«Կան գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը»․Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչի պաշտոնի համար միակ թեկնածու Տարոն Դանիելյանի անվան շուրջ վերջին օրերի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ մամուլը գրել է, որ ամբիոնի վարիչի պաշտոնի համար միակ թեկնածուն՝ Տարոն Դանիելյանը հանդիսավար է, թամադա։ Նրա անվան շուրջ տարբեր կարծիքներ էին հնչում, նաև նշում, որ դասախոսների, գիտաշխատողների աշխատավարձն այնքան ցածր է, որ նրանք ստիպված այլ աշխատանք էլ են անում։
Խնդրի առնչությամբ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի գիտության ոլորտում զբաղված քաղաքացիները իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն, և բազմաթիվ գիտաշխատողներ արդեն այդ շարքում են:
«Ընդամենը կառավարության մեկ-երկու նիստ առաջ մենք քննարկում էինք գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման և ատեստավորման հարցերը: 2025-ի հունվարի մեկից աշխատողների բազային վարձատրությունը ավելացել է 100-ից 300% -ով: Այն թվերը, որոնք գործում էին 2021-ին, նշանակում էին, որ գիտության ոլորտ որևէ մեկը մուտք չի գործի, այսօր մենք արդեն ունենք բավականին մրցունակ բազային ֆինանսավորում: Գումարած դրան՝ մենք տալիս ենք հնարավորություն օգտվելու բազմաթիվ դրամաշնորհներից»։
Ըստ նախարարի՝ կան գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ հենց իրենց աշխատանքի շնորհիվ․«Նրանք բազային ֆինանսավորում են ստանում, մի քանի դրամաշնորհ ունեն, դասախոսական աշխատավարձ են ստանում: Իհարկե, առավելապես այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են, բայց մենք պետք է նաև մղենք մեր հումանիտար և հասարակագիտական ոլորտի գիտությամբ զբաղված քաղաքացիներին էլ ավելի ակտիվ լինել միջազգայնացման և նաև իրենց հրապարակումները ունենալու ուղղությամբ, որպեսզի նրանք էլ կարողանան ատեստավորվեն և ունենան այս վարձատրությունը»։