«Ռեժիմը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ». սահմանագծում կրակոցների տակ կյանքն ընթանում է սովորական հունով | Region

«Ռեժիմը ժամանակավոր է, հայրենիքը՝ հավերժ». սահմանագծում կրակոցների տակ կյանքն ընթանում է սովորական հունով

Սեպտեմբեր 04,2015 15:07

ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը զբաղված է «սուրբ գործով» ու շարունակում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկել երկրի քաղաքական տարբեր ուժերը ներկայացնող անձանց հետ, իսկ երկրի սահմանը պահող շուրջ 20 գյուղերի բնակիչներ լուսացնում են ադրբեջանական կողմից հնչող կրակոցների եւ հայ սահմանապահների կողմից էլ որպես պատասխան հնչող կրակահերթերի հնչյունների ներքո:

Ինչպիսի՞ն է վիճակը հիմա սահմանային գյուղերում. գյուղաբնակները հավաստիացնում են՝ ամբողջովին վերահսկելի:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, ով պարբերաբար Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է գիշերային Բաղանիսից լուսանկարներ ու հանրությանը տեղյակ պահում ադրբեջանցիների «քաջագործությունների» ու հայկական կողմի «տված դասերի» մասին, ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրեց. «Բաղանիսցին լավ է, սահմանում ամեն ինչ նորմալ է, դուք լավ լինեք»:

Գյուղապետն ասաց, որ երկար խոսել չի կարող, քանի որ համայնքի բնակիչներին ու հատկապես պատասխանատու պաշտոն զբաղեցնողներին զգուշացրել են՝ ադրբեջանական կողմը գաղտնալսում է, փոխարենն ասաց, որ սահմանային գյուղերը սպասում են հյուրերի ու միշտ պատրաստ են հյուրեր ընդունել ու պաշտպանել նրանց՝ լինեն պաշտոնյա, լրագրող, սովորական երեւանցի կամ գյումրեցի:

Թշնամու նշանակետի տակ գտնվող գյուղերում վիճակը տպավորիչ կերպով ներկայացնում է ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: Փաշինյանը Տավուշից գրում է. «Այս պահին հասցրել ենք այցելել Բերքաբեր եւ Ներքին Ծաղկավան: Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների:

Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում:

Գյուղամիջում եռում էր նարդին ու բլոտը: Ներքին Ծաղկավանում սելաֆատարն էին ներկում, գյուղամիջում մարդիկ հավաքվել էին իրար բարեւելու: Ճամփեզրի բոլոր «վետերոկները» բաց են»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Ալեն Սիմոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վստահեցրեց՝ խուճապ կամ իրարանցում Տավուշի ոչ մի գյուղում չկա. «Լարվածություն, անհանգստություն կա, բայց խուճապի մասին խոսք լինել չի կարող: Եղել ենք ամենավտանգավոր տեղերում, ամենավերջին տանը, որից այն կողմ ադրբեջանական դիրքերն են երեւում, որ քայլելուց նույնիսկ խորհուրդ էին տալիս, թե արագ անցեք, տրամադրության առումով ես որպես հայաստանցի որեւէ մտահոգություն չեմ նկատել»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ գյուղերն ամբողջովին բնակեցված են, իսկ տավուշցիների մոտ ոչ մի իրարանցում չկա. «Գնդակոծությունը լուրջ է եղել հատկապես Սեւքար, Բերքաբեր գյուղերում: Տեսանք՝ տներին մեծ տրամաչափի հրանոթներով են կրակել: Գյուղացիների բնութագրմամբ կրակել են ընդհանուր գյուղի ուղղությամբ, 90-ականներին ավելի կոնկրետ էին կրակում, հիմա ոչ թե կոնկրետ, այլ ընդհանուր են կրակում… գյուղերի կենտրոններում մարդիկ նստած են, գյուղապետերի հետ էլ ենք շփվել: Գիշերը մեր աչքի առաջ գործողություններ էին ընթանում, երեկոյան ժամը 7-8-ից ակտիվանում են, մինչեւ գիշերվա 2-3-ը մենք փողոցում էինք, այնքան կրակեցին, այսպես ասած, լուսավորում էին մեր ճանապարհը»:

Արցախի հերոս, ազատամարտիկ Վահան Բադասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերի այս իրադարձություններին, ասաց, որ Ադրբեջանն իրավիճակը սրում է մեկ պատճառով, քանի որ հայկական կողմն անվճռական է. «Հայկական կողմի հանդուրժողականությունն է պատճառը. քանի որ իրենք խախտում են անդորրը, կրակում մեր բնակավայրերի վրա, պետք է համարժեք պատասխան ստանան: Պետք է ոչնչացվի իրենց կրակահերթերը եւ պահվի հսկողության տակ»:

Վահան Բադասյանը վստահ է, որ սա ոչ միայն չի հանգեցնի պատերազմի, այլ հակառակը: «Հակառակը՝ այդպիսով կկանխենք գործողությունները: Եվ ի վերջո չպետք է վախենալ պատերազմից. մեռնելը կա, էլ խռխռալը ո՞րն է, չի կարելի հանդուրժել այս վիճակը եւ վախենալ, թող իրենք վախենան»,- ասաց Բադասյանը:

Իսկ «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը պատահական չի համարում: Ըստ ազատամարտիկի՝ սա եւս մեկ անգամ հաստատում է փաստը, որ պատերազմն ավարտված չէ:

«1994 թ.-ին երբ զինադադարի պայմանագիր կնքվեց, դա ավազի վրա գրված փաստաթուղթ էր, որը տրված էր ռուսական կայսրության կողմից, որը հենց այսպիսով սահմանում էր պատերազմի չավարտը, որ կախյալ վիճակում պահեն ՀՀ-ին եւ մասնավորապես իրենց կողմից նշանակվող եւ ղեկավարվող նախագահներին: Եվ սա տրամաբանական շարունակությունն էր այդ ամենի»:

Ազատամարտիկն ամեն դեպքում վստահեցրեց, որ յուրաքանչյուր ոք պատրաստ է անդամագրվել երկրի զինվոր եւ պաշտպանել երկիրը:

«Եթե լայնամասշտաբ գործողություն սկսվի, փառք Աստծո, մենք հիմա ունենք բանակ, բայց, այնուամենայնիվ, մենք եւս պատրաստ ենք: Հուսով եմ՝ մեր բաղձալի երազանքը՝ Նախիջեւանի վերադարձի պահով, կլինի: Եթե զորակոչ լինի, ազատամարտիկները նորից առաջին գծում կլինեն, ուզում եմ հիշեցնել՝ ռեժիմը ժամանակավոր է, իսկ հայրենիքը՝ հավերժ»,- ասաց ազատամարտիկը:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ