Ոչ թե «էլեկտրոնային խաբեություն», այլ քաղաքական կամք է հարկավոր | Region

Ոչ թե «էլեկտրոնային խաբեություն», այլ քաղաքական կամք է հարկավոր

Փետրվար 15,2016 13:56

Իշխանությունների՝ քվեարկության կարգը փոխելու, էլեկտրոնային քվեարկության համաշխարհային փորձը Հայաստանում կիրառելու ցանկությունը լիակատար աջակցություն չի վայելում ներքաղաքական շրջանակներում:

Թվում է, թե էլեկտրոնային քվեարկությունը պետք է որ ավելի դրական ազդեցություն ունենա, բացառի մարդկային գործոնը, կրկնակի քվեարկությունը, սակայն Հայաստանում այս մեխանիզմը կիրառելու մտադրությունը կասկածներ է հարուցում:

«Ցանկացած ձևաչափի ընտրություն կազմակերպելիս կարելի է կատարել կեղծիք: Ձևաչափերի մեջ չէ խնդիրը, այլ հակակշիռների զսպման մեխանիզմների բացակայության մեջ: Կլինի էլեկտրոնային, թղթային, հեռակա, թե մեկ այլ կարգի, պայմանավորված է նրանով, թե արդյոք կա՞ այն հակակշիռ ուժը, որը կզսպի, որ անձն իմանա՝ կեղծիք կատարելու համար կենթարկվի պատասխանատվության:

Եթե չկա այդ ուժը, ձևաչափը որևէ նշանակություն ունենալ չի կարող, թե ինչ եղանակով տեղի կունենան ընտրությունները: Էլեկտրոնային եղանակով էլ կարելի է կեղծել: Պրիմիտիվ տարբերակներ կան, որ հնարավոր կլինի կիրառել: Այսինքն, եթե չկա հակակշռի ձևաչափ, չի լինի որևէ բան: Ես քննիչն եմ և որոշում եմ, որ Դուք հանցագործություն եք կատարել: Ինչ ուզում եք արեք, եթե չկա նորմալ աշխատող դատական համակարգ, որը կստուգի քննիչի աշխատանքը, եթե չկա դատախազ, որը կվերահսկի, ոչինչ անել հնարավոր չէ»,- ԳԱԼԱ–ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Պատմությունը ցույց է տալիս, որ հետխորհրդային երկրներում իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է բացարձակապես նրանով, որ արտաքին աշխարհին, ֆինանսավորողներին ցույց տան, որ կոռուպցիան նվազել է Հայաստանում, որ հնարավոր ներդրումներ ապահովեն: Որպես կանոն քայլեր են անում, որի արդյունքում գումար են վերցնում: Հիմա էլ ասում են՝ էլեկտրոնային քվեարկություն կազմակերպենք: Երբ որ գումարը վերջանում է, շահագրգռված են՝ ինչ-որ նոր բան մտածել ինչ-որ նոր օրենք ընդունելու հարցում»,-նշեց փաստաբանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության մեխանիզմին դեմ չեն լինի, եթե մատնահետքերի նույնականացման մեխանիզմն ապահովելու երաշխիքներ տրվեն:

«Եթե համակարգը մարդուն չի նույնականացնում մատնահետքերին, ուրեմն դա էլ հերթական խաբեությունն է: Եթե նույնականացման քարտերով է մարդկանց ինդենտիֆիկացիան, այլ ոչ թե մատնահետքով, ուրեմն անիմաստ բան է»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Ընտրական օրենսգրքի մշակման առնչությամբ ՀԱԿ-ը ներկայացրել է իր դիրքորոշումը, որում ևս մեկ անգամ ընդգծվում է, որ «գործընթացը որևէ իմաստ կունենա, եթե լուծվեն ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ կապված մի շարք գլխավոր խնդիրներ»՝ մաքրվեն ուռճացված ընտրացուցակները, տեղամասերում իրականացվի տեսանկարահանում, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հուսալի մեխանիզմ:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային քվեարկությանը, ՀԱԿ-ի առաջարկը հետևյալն է. «Նախընտրելի է էլեկտրոնային քվեարկության այն համակարգը, որը ԵԱՀԿ աջակցությամբ ներդրվել է Ղրղզստանում և բարձր գնահատականի արժանացել ինչպես Ղրղզստանի ընդդիմության և ամբողջ հասարակության, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կողմ է էլեկտրոնային քվեարկության կազմակերպմանը, սակայն դարձյալ կան վերապահումներ: Ինչպես բոլոր քվեարկությունները, այս դեպքում էլ ընդգծում է քաղաքական կամքի առկայության կարևորությունը:

«Պետք է ապահովվի մեկ անձ, մեկ քաղաքացի, մեկ քվե սկզբունքը: Քվեարկությունն էլեկտրոնային կլինի, թե ոչ, քվեարկած քաղաքացիների ցուցակը պետք է անպայման հրապարակվի՝ թվանկարչության բացառման համար: Երկրորդը՝ պետք է պարտադիր մատնահետքերով լինի, որովհետև եթե ընտրությունները կազմակերպվեն նույնականացման քարտերով, բնականաբար, շատ հեշտությամբ քաղաքացիների ձեռքից կվերցնեն իրենց քարտերը, 5000 դրամ կաշառքը կբերեն, կասեն քարտը տուր, քարտով դարձյալ քվեարկենք: Այս պարագայում անհրաժեշտ է, որ մատնահետքով լինի: Եթե լինի մատնահետքերով քվեարկությունը, բայց չլինի ցուցակների հրապարակումը, դարձյալ չենք կարող բացառել կրկնաքվեարկությունը. մի տեղ կգնամ բութ մատս կդնեմ, մյուս տեղում ցուցամատս և այլն… Երրորդ, որպեսզի մենք կարողանանք տեսնել, թե ինչպես է ընթանում էլեկտրոնային քվեարկությունը, յուրաքանչյուր տեղամասերում միանշանակ պետք է տեսախցիկներ տեղադրվեն, որպեսզի ցանկացած ոք, աշխարհի ցանկացած վայրում կարողանա տեսնել՝ ինչ է կատարվում ընտրատեղամասերում: Այս ամբողջ շարքի միասնական կիրառման պարագայում միայն, որ կարող ենք արդյունք ունենալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս թերահավատ է, որ մեխանիզմի կիրառման պարագայում իշխանությունները հաշվի կառնեն այս առաջարկները: Հուսադրող է համարում միայն այն հանգամանքը, որ առաջին անգամ միջազգային կազմակերպությունները ևս այն մոտեցումն են պաշտպանում, որ քվեարկած քաղաքացիների ցուցակները պետք է հրապարակել:

«ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի վերջին զեկույցը, ԵՄ դեսպանի հայտարարությունը, առաջին անգամ իրենք այս տարիների պայքարից հետո ընդունեցին դա, որ ցուցակները պետք է հրապարակել: Միջազգային գործընկերների կողմից կարծես թե մոտեցում կա, որ նորմալ ընտրական օրենսգիրք ընդունվի: Բայց դրանով հանդերձ, նույնիսկ եթե ընդունվի, ակնհայտ է, որ առաջին հերթին կամք է պետք, որովհետև այսօրվա ընտրական օրենսգրքում գրված չէ, որ հանձնաժողովի անդամներին կամ դիտորդներին կարելի է կաշառել, ահաբեկել, ծեծի ենթարկել, քվեարկած քվեաթերթիկները փչացնել, կեղծարարությամբ զբաղվել և այլն»,- ընդգծեց Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ