Արտաքին քաղաքական ձախողումները և սեփական անձը կարևորելու փորձերը | Region

Արտաքին քաղաքական ձախողումները և սեփական անձը կարևորելու փորձերը

Նոյեմբեր 20,2015 14:36

Մոսկվայում ԼՂՀ նախագահի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հայտարարությունն ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով ազդակ էր՝ ուղղված ոչ միայն Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ մոսկովյան ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր. «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքի օգտագործման հարցը»:

Ռուսաստանցի փորձագետը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ընդգծեց.

«Օդանավակայանը ստրատեգիական մեծ նշանակություն ունի և կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից անհրաժեշտության դեպքում: Սակայն այդ հայտարարությունը դեռևս գործնական նշանակություն չունի, քանի որ Արցախի օդանավակայանը կարող է օգտագործվել միայն այն պարագայում, երբ Հայաստանը կլինի ռազմական ճգնաժամի մեջ: Ահաբեկչության դեմ պայքարի համար այն պետք չէ»:

Միխայիլ Ալեքսանդրովը վաղ է համարում նաև այն խոսակցությունները, որ «Իսլամական պետության թիրախում կարող է հայտնվել Հայաստանը կամ ավելի կոնկրետ Լեռնային Ղարաբաղը, եթե օդանավակայանն օգտագործվի Ռուսաստանի Դաշնության կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

«Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ևս թերահավատություն հայտնեց: Արցախի նախագահի հայտարարությունը նա համարում է մարտահրավեր, միայն թե դժվարանում է ասել՝ թե ում էր իրականում ուղղված դա: Վերլուծաբանը դա համարում է աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներին սեփական դերակատարությունը կարևորելու փորձեր. «Ես չեմ կարծում, որ դա լուրջ է: Շատ գայթակղիչ է, իհարկե, փորձերը համապատասխանել գլոբալ ռիթմերին»,- հավելում է Վադիմ Դուբնովը:

«Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հայտարարությունը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից հակառուսական տրամադրված ԵԽԽՎ պատգամավորներին Արցախի դեմ սրելու և հակահայկական բանաձևերի օգտին քվեարկել տալու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը :

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով Ռոբերտ Ուոլթերի հեղինակած հակահայկական զեկույցի կողքին կավելանա ևս մեկը: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է:

Անդրադառնալով այս հակահայկական զեկույցներին՝ Հայկ Խանումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերածվել է կողմնակալ բանաձևերի ընդունման վայրի: Ինձ համար ԵԽԽՎ բոլոր բանաձևերը, ինչ էլ դրանցում ասվի, գործնական առումով կոպեկի արժեք չունեն, և կարծում եմ` շատերի մոտ այդպիսինն է վերաբերմունքն այս միջխորհրդարանական ձևաչափին:

Սակայն համարում եմ, որ նման բանաձևերը տեղեկատվական առումով առավելություն են տալիս Ադրբեջանին, և այստեղ իր մեղքն ունի թե՛ հայկական դիվանագիտությունը, թե՛ ՀՀ ԱԺ պատվիրակությունը, ԼՂՀ իշխանությունների որոշ անխոհեմ քայլեր, ինչպես, ասենք, Ռուսաստանին Ղրիմի միացմանն աջակցող հանրահավաքի կազմակերպումը»:

Անդրադառնալով հայաստանյան պատվիրակության գործունեությանը՝ Հակ Խանումյանը նշեց. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքները նույնպես չեն երևում: Եթե մինչև այսօր ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից պարտվողական հայտարարություններ են հնչում Արցախի հարցի շուրջ, ապա ի՞նչ երաշխիք ունենալ, որ այս պատգամավորը կարող է աշխատանք տանել իր արտերկրյա գործընկերների հետ հայամետ որոշման համար: Ավելին` հասել ենք մի վիճակի, երբ հայաստանյան պատվիրակության անդամները նույնիսկ չեն կարողանում համոզել իրենց ԵԽԽՎ այլ գործընկերներին լինել անաչառ»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ