Ո՞ւմ է ձեռնտու, որ «ահաբեկիչները» հասնեն Հայաստան | Region

Ո՞ւմ է ձեռնտու, որ «ահաբեկիչները» հասնեն Հայաստան

Նոյեմբեր 26,2015 14:35

«Երեւանում կանխվել է ահաբեկչական հարձակում»,- ԱԱԾ-ի օպերացիան այսպես են ներկայացնում ռուսաստանյան լրատվամիջոցները:

Այն մասին, որ իբրեւ թե ահաբեկչական գործողություններ էին նախատեսվում Երեւանում, նախ եւ առաջ իշխանամետ լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն: Ինչ-որ անհասկանալի աղբյուրներից մամուլ սպրդեց ինֆորմացիա, թե ենթադրյալ «ահաբեկչական խմբավորումը» եկել է Հայաստան Սիրիայից, անգամ գտնվեցին «ականատեսներ», ովքեր պատմում էին, որ նրանք «ահաբեկչի տեսք» ունեն: Ներկայացումը դարձավ կատարյալ, երբ ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են վնասազերծում խմբի անդամներին, առգրավում զենք-զինամթերք:

Մեկ նկատառում՝ պաշտոնական որեւէ տեղեկատվություն, թե իրականում վնասազերծել են ահաբեկիչների, չի տարածվել: ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը միայն հայտնում էին, որ մի քանի հոգուց բաղկացած խումբը ծանր հանցագործություններ էր նախատեսել:

Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ռուսաստանյան լրատվամիջոցները ցիտում են ոչ թե պաշտոնական տեղեկատվությունը, այլ այն, ինչը միջադեպից կարճ ժամանակ անց իշխանական լրատվամիջոցների ձեռամբ տարածվեց: Ի՞նչ շահագրգռվածություն ունի ռուսաստանյան կողմը ուռճացնելու փաստերը եւ ստեղծելու իմիտացիա, թե «ահաբեկիչները» հասան նաեւ Հայաստան:

Կատարվածը հիմք է տալիս ենթադրելու, որ ահաբեկիչների՝ Հայաստանում հայտնվելն այս շրջանում ամենաշատը պետք էր ՌԴ իշխանություններին՝ մեր երկրին իրենց խաղի մեջ ներքաշելու, Հայաստանին պատեհ պահին օգտագործելու նկատառումներով: Չի բացառվում, որ ՌԴ եւ ՀՀ իշխանությունների երկուստեք համաձայնության արդյունքում է ծնվել այս գաղափարը՝ ոչ միայն հասարակության շրջանում խուճապ տարածելու, այլ նաեւ նրա համար, որ հետագայում որեւէ մեկը չզարմանա եւ չմեղադրի, որ հանկարծ Հայաստանն էլ ներքաշվի տարածաշրջանային զարգացումների մեջ:

Հիշեցնենք, թե ինչ աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ ԼՂՀ-ում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը Մոսկվայում, ով պատրաստակամություն էր հայտնել ՌԴ զինուժին տրամադրել Ստեփանակերտի օդանավակայանը՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Տեսնելով հասարակության արձագանքը՝ Արցախից շատ արագ ստիպված եղան հերքել, որ Բակո Սահակյանն իրականում նման բան չի ասել: Իսկ մտահոգող հարցադրումները հետեւյալն էին՝ ինչո՞ւ չեն հաշվարկվում այդ քայլի վտանգավոր զարգացումները, որ Հայաստանը կամա թե ակամա հայտնվում է ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումների թիրախում:

Եվ ահա, սցենարը բեմադրվեց ճիշտ ժամանակին: ՌԴ կողմն անմիջապես կատարվածին տվեց կանխատեսելի գնահատականներ, որ Հայաստանում հատուկ ծառայություններն «ահաբեկչական ակտ» են կանխարգելել:

Թուրքիայի կողմից ռազմական օդանավի խոցումը, ռուս-թուրքական կոնֆլիկտն ավելի շահագրգռեց ռուսաստանցիներին՝ կրակից շագանակներ հանել՝ հայերի ձեռքով: Պատահական չէ, որ մեր ռազմավարական դաշնակիցը միայն նոր հիշեց, որ կարելի է Պետդումա ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ռուսաստանցիներն ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո թոք-շոուներ կազմակերպեցին եւ հանկարծ հիշեցին հայկական եւ քրդական կոնֆլիկտները, իսկ «Կրեմլի ծաղրածու» Վ. Ժիրինովսկին հայտարարեց, որ Թուրքիայի վերջը կարող են տալ հայերի ձեռքով՝ հանկարծ հիշելով Հայաստանի արեւմտյան տարածքների վերադարձի մասին:

Ռուսաստանցիները շատ արագ փորձեցին օգտագործել մեզ այս խաղի մեջ, որը մերը չէ: Այս կռիվը մերը չէ, սակայն նրանք հմտորեն մեզ ներքաշում են, իսկ ՌԴ իշխանություններից կախվածության մեջ գտնվող ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունները ձեռնամուխ են լինում սադրանքներ կազմակերպելուն՝ այդ ամենում փորձելով որսալ սեփական շահը:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ