Հարկերն ավելի շատ են, քան եկամուտները․ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհում են հարկային փոփոխություններից

ՓՄՁ ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը «Մեդիա կենտրոն»-ում հարկային վերջին փոփոխությունների մասին քննարկման ժամանակ վստահեցրեց՝ փոքր ու միջին ձեռնարկություններում հարկային վճարներն այս պահին գերազանցում են իրենց ունեցած եկամուտը, ուստի տնտեսվարողների շրջանում բողոքի ալիք է բարձրացել։
Հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխվել է ընդհանուր հարկման համակարգ, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել փոքր ու միջինի բիզնեսի շրջանում, քանի որ այս փոփոխությամբ շրջանառության հարկը 5%-ից դառնոմ է 10%, որոշ տնտեսվարողներ դժգոհում են, թե հարկի շեմը բարձրացել է մինչև 30% -ի։
Կառավարությունն անդրդվելի է ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ցույցերի դեմ, ֆինանսների փոխնախարարը պնդում է՝ հարկային այս փոփոխությունը չի բերի շղթայական թանկացումների։ Ըստ ոլորտի պատասխանատուների, դե մի բան էլ հարկը կարող է նվազել՝ եթե տնտեսվարողներն իրենց փաստաթղթաշրջանառությունը ներկայացնեն։
«Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ Կարինե Գևորգյանն ասաց՝ տնտեսվարողների համար զգալիորեն բարդացել է աշխատանքի կազմակերպումը, ապրանքների գույքագրումը, ավելացել է հարկային բեռը։
Քննարկման այլ մասնակիցներ՝ ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողներ Զոյա Թորոսյանն ու Արտակ Բաղդասարյանն էլ նշեցին, որ տվյալ ոլորտը պետք է առանձին ուսումնասիրության ենթարկվի՝ հաշվի առնելով այնտեղ շրջանառվող գումարի համեմատաբար մեծ չափը և կախվածությունը փոխարժեքի տատանումից։
«Ոսկյա և արծաթյա զարդերի վաճառքը կախված է բիրժայից։ Օրվա ընթացքում դրա գինը կարող է բարձրանալ և իջնել 5-10 անգամ։ Այս օրենքը ներդրվել է առանց լուրջ ուսումնասիրության, և իրականության մեջ չի կարող գործածվել» -ասաց Զոյա Թորոսյանը։
Տնտեսվարողները հայտարարեցին, որ մարտի 3-ից վերսկսում են բողոքի ցույցերը, խոստանում են՝ ցույցերը պարբերաբար են լինելու։
Նիկոլ Մարգարյան
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի