Ինչպե՞ս Մ. Մինասյանի եղբոր իրավաբանական գրասենյակը պաշտպանեց Զաքարյաններին, որ Տ. Խաչատրյանին ազատ արձակեցին | Region

Ինչպե՞ս Մ. Մինասյանի եղբոր իրավաբանական գրասենյակը պաշտպանեց Զաքարյաններին, որ Տ. Խաչատրյանին ազատ արձակեցին

Հոկտեմբեր 05,2015 14:57

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելուց հետո դադարեցվել է նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը: Իսկ սա նշանակում է, որ Սդղի գյոլի քրեական գործով Տիգրան Խաչատրյանն այլևս կարգավիճակ չունի. նա մեղադրյալ չէ, կասկածյալ չէ, սույն գործով արդեն Տիգրան Խաչատրյան անձ չկա: Քանի որ երբ դադարեցնում են անձի նկատմամբ քրեական հետապնդումը, սա հավասարազոր է արդարացվածին: Սա այն դեպքում, երբ տուժող Հարություն Զաքարյանը դեռեւս չի տեսնում. նա կուրացել է Սդղի գյոլի հայտնի միջադեպից հետո, արդեն չորրորդ անգամ են վիրահատել: Նրա հոր՝ Գագիկ Զաքարյանի խոսքերով՝ երեք-չորս ամիս հետո հերթական վիրահատությունն է սպասվում, որից հետո որդուն ուղարկելու է Եվրոպա՝ բուժման, ապա պարզ կլինի՝ հույս կա՞ արդյոք, որ Հարություն Զաքարյանի աչքի տեսողությունը վերականգնվի:

Այսքանից հետո միանգամայն տրամաբանական է Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, թե «արդարությունը հաղթանակել է»: Իսկ Սուրիկ Խաչատրյանի «արդարության հաղթանակը» տվյալ դեպքում նախ նշանակում է AM իրավաբանական ընկերության պարտություն: Գոնե այս փուլում դա այդպես է: Ընկերությունը պարտվել է, քանի որ վստահորդի ցուցմունքներում շարադրված է, որ Հարություն Զաքարյանը կուրացել է Տիգրան Խաչատրյանի հարվածից, իսկ Գագիկ Զաքարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցնում է, որ իր որդին ոչ մի ցուցմունք չի փոխել: Սա նշանակում է, որ տուժող կողմը շարունակում է պնդել՝ իրեն հարվածողն ու կուրացնողը Տիգրան Խաչատրյանն է, ում նկատմամբ հիմա քրեական հետապնդում չկա:

Տուժող Զաքարյանների հայրը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն, թե իրենց իրավունքները պաշտպանող գրասենյակն ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել, միայն ասաց, որ վստահում են փաստաբաններին.

«Մենք Գորիսում ենք, իրենք՝ Երևանում, ինձ թվում է իրենք կուսումնասիրեն և ինչ պետք է՝ կանեն, իրենք պրոֆեսիոնալ մասնագետներ են»,- ասաց Զաքարյանը:

Իսկ գրասենյակի ղեկավար Գրիգոր Մինասյանն ահա թե ինչ հավաստիացրեց. «Մեր վստահորդների հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի ստեղծված իրավիճակում նոր մարտավարությամբ հանդես գանք և կարողանանք հնարավորինս լիարժեք պաշտպանել դաժան բռնության ենթարկված Զաքարյան եղբայրների շահերը: Կան նախաքննական մանրամասներ, որոնք ըստ օրենքի մեր կողմը չի կարող ներկայացնել այս պահին, բայց դա չի նշանակում, որ Զաքարյանները դադարեցրել են իրենց պայքարը հանուն արդարության վերականգնման: Մենք նրանց այս պահին ներկայացրել ենք բոլոր հնարավոր իրավական քայլերն ու գործողությունները և այժմ սպասում ենք նրանց վերջնական որոշմանը, թե որ ուղղությամբ ենք շարունակելու մեր աշխատանքները»:

Դժվար է ասել, թե որը կլինի հետագա քայլերը, սակայն քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ բողոքարկման ժամկետը 7 օր է եւ բողոքարկումից հետո էլ 7 օրվա ընթացքում ՀՀ դատախազն իրավունք ունի վերանայել քննիչի որոշումը: Ինչը էլ փոքր-ինչ դժվար է պատկերացնել Տիգրան Խաչատրյանի և Գևորգ Կոստանյանի պարագայում:

Հիշեցնենք, որ AM-ը՝ Զաքարյանների իրավունքները պաշտպանող ընկերությունը պատկանում է Գրիգոր Մինասյանին՝ Ս. Սարգսյանի փեսայի եղբորը: Գրիգոր Մինասյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ բացի արյունակցական կապից որևէ առնչություն չունի Վատիկանում գտնվող ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ և որ նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Եթե անգամ արժանահավատ համարենք Գրիգոր Մինասյանի այս հայտարարությունները, ապա սա ամենևին էլ չի նշանակում, որ ՀՀԿ անդամ Գրիգոր Մինասյանը կհրաժարվի կատարել ՀՀԿ ղեկավար Ս. Սարգսյանի ցուցումները կամ հրահանգները, կամ կաշխատի այնպես, որը կվնասի ՀՀԿ-ի շահերին ու պլաններին:

Եվ այսպես, նախ այն մասին, որ Զաքարյանները չեն դիմել AM իրավաբանական ընկերությանը և չեն հայցել իրավական օգնություն: Եվ ոչ էլ ընկերությունը ֆինանսական շահ է հետապնդել: Գագիկ Զաքարյանի վստահեցումներով՝ այն ժամանակ, երբ ինքը որդու հետ Մոսկվայում է եղել, գրասենյակից ինքնակամ զանգահարել և առաջարկել են իրենց օգնությունը, ընդ որում՝ անվճար: Մինչև հիմա գրասենյակին չեն վճարել:

Ինչո՞ւ որոշեցին անվճար իրավաբանական օժանդակություն առաջարկել Զաքարյաններին, Գրիգոր Մինասյանը պարզաբանում է. «Միգուցե ներկայիս համընդհանուր ցինիզմի պարագայում կարող է իմ ասածը պատշաճ չընկալվել, բայց միակ պատճառը, որը մեզ դրդել է առաջարկել մեր օգնությունը, եղել է այն տեսանյութը, որը դեպքից անմիջապես հետո տարածվեց: Այդ տեսանյութում Զաքարյան եղբայրների մայրն այնպիսի հուզիչ և ցնցող խոսքով, վախով ու հուզմունքով էր դիմում մարդկանց, որպեսզի իրենց զորակցեն, որ ես ու մեր ամբողջ իրավաբանական թիմը չէինք կարող այդ մոր ցավի կողքով անտարբեր անցնել: Մենք պարզեցինք, որ իրենք չունեն փաստաբան, ենթադրեցինք, որ քչերը կհամարձակվեն պաշտպանել Զաքարյաններին ընդդեմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի, և ի վերջո որոշեցինք օգնել ծանր դրության մեջ հայտնված այս մարդկանց»:

Իհարկե, ոչ ոք չի կարող հաստատապես ժխտել, որ ընկերությունն իսկապես առաջնորդվել է մարդասիրական սկզբունքներով:

Բայց թե ինչն էր հիմք տվել ենթադրելու, որ Զաքարյաններին դժվար կլինի փաստաբան գտնել, հայտնի չէ, հատկապես որ Զաքարյան ընտանիքը վճարունակ է և հաստատապես Հայաստանում էլ կգտնեին փաստաբաններ, որ կհամարձակվեին ներկայացնել տուժողների իրավունքները:

Այնպես որ, հակառակ վարկածն էլ, որ AM ընկերությունը հենց սկզբից վերցրել է գործը՝ վերահսկելի պահելու և աղմկոտ հարցին սահուն լուծում տալու համար, միանշանակ եւս կարծիք է:

Դժվար է պատկերացնել՝ իրավաբանական ընկերության փաստաբաններն ինչ քայլեր կձեռնարկեն հիմա, որպեսզի չստացվի, որ Զաքարյանների գործը պարտվել են Սուրիկ Խաչատրյանին, բայց Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ մեղավորները հայտնվելու են կալանավայրում. «Մենք միանշանակ հավատացել ենք և հավատում ենք, որ Զաքարյանների համար սա ֆինանսական լուծումով հարց չէ: Այլ հարց է, որ մեղավորները ոչ միայն պիտի կրեն ամենախիստ պատիժը համապատասխան կալանավայրերում, այլև պիտի մինչև վերջին դրամը փոխհատուցեն հաշմանդամության հասցված մարդու հսկայական բժշկական ծախսերը, ինչպես նաև նյութական և բարոյական բոլոր վնասները»:

Դժվար է նաև ասել՝ «մեղավորները» եզրույթի տակ Գրիգոր Մինասյանն ի նկատի ունի՞ նաև Տիգրան Խաչատրյանին, թե՞ ոչ:

Սակայն լավագույն լուծումն իհարկե միջանկյալ լուծումն է, որից, ասենք, երկու կողմերն էլ գոհ կմնան: Սուրիկ Խաչատրյանի համար իհարկե լավագույն տարբերակն է, որ զոհելով մյուսներին՝ որդին հայտնվի ազատության մեջ, իսկ տուժող կողմը ևս, դատելով հարցազրույցներից, այնքան էլ դժգոհ չէ:

Ի վերջո, նման հնչեղության հարցի նման սահուն լուծումը, որից երկու կողմերն էլ գոհ են մնում, ևս արհեստավարժ աշխատանքի արդյունք է, ինչը եթե անգամ ընդունենք, որ Բաղրամյան 26-ի հանձնարարականը չէ, ապա չի կարող աննկատ մնալ Ս. Սարգսյանի կողմից:

Իսկ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելը շատ կարևոր է այս փուլում: Չմոռանանք, որ սպասվում է Սահմանադրության նախագծի հանրաքվե, իսկ հանրաքվեի անցկացումը Ս. Սարգսյանի և ՀՀԿ-ի համար հիմա բոլոր հարցերից առավել առաջնահերթ է: Իսկ Սուրիկ Խաչատրյանն այլևս ապացուցելու կարիք չունի, որ ինքը Ս. Սարգսյանի հանձնարարականները կատարելու մեջ իսկական «գերազանցիկ է», միայն թե նրան պետք է ժամանակ առ ժամանակ պարգևատրել:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ