«Իսկ Կրեմլը ոչինչ էլ չի որոշի. “ему все по кайфу”… պրոբլեմը Սարգսյանինն է» | Region

«Իսկ Կրեմլը ոչինչ էլ չի որոշի. “ему все по кайфу”… պրոբլեմը Սարգսյանինն է»

Հունիս 25,2015 15:43

«Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ ՌԴ լրատվամիջոցների, մեղմ ասած, ոչ այնքան օբյեկտիվ արձագանքին, կարծիք հայտնեց, որ ռուսաստանյան լրատվամիջոցների կառուցվածքն է այդպիսին. «Դա այդպիսի ֆորմա է, կառուցվածք՝ ընկալել իրականությունը որպես մայդան, Վաշինգտոն, ռուսաֆոբիա: Ամենակարեւորը նրանց համար Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն է: Միայն դրանով է որոշվում այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում»:

Ռուսաստանցի վերլուծաբանն այլ կարծիք ունի, որ Հայաստանում մայդանի ո՛չ մոտիվացիա, ո՛չ պատրաստվածություն կա: Մայդանի համար երկու բաղադրիչ է անհրաժեշտ. ներքին հակամարտություն, որը կա, բայց հասարակական-քաղաքական գիտակից քաղաքական իմպուլս չկա: Կա բարկություն, որը բոլորովին պարզ չէ, թե ում է ուղղված: «Ինտեր ՌԱՕ»-ին ուղղված չէ, որը ոչնչով պարտական չէ հայերին: Իսկ իշխանություններն ամեն ինչ բարդում են Մոսկվայի վրա, որի դեմ ոչ ոք լրջորեն չի խոսում»:

Մեր այն հարցին, թե ՀՀ իշխանություննե՞րն են բարդում ռուսների վրա, վերլուծաբանն արձագանքեց. «Նրանք, ինձ թվում է, այնքան էլ վատ չեն հարմարվել համընդհանուր այն վստահության շվաքի տակ, որ ամեն ինչ Հայաստանում ղեկավարվում է Մոսկվայի կողմից»:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հունիսի 24-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում իշխանությունը փոխհամաձայնության կգա ցուցարարների հետ, հույս հայտնելով, որ փոխհամաձայնեցված որոշում կգտնվի: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչ փոխհամաձայնության մասին են խոսում ռուսաստանցիները, Վադիմ Դուբնովը պատասխանեց. «Ոչ մի: Հարկավոր է սուբսիդավորել»:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն այդ հայտարարության հենց հաջորդ օրը հանդես եկավ պատրաստակամությամբ 2000 դրամով փոխհատուցելու նպաստառուներին, ինչն ավելի զայրացրեց բողոքի ակցիաներին մասնակցող ՀՀ քաղաքացիներին:

Ռուսաստանցի վերլուծաբանը հարց է ուղղում. «Այդ դեպքում իշխանությունները պատրա՞ստ են ազգայնացնել էներգահամակարգը, միեւնույն ժամանակ գազամատակարարման համակարգը եւ այսպես շարունակ՝ ըստ ցանկի: Եվ Մոսկվային տալ ուղիղ հարցեր: Իմ կարծիքով չեն կարող»:

Այս պահին, ըստ վերլուծաբանի, իրավիճակի ելքը որեւէ մեկը չգիտի: Միակ կոմպրոմիսային տարբերակը համարում է այն, որ կառավարությունը սուբսիդավորի թանկացումը. «Իսկ Կրեմլը ոչինչ էլ չի որոշի. “ему все по кайфу”: Պրոբլեմը Սարգսյանինն է: Կրեմլը նրա փոխարեն առաջ չի նետվի: Միգուցե միայն խորհուրդ տա գործի դնել ջրցաններ»:

Թեեւ Վադիմ Դուբնովը չի կարծում, որ հունիսի 23-ին ոստիկանների գործողություններն ուղղորդվել են Մոսկվայի կողմից, այնուամենայնիվ նշում է. «Համենայնդեպս վախեցնում ենք հայերին նրանով, որ կարող ենք կասկածել նրանց «մայդանի» մեջ: Իսկ դա նրանց պե՞տք է: Ի դեպ, շատ լավ տեխնոլոգիա է»:

Ռուսաստանցի փորձագետին նաեւ հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ ոչ թե ՀՀ իշխանությունները զիջումների գնան, այլ «Ինտեր ՌԱՕ»-ն: Դուբնովը հայտնեց, որ չի բացառվում.

«Հնարավոր է՝ Սարգսյան-Կրեմլ շղթայի միջոցով: Բայց սիմվոլիկ, ասենք ոչ թե 7, այլ 5 դրամով թանկանա: Թեեւ հնարավոր է հրաշք լինի եւ ամեն ինչ չեղյալ հայտարարվի՝ ժամանակավորապես»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ