ՀՀ-ում գործող դատախազների կարողությունը և կոռուպցիայի դեմ «անխնա» պայքարը | Region

ՀՀ-ում գործող դատախազների կարողությունը և կոռուպցիայի դեմ «անխնա» պայքարը

Հունվար 25,2016 13:55

Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը համագործակցում է ՀՀ գլխավոր դատախազության հետ: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրություններից, կոռուպցիոն թեմայով «արդյունավետ և կառուցողական հանդիպումներ» են կազմակերպվում, երկուստեք գոհունակություն են հայտնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: «Կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից»,- ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գ. Կոստանյանը, իսկ դեսպանն իհարկե գոհունակություն հայտնել, որ Հայաստանում համատեղ ջանքերով հնարավոր է խնդիրներ լուծել:

Իսկ իրականում այսօր կոռուպցիայի դեմ պայքարում են մարմիններ, որոնք մշտապես եղել են քննադատության թիրախում և դասվում են կոռումպացված կառույցների շարքին:

Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը միջազգային կառույցների աջակցությամբ և հովանավորությամբ, նոր չէ, որ մեկարկել է: Տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ուղղվել համակարգն առողջացնելու, կոռուպցիան արմատախիլ անելու համար, սակայն այդ միջոցները շատ դեպքերում իրենց նպատակին չեն ծառայել: Ապացույցը կոռուպցիայի դեմ պայքարելու հերթական «պատրաստակամությունն» է:

ՀՀ դատական իշխանությունը, դատախազությունը շարունակում են «վայելել» հասարակության անվստահությունը: Պատճառները շատ են. քաղաքացին մշտապես բախվում է անարդարադատության, օդում առկախված լուրերը՝ համակարգի՝ կոռուպցիայի մեջ թաղված լինելու վերաբերյալ երբեք խորապես չեն ուսումնասիրվում, երբեք իրավապահ մարմինները չեն կենտրոնանում պաշտոնյաների հայտարարագրերի վրա, որոնք արտացոլում են պաշտոնյայի ստացած աշխատավարձի և կարողության անհամամասնությունը:

Հիշեցնենք, հրաժարական ներկայացրած ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը՝ արդար դատաքննության իրավունքի հետ կապված, որում անգամ դատավորներին տրվող կաշառքի չափերն էին նշված: Զեկույցն այդպես էլ իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա չդարձավ, չեղան պաշտոնանկություններ, պատասխանատվության ենթարկվողներ: Փոխարենը Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական ներկայացրեց:

Դեռևս 2012-ին էր՝ խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությունն ուղարկվեց ՀՀ Գլխավոր դատախազություն:

«Ուղարկված նամակին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել, այն խախտումներին, որոնք կլինեն քրեաիրավական բնույթի, կտրվեն իրավական գնահատականներ»,- հայտարարեցին գլխավոր դատախազությունից, որն այդ ժամանակ ղեկավարում էր Աղվան Հովսեփյանը: Թե ինչ աշխատանք կատարեց Հովսեփյանի թիմը, հանրությանը քիչ բան է հայտնի, համենայնդեպս աղմկոտ պաշտոնանկությունների, քրեական գործերի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների յուրացման փաստերով աղմկոտ դատաքննությունների ականատես այդպես էլ չեղանք: Շարքը կարելի է երկար թվարկել:

Կարելի է առանձնացնել նաև 2012 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրած խորհրդակցության մանրամասները: Դատախազներ էին մասնակցում խորհրդակցությանը, որի ժամանակ հնչած բոլոր մեղադրանքները քրեական գործերի նյութեր էին, քանի որ դատախազները շատ կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրվեցին: Սարգսյանը մասնավորապես հայտարարեց, որ նախագահի աշխատակազմը քաղաքացիներից դիմումներ և բողոքներ է ստանում, որոնց ստուգման արդյունքում բացահայտվել են փաստեր, որոնք անհամատեղելի են առողջ բանականության հետ:

«Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին և պարտակում հանցագործությունը: Ավելին, որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա: Իրավապահ մարմնի աշխատողի կողմից ավելի ստոր և անբարոյական արարք ես ուղղակի չեմ պատկերացնում»,-ասել էր Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ ուսումնասիրվել են դատախազների գործունեության ընդամենը երկու-երեք ամիսները և պարզվել է, որ, օրինակ, դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա. «Ոչ թե նույնիսկ թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ: Դատախազը հանցավորության դեմ պայքարելու փոխարեն ինքն է հանցանք կատարում և հայտնվում հետախուզության մեջ: Եվ որևէ մեկը որևէ պատասխանատվություն դրա համար չի կրում՝ ոչ նրա անմիջական պետը, ոչ դատախազության այն պաշտոնյան, ով պարտավոր էր ի պաշտոնե նաև հսկողություն իրականացնել այդ դատախազի գործունեության նկատմամբ»:

Այս հայտարարությունը, ինչպես և նմանատիպ մյուս խորհրդակցություններում հնչող հայտարարությունները Հայաստանում, հետապնդում են այսրոպեական նպատակներ, հակառակ պարագայում երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձի կողմից արված հայտարարությունը չէր շարունակի մնալ «օդում առկախված»:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը ՀՀ դատախազության աշխատանքը գնահատելու մեր հարցին ի պատասխան նշեց. «Ինձ համար չափանիշը Բուդաղյանների գործն է և, ելնելով այդ չափանիշից, գնահատում եմ 0-ից ցածր, մինուս, թե ինչու, դրա համար Բուդաղյանների գործի մի քանի հատորը պետք է ներկայացնեմ, որի վերաբերյալ շատ եմ խոսել»:

«Կոռուպցիայի դեմ պայքար հայտարարելը և գործնական քայլեր ձեռնարկելը տարբեր բաներ են: Պետք է նաև հետամուտ լինեն, որ հայտարարած հանգամանքները գործնական կյանքում ճիշտ ընթացք ստանան, գործառույթները պետք է ճիշտ և պատշաճ կատարվեն: Արդյունավետությունը պետք է կարողանան բովանդակային առումով հասկանալ: Մի քիչ էլ պետք է մտածել՝ ի՞նչ սպեցիֆիկ գործողություններ կատարվեն, որպեսզի կարողանան քրեական գործեր բացահայտել, ոչ թե պարզունակ քննության արդյունքում իրենց անհամոզիչ ներքին համոզմամբ գործեր ավարտեն: Այս առումով ես գտնում եմ, որ ավելի լավ է չհայտարարել, գործ անել:

Այդ դեպքում մենք բոլորս կտեսնենք և մեր քաղաքացիներին առաջինը դա կասենք, որ՝ գիտեք, մեր երկրում կոռուպցիա չկա, համոզված եղիր, որ այս գործերը պետք է օբյեկտիվ ընթացք ստանան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հավելենք, որ փորձել ենք նաև պարզել, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ի՞նչ կազմով է իրականում պայքարելու կոռուպցիայի դեմ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից առանձնացրել ենք մի քանի դատախազների հայտարարագրեր: Գուցե կոռուպցիայի դեմ պայքարն այս մարմնում սկսեն իրենցից՝ ի տես հատկապես կոռուպցիայի դեմ «անխնա» պայքարող բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային կառույցների և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջին հերթին ուսումնասիրեն աշխատակազմի հայտարարագրերը:

Արարատի մարզի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանի տարեկան հայտարարագրում նշված է KIA CERATO մակնիշի մարդատար տրանսպորտային միջոց, որը ձեռք է բերվել ավելի քան 7 մլն դրամով: 2012 թվականին հայտարարագրել է նաև 19.250.000 դրամ, իսկ եկամուտը հարկային տարում կազմել է 3.863.119 դրամ:

Ընդամենը երկու տարի անց՝ 2014 թվականին, նա զգալիորեն հարստացել է: Հարկային տարվա վերջում դատախազի եկամուտները կազմել են 29.500.000 դրամ: Եկամտի չափը ևս աճել է՝ կազմելով ավելի քան 6 մլն դրամ:

Ամուսնուց շատ ավելի մեծ կարողության տեր է նրա տիկինը՝ Ալինա Հարությունյանը, ում հայտարարագրում նշված է 35.500.500 մլն դրամ դրամական միջոց: Նրանք շարժական և անշարժ գույք, թանկարժեք իրեր 2014 թվականին չեն հայտարարագրել:

Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Ռաֆիկի Արսենյանի՝ 2013 թվականի հայտարարագրում նշված է 21 մլն դրամ դրամական միջոց: Աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 3.118.000 դրամ:

Պաշտոնյան մեկ տարվա ընթացքում հասցրել է զգալիորեն հարստանալ: 2014 թվականին ներկայացված հայտարարագրում հարկային տարվա վերջում նշված է 46 մլն դրամ, ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները)՝ 25 մլն դրամ:

Արսեն Արսենյանը նաև ավելի քան 10 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, 96 մլն դրամ արժողությամբ՝ արտադրական նշանակության շինություն, 33.600.000 մլն դրամով՝ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, և 152 մլն դրամ արժեքով՝ նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություններ, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում:

Գեղարքունիքի մարզի դատախազի աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմում է 6,5 մլն դրամ:

Դատախազի կինը՝ Աննա Ղուկասյանը, հայտարարագրել է 19 մլն դրամ և 18.000 ԱՄՆ դոլար:

Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2012 թ) նշել է 17.350.000 մլն դրամ, 13.400 ԱՄՆ դոլար և 2800 եվրո: Պաշտոնյայի աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է շուրջ 5 մլն դրամ:

2014 թվականին հայտարարագրել է 16 մլն դրամ:

Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը 2015 թվականի հայտարարագրում նշել է LEXUS GX 470 մարդատար տրանսպորտային միջոցը, 10 մլն դրամ և 50.000 ԱՄՆ դոլար: Աշխատավարձը՝ 5.720.598 մլն դրամ:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը 2013 թ. հայտարարագրել է BMW X6 3 5 IX և MITSUBISHI OUTLANDER 2.9 L մեքենաները, 2014-ին՝ 10 մլն դրամ դրամական միջոց:

Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանը 2013-ին հայտարարագրել է 6 մլն դրամ և 20.000 ԱՄՆ դոլար: 2014 թվականին՝ նույնքան: Աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 5.508.775 մլն դրամ աշխատավարձ:

Կինը՝ Մարիաննա Սահակյանը, հայտարարագրել է 7000 ԱՄՆ դոլար և 1,5 մլն դրամ, մինչդեռ աշխատանքի դիմաց ստացել տարեկան ընդամենը 420.000 դրամ աշխատավարձ:

Վայոց ձորի մարզի դատախազի պաշտոնը 2014 թվականին ստանձնած Նաիրի Ավագյանը հայտարարագրում նշել է 50.000 ԱՄՆ դոլար, 10 մլն դրամ՝ ժառանգություն, և աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն՝ շուրջ 7 մլն դրամ:

Ներկայացնենք նաև ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարագրերը: 2014 թվականին նա հայտարարագրել է 82 մլն դրամ: Գույքը օտարելուց ստացված եկամուտը՝ 3,5 մլն դրամ, աշխատանքի վարձատրության դիմաց ստացված եկամուտը՝ 9. 523.981 մլն դրամ: Նրա կինը՝ ԼիլիթԿոստանյանը, նույն տարում հայտարարագրել է 200.000 ԱՄՆ դոլար, 3 մլն դրամ, իսկ աշխատանքի դիմաց տիկնոջ ստացած վարձատրությունը կազմել է տարեկան ընդամենը 1.620.000 մլն դրամ:

2013-ին Գևորգ Կոստանյանը 22 մլն դրամով ձեռք է բերել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, նույն ժամանակահատվածում օտարել երկու բնակարան՝ 48 և 34 մլն դրամով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանի 2014 թվականի հայտարարագրում նշված է. փոխառության գումար՝ 400.000 ԱՄՆ դոլար, տրված փոխառության դիմաց ստացել 8.269.000 մլն դրամ: Հայտարարագրել է նաև 28 մլն դրամ, իսկ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմում է 9.749.493 դրամ:

Հ.Գ.

ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հարցմանն ի պատասխան, թե Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման շրջանում քանի՞ դատախազ է ենթարկվել պատասխանատվության, արձագանքել են, որ 2013թ. հոկտեմբերից մինչև 2015թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 8 դատախազի նկատմամբ իրականացվել է կարգապահական վարույթ: 2 դատախազի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ