամսյա անցումային շրջան, բոլոր սուպերմարկետներում վաճառել 1000 դրամ արժողությամբ 10 ուղևորափոխադրման տոմս, որպեսզի բոլորը անկաշկանդ օգտվեն դրանից։ Պետք է մեկ տարվա չափում իրականացնել՝ հաշվի առնելով ուղևորափոխադրումների սեզոնային վայրիվերումները, ունենալով հստակ պաշտոնական թիվ և աներկբա ինքնարժեք։ Հակառակ պարագայում տրանսպորտային համակարգի ինքնարժեքի վերաբերյալ ձեր կողմից բերված ցանկացած թիվ վերապահման և հավատի չարժանացնելու թիվ է»։

«Ազգային առաջընթաց»  խմբակցության անդամ Արամ Թորոսյանն էլ ներկայացրեց իրենց խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ, որի հիմքում 80000 երևանցիների պահանջն է։

Նրա խոսքով՝ այս նախագծով իրենց արած առաջարկը պարզ է, ի հակառակ իշխանությունների բերած բարեփոխումների, որոնց հիմքում, Թորոսյանի բնորոշմամբ՝ ոչ  մի խելամիտ ու հստակ հաշվարկ դրված չէ։

«Թող իշխանության բերած բոլոր փաթեթները շարունակեն գործել, միայն թե անպայման մնա մեկ ուղևորափոխադրումը 100 դրամ տարբերակը։ Մենք կողմ ենք Երևանում տրանսպորտի զարգացմանը, միասնական տոմսային համակարգի ներդրմանը, մենք Հայկ Մարությանի թիմից ենք, այն մարդու, որը գործնականում սկիզբ է դրել տրանսպորտի ռեֆորմին՝ մի քանի 100 ավտոբուս ներկրելով, մշակելով տոմսային համակարգի մոդելը»,-ասաց Թորոսյանը։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ