«Երբեք չենք մոռանում, որ մեր գործողություններն իրականացվում են ֆրանսիացի հարկատուների փողերով». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե | Region

«Երբեք չենք մոռանում, որ մեր գործողություններն իրականացվում են ֆրանսիացի հարկատուների փողերով». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

Հունիս 19,2015 15:44

Վեդիի ջրամբարի կառուցման ընդհանուր ներդրումային ծախսերը կազմում են 90.004 մլն. եվրո, այդ թվում վարկ՝ 75.003 մլն. եվրոյի չափով: Վարկը տրամադրվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից: ՀՀ կառավարությունը տեւական ժամանակ բանակցություններ էր վարում վարկային համաձայնագրի կազմման նպատակով:

Մինչ այդ ֆրանսիական կողմը նաեւ դրամաշնորհ էր տրամադրել կառավարությանը՝ ոռոգման համակարգի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նպատակով: Թե կոնկրետ ինչ ուղղությամբ էր ծախսվել 500.000 եվրո դրամաշնորհը, ոչ հայկական, ոչ ֆրանսիական կողմը չկարողացան կոնկրետ մատնանշել: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ տրված գումարը սկիզբն էր խոշոր վարկային համաձայնագրի կնքման, այսպես ասած՝ «պարգեւավճարը» տրված իշխանություններին հետագա համագործակցության համար: Ընդ որում, այդ գումարից որոշակի տոկոսներ «վերադարձվեցին» Ֆրանսիային:

Խնդիրն այն է, որ ջրամբարի կառուցման ծրագիրը վերջնամշակելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել «Արտելիա» ընկերությունը, որը ֆրանսիական կազմակերպություն է: Թե ինչպես ստացվեց, որ միջազգային մրցույթում հաղթող ճանաչվեց հենց ֆրանսիական ընկերությունը, թե որքան գումար է փոխանցվել այդ ընկերությանն աշխատանքներն իրականացնելու համար, ԳԱԼԱ-ն փորձել է պարզել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեից: Նա, սակայն, չի բացում փակագծերը՝ կապված «Արտելիա»-ի հետ. «Նախքան ցանկացած ֆինանսավորում կամ աշխատանքներ սկսելը, Վեդիի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրության համար միջազգային հայտամրցույթով ընտրվել է «Արտելիա» ընկերությունը: Ինչ վերաբերում է արժեքին, դեսպանությունը չի կարող խոսել այդ մասին: Այդ հարցով կարող եք ուղղակի դիմել «Արտելիա»-ին»,- նշում է Շարպանտիեն:

Վերջինս ոչ միայն չի բացառում, այլ համոզված է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից տրված գումարների մի զգալի մաս եւս կարող է բաժին հասնել ֆրանսիական այս կամ այն ընկերությանը: Հարցին, թե ֆրանսիական այլ ընկերություններ մասնակցություն ունենալո՞ւ են ջրամբարի կառուցման աշխատանքներին, դեսպանն արձագանքում է. «Միջազգային հայտամրցույթով ընտրված կազմակերպությունը կլինի այնպիսի ընկերություն, որը ծրագրի իրականացման համար հանդես կգա որակ/գին լավագույն առաջարկով, կկատարի պայմանագրային պարտավորությունները՝ մատուցելով որակի և կայունության հրամայականին համապատասխան աշխատանք: Հաշվի առնելով ջրամատակարարման և ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ոլորտում ֆրանսիական ընկերությունների ունեցած մեծ փորձը՝ կասկած չունեմ, որ նրանցից շատերն իրենց իմացությունը կառաջարկեն այս գեղեցիկ ծրագրի իրականացման համար»:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նաեւ տեղեկացնում է, որ Վեդիի ջրամբարի նախագծի տեխնիկական մանրամասները մոտենում են ավարտին: Վերջնամշակման փուլում է նաև նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը: Այն պետք է ստորագրվի մինչև տարեվերջ և թույլ կտա ծրագրի իրականացումն սկսել 2015թ. վերջին, 2016թ. սկզբին:

Թե ինչ պայմաններով է ԶՖԳ-ն հաստատել վարկի տրամադրումը Հայաստանին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը դարձյալ չի մանրամասնում. «Կախված ծրագրից և երկրից՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը տրամադրում է տարբեր տևողության կոնցեսիոն վարկեր շուկայականից ավելի ցածր տոկոսադրույքներով և արտոնյալ ժամկետներով»:

Հարցին, թե նույն միջազգային կազմակերպությունները զեկույցներ են հրապարակում, արձանագրում, որ Հայաստանի տարբեր ոլորտներում կա հետընթաց, կոռուպցիոն բարձր ցուցանիշ, խնդիրներ արդարադատության համակարգում, հաշվի առնելով այս ամենը՝ ֆրանսիական կողմի համար վստահելի՞ են ՀՀ իշխանությունները, դեսպանը նշում է. «Ֆրանսիան շարունակում է համագործակցել հայկական իշխանությունների, տեղական իշխանության մարմինների հետ ամենատարբեր ոլորտներում (գյուղատնտեսություն, առողջապահություն, շրջակա միջավայր) ազգաբնակչության կենսապայմանները բարելավելու և վերջիններիս եվրոպական չափանիշներին մոտեցնելու հոգածությամբ: Ֆրանսիայի հետ համագործակցության մասին դատողություններն այս չափորոշիչով պետք է արվեն: Բացի այս, մենք երբեք չենք մոռանում այն իրողությունը, որ մեր գործողություններն իրականացվում են ֆրանսիացի հարկատուների փողերով: Այդ պատճառով էլ դրանց խստագույնս նպատակային օգտագործումը մեր ուշադրության տակ է»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ