Արցախում առաջարկում են քրեական պատասխանատվության ենթարկել տարածքներ հանձնելու մասին կարծիք հայտնող պաշտոնյաներին
«Սկսեմ կիսահումորով. ղալաթ են անում, ամեն մի «չ…..» իրավունք չունի ղալաթներ անելու Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Սա հումորային տեսակետից, հիմա անցնենք հարցի լուրջ էությանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե չպետք է բացառել ազատագրված տարածքների որոշ մասի վերադարձն Ադրբեջանին: «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաեւ ազատագրված տարածքներից ոմանք հանձնելով Ադրբեջանին՝ կայուն եւ երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար, Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով: Այնպես որ, այստեղ նոր որեւէ բան չկա, մտահոգվելու բան չկա»,- ասել էր իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը:
Սակայն ըստ Բադասյանի՝ վերջին օրերին Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հնչող կարծիքները հաճախակիացել են, գործընթացում էլ էական զարգացումներ են տեղի ունենում. ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւի ընդունում, այնուհետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսաստանյան պարբերականը գրեց, որ քննարկվում է տարածքներ զիջելու հարցը, այնուհետ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե պետք է խնդրի խաղաղ կարգավորումն արագացնել եւ այլն:
Բադասյանը նշում է. «Ես հասկանում եմ, որ պաշտոնական Երեւանը միայն այսօր չէ, որ ուզում է Ղարաբաղն առուծախի առարկա սարքել, դա անում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օրինակ, Շուշիի օպերացիան երբ որ կազմակերպվեց ու հաջողությամբ իրականացվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա մասին չգիտեր, ու դրա մասին փաստերն են ասում, այսինքն պաշտոնական Երեւանը դեմ էր Շուշիի ազատագրմանը, քանի որ ռուսները չէին թողնում: Հաջորդը դա Քելբաջարի հարցը, մեծ ուղղակի ճնշում գործադրեց, որպեսզի հետ բերվի այդ հողերը, բայց զինվորական դաշտային հրամանատարների ճնշման ներքո ու շնորհիվ Գեորգի Պետրոսյանի կամքի դա չարվեց, բայց արդյունքում հրաժարական տվեց Գեորգի Պետրոսյանը պաշտոնից, ու այդպես Քելբաջարը մնաց: Իսկ Արաքսի ափին, երբ մենք դուրս եկանք երրորդ պետության սահման արդեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը շոկի մեջ էր ու ամեն անգամ ինքը ստիպում էր հանձնել»:
«Հետագայում երկու ղարաբաղցիները եկան Հայաստան, երկրորդ նախագահը՝ Քոչարյանը, դիմեց քաղաքական ուժերին, որպեսզի հողերը հանձնելու տարբերակը շրջանառվի, հիմա երրորդ նախագահի շրջանն է, որ երկրորդի պես համարվում է պատերազմի բովով անցած մարդ, բայց նա նույնպես շարունակում է հիմք դնել Ղարաբաղի տարածքների հանձնմանը՝ ՍԴ փոփոխությունների միջոցով, ուզում են բերել կոլեկտիվ համաձայնության, փորձում են պատասխանատվությունը ցրել, կիսել: Հիմա Լավրովի շուտափույթ այցը, Պուտինի կապիկությունները: ԵԱՏՄ կազմ մտնելը նույնպես սեղանի վրա Ղարաբաղի հարցն է դրված, ինչ կատարվում է Հայաստանում՝ տնտեսական շրջափակում եւ այլն, բոլորը Ղարաբաղի հարցի հետ է կապված: Պատճառն այն է, որ ունենք շատ թույլ ղեկավարություն, իսկ մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, 88-94 թվականների անցած ճանապարհին համարժեք ղեկավարություն, չգիտեմ, միգուցե ոչ հեղափոխության, այլ հեղաշրջման միջոցով, ինչն անխուսափելի է եւ պարտադիր անհրաժեշտ է մեր ժողովրդի գոյության համար»,- նշեց Վահան Բադասյանը:
Ըստ արցախցի քաղաքական գործչի՝ ՀՀ իշխանություններն այսպիսով ցույց են տալիս, թե արտաքին հարաբերություններում որքան թույլ են եւ որ որեւէ որոշում ինքնուրույն չեն կարող կայացնել:
Մեր զրուցակիցը համոզված է՝ Սահմանադրությունը եւս փոխում են նաեւ Արցախի հարցը կարգավորելու համար: «Հայաստանի ղեկավարությունն ուժեղ է իր շուրջը հավաքված լիսկաներով ու նման ապիկարների համար կերակրատաշտաման ստեղծելու առումով, իսկ արտաքին հարաբերություններում երեւալու, ներկայանալու հարցում միանգամայն կամազուրկ են: Ես ակնկալում եմ ժողովրդից կամք ու արժանապատվություն նոր սահմանադրությանը «ոչ» ասելու, եւ առանց արյունահեղության, հեղաշրջման միջոցով իշխանափոխություն լինի»,- ասաց ԼՂՀ նախկին պատգամավորը:
Արցախցի մեկ այլ գործիչ Արմեն Սարգսյանն իր հերթին նշում է՝ ոչ ոք իրավունք չունի Արցախի հարցը լուծել առանց ԼՂՀ ժողովրդի մասնակցության. «Ղարաբաղի ճակատագիրը Ղարաբաղից դուրս չի որոշվում, Ղարաբաղի ներսում է որոշվում եւ Ղարաբաղի ժողովրդի կողմից, մենք մի պետություն ենք սահմաններով շեշտված, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
«Ազատագրված տարածքները հանձնելու մասին ոչ մեկն իրավունք չունի խոսել, դա հակասահմանադրական է, ու քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այդպիսի բան ասողը, ոչ ոք նման իրավունք չունի: Դա հակասահմանադրական քայլ է, իսկ նման քայլը պատժելի է քրեորեն, ամեն մեկը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Ղարաբաղի ժողովուրդն անկոտրում է, մենք վերաբնակեցնում ենք ազատագրված տարածքները, ու այս պահին ամեն ինչ արվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարգավաճման համար»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:
Հերմինե Մկրտչյան