Ս. Սարգսյանը հովանավորում է Ս. Խաչատրյանին, իսկ փեսայի եղբոր իրավաբանական գրասենյակը՝ Խաչատրյաններից տուժածներին | Region

Ս. Սարգսյանը հովանավորում է Ս. Խաչատրյանին, իսկ փեսայի եղբոր իրավաբանական գրասենյակը՝ Խաչատրյաններից տուժածներին

Հունիս 17,2015 15:45

Գորիսի վերջին աղմկոտ քրեական գործով, որով տուժող են ճանաչվել Զաքարյան եղբայրները, ինչպես հայտնի է, հետախուզում է հայտարարվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ, ում գտնվելու վայրը դեռևս ոստիկանները չգիտեն:

Քննչական կոմիտեն, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել, համաձայն որի Մայիս Խաչատրյանը Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ բռնություններ է գործադրել Մուշեղ Զաքարյանի նկատմամբ: Ուստի որոշում էր կայացվել նրան ևս ներգրավել հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։

Մայիս Խաչատրյանի անունը, ինչպես և Տիգրան Խաչատրյանինը հանրությանը հայտնի է մի շարք աղմկոտ քրեական գործերից: Սյունիքի մարզպետի եղբորորդին հաջողությամբ պատասխանատվությունից խուսափել է:

Քաղաքագետ Արման Մելիքյանն, անդրադառնալով Խաչատրյանների նկատմամբ կիրառվող արդարադատությանն, ասաց. «ՀՀ իրավապահ համակարգն առաջնորդվում է երկրի պետական կառավարման համակարգին բնորոշ տրամաբանությամբ, և կարծել, որ կոնկրետ այս դեպքում խնդիրն իր լուծումը կգտնի՝ ելնելով օրենքի գերակայության պահանջներից, ու եթե գործը հասնի դատարան, հայցվոր և պատասխանող կողմերը կարող են անաչառ դատավարության ակնկալիք ունենալ, անզուսպ լավատեսության դրսևորում կլինի: Զավեշտն այն է, որ ինչպես տուժող կողմը, այնպես էլ հանցագործության կատարման մեջ մեղադրվող կողմը, հավանաբար, պետք է ստիպված լինեն համակերպվել վերին քաղաքական ատյանի որոշման հետ և չանսալ օրենքին»:

Ինչ մնում է Տիգրան Խաչատրյանին, չնայած այն բանին, որ տուժող Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը, մի քանի անգամ հայտարարել է, որ «տղայի աչքը թափողը» Տիգրան Խաչատրյանն է, և որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ եղել է «Սդղի գյոլում», այնուամենայնիվ հայր և որդի Խաչատրյաններն առայժմ միայն որպես վկա են հարցաքննվել:

Քաղաքագետի խոսքերով՝ արդարադատության համակարգային բացակայության պայմաններում փաստերն ու վկայությունները դադարում են արդար որոշում կայացնելու համար անհրաժեշտ հիմք կազմել:

«Հայաստանում ոստիկանության, քննչական ծառայության ու դատախազության գործնական լիազորություններն անարդարացիորեն համընդգրկուն են, դատավորներն անկախ չեն, իսկ փաստաբաններն ավելի շուտ շահագրգիռ միջնորդի դերում են ստիպված հանդես գալ, քան, ըստ էության, կազմակերպել իրենց դիմող քաղաքացիների արդյունավետ պաշտպանությունը»:

Հարկ է նշել մեկ կարևոր հանգամանք ևս. բազմիցս տարբեր իրավապաշտպանների կողմից մատնանշվել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անձամբ է ստանձնել Ս. Խաչատրյանի փաստաբանի դերը, իսկ Սյունիքի մարզպետի անմիջական հովանավորը Սերժ Սարգսյանն է: Հատկանշական է, սակայն, որ տուժող կողմ հանդիսացող Զաքարյան եղբայրներին աջակցում է AM իրավաբանական գրասենյակը, որը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը:

«Սդղի գյոլում» Խաչատրյանների հետ միջադեպի արդյունքում տուժած Զաքարյան եղբայրներին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում և շահերն է ներկայացնում հենց այդ գրասենյակի փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Լևոն Սահակյանը:

Անդրադառնալով այս փաստին՝ քաղաքագետը ենթադրում է, որ իրերն ու երևույթներն այդպես են դասավորվել մեկ նպատակով, որ գործն ավարտվի հաշտությամբ. «Կարող եմ ենթադրել, որ փորձ է արվելու կողմերին բերել փոխհամաձայնության և հարցը դատարան չհասցնելով՝ լուծել համարժեք ֆինանսական փոխհատուցում տրամադրելու միջոցով: Հայաստանի պայմանների համար սա տրամաբանական լուծում կլիներ:

Կան մարմնական վնասվածքներ ստացած տուժողներ, և արդեն իսկ կան այդ վնասվածքները հասցնելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձինք, և այժմ ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք տուժող կողմը կցանկանա գործը հասցնել հայաստանյան դատարանի վճռին, թե՞ կգերադասի խնդիրը լուծել արդարացիորեն պատկառելի փոխհատուցման շուրջ պայմանավորվելու միջոցով»,- ասում է Արման Մելիքյանը:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ