«Եթե որոշում կա տարածք հանձնելու, Սերժ Սարգսյանը կհեռանա» | Region

«Եթե որոշում կա տարածք հանձնելու, Սերժ Սարգսյանը կհեռանա»

Հուլիս 28,2015 15:16

ԳԱԼԱ-ն զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանի հետ` սահմանադրական փոփոխությունների նախագծի եւ այլ հարցերի շուրջ:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ կարծիք ունեք «Գելափ»-ի հարցումների մասին, ըստ որի քաղաքացիների 46 %-ը գտնում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

-Ես վաղուց արդեն լուրջ չեմ վերաբերվում Հայաստանում անցկացվող և հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող սոցհարցումներին, ու վերը հիշատակվող հարցումն այդ առումով բացառություն չէ: Եթե Ձեր կողմից ներկայացվող տվյալներն իրոք հրապարակվել են որպես հարցման արդյունք, ապա կարելի է ենթադրել միայն, որ հարցումն անց է կացվել բացառապես ՀՀԿ ղեկավար կազմի շրջանում՝ այդ դեպքում, հաշվի առնելով օլիգարխ ՀՀԿ-ական պատգամավորների մտավախությունները, սահմանադրական բարեփոխումների ընդամենը 46% կողմնակիցների առկայությունը կարելի է օրինաչափ համարել:

-Հայաստանյան քաղաքական ուժերն այնքան էլ ակտիվ չեղան՝ հստակ դիրքորոշում արտահայտելու հարցում: Ամեն դեպքում, մինչ այս պահը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եթե ամփոփենք հնչած տեսակետները, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ անցնցում անցկացնել սահմանադրական փոփոխությունները քաղաքական ուժերի լուռ համաձայնությամբ:

-Այս խնդրի վերաբերյալ դեռ շատ վաղ է լուրջ կանխատեսում անելը: Արտաքին զարգացումներն այժմ շատ ավելի արագ են ընթանում, քան Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, ինչը կարող է անակնկալներ մատուցել նաև սահմանադրական փոփոխությունների հետագա ճակատագրի տեսանկյունից:

—Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, որ չի ուզում ոչ վարչապետ, ոչ էլ ԱԺ նախագահ դառնալ, որ չի դրված վերարարտադրության խնդիր։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանություն եք տեսնում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մեջ: Հավատա՞լ արդյոք նրա եւ նրա կուսակիցների վստահեցումներին, որ վերարտադրության հարց չեն լուծում այս փոփոխություններով:

-Ես հակված եմ հավատալու պարոն Սարգսյանին իր այս պնդումների մասով՝ նա ամեն դեպքում պետք է հեռանա: Բանն այն է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը նոր փուլ է թևակոխում ու եթե տարածք պիտի հանձնվի հակառակորդին, ապա դժվար թե պարոն Սարգսյանը ցանկանա դրա անմիջական պատասխանատվությունը կրել և կգերադասի, որպեսզի ուրիշ մեկին հիշեն որպես արյամբ ազատագրված մեր նախնյաց հողը կամովին, առանց կռիվ տալու հակառակորդին նվիրաբերելու գործը կյանքի կոչող: Պարոն Սարգսյանը պետք է հեռանա նաև այն դեպքում, եթե տարածքներ չհանձնելու ներքին որոշում կայացվի, քանի որ, ըստ էության, նա պաշտոնապես է ընդունել տարածքներ հանձնելու գաղափարն ու այդ մասին բաց հայտարարել: Ըստ էության, Հայաստանի մասով նա է հանդիսացել այդ գաղափարի իրականացման երաշխավորն ու եթե հայկական կողմերը պետք է ետ կանգնեն իր կողմից տրված հավաստիացումներից, ապա, առավել ևս, նա պետք է արդեն հեռացած լինի երկրի փաստացի ղեկավարի պաշտոնից: Սահմանադրական բարեփոխումներն ինչ-ինչ պաշտոնյաների անձնական պատասխանատվությունը լղոզելու զգալի նոր հնարավորություններ կարող են տալ:

—Ո՞րն է Ձեր գնահատմամբ ամենավտանգավոր կետն առաջարկված նախագծում:

-Վտանգավոր է ոչ թե առաջարկվող փոփոխությունների այս կամ այն կետն, այլ մեր կառավարող վերնախավի անպատասխանատվության մակարդակի հավանական ավելացումը:

-Կան շատ վատատեսական կանխատեսումներ այն մասին, թե ի՞նչ է լինելու, եթե իշխանություններին հաջողվի անցակացնել այս փոփոխությունների նախագիծը՝ տրոհում, ապստամբություն, ներիշխանական գզվռտոց, պալատական հեղաշրջում եւ այլն: Նման վտանգ ինքներդ տեսնու՞մ եք:

-Հայաստանում իրավիճակը բավականին երերուն է, ու եթե հատուկ նպատակ դրվի ուժային իշխանափոխության հասնել, ապա այդ նպատակը միանգամայն իրագործելի կլինի, քանի որ զանգվածները, կարծես թե, արդեն պատրաստ են դրան:

-Ո՞րն է լինելու հասարակության դերակատարությունը, կլինի՞ արդյոք հանրային ընդվզում, թե այս փուլում հասարակությունը քիչ է հետաքրքրված սահմանադրական փոփոխություններով:

-Հասարակությունն արդեն վաղուց է ձեռքը թափ տվել այս իշխանության վրա ու հատուկ սպասելիք չունի, իրական կյանքի հետ կապ չունեցող թղթերին Հայաստանում ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Միաժամանակ հասարակությունը ձեռքը թափ է տվել նաև քաղաքական ընդդիմության վրա և վերջինիս հետ հույսեր չի կապում այլևս: Այսպիսով՝ ունենք ակտիվ ու իշխանությունից և ընդդիմությունից դժգոհ ու հիասթափված հանրություն, որը պատրաստ է ակտիվ գործողությունների, ինչը լավ նախապայման է երկրում հեղափոխական զարգացումները դրսից նախաձեռնելու և ղեկավարելու համար:

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Նորություններ