Տնակներում բնակվողներին՝ մատչելի հիփոթեքով բնակարաններ, հրաձգարան, անվտանգ ու լուսավոր Գյումրի, հասանելի տրանսպորտ․«Ապրելու երկրի» նախընտրական ծրագիրը | Region

Տնակներում բնակվողներին՝ մատչելի հիփոթեքով բնակարաններ, հրաձգարան, անվտանգ ու լուսավոր Գյումրի, հասանելի տրանսպորտ․«Ապրելու երկրի» նախընտրական ծրագիրը

Մարտ 21,2025 21:05

Աղբահանություն, թափառող կենդանիներ, գերեզմանատներ, հանրային տրանսպորտ, զբոսաշրջություն, անվճար մանկապարտեզներ․ այս և մի քանի այլ խնդիրների լուծումներ են առաջարկում Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուները։

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող որոշ թեկնածուների ծրագրերն արդեն ներկայացրել ենք՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝, Եվրադաշինքի ծրագիրը, «Իմ քաղաքը» դաշինքի ծրագիրը։

Այս անգամ ներկայացնում ենք «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Հիշեցնենք, որ այս ուժի քաղաքապետի թեկնածուն Գյումրու ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցության նաընտրական ծրագրով նախևառաջ նախատեսում է ստեղծել «Ապահով Գյումրի»՝ բարելավելով քաղաքի անվտանգությունը։

«Ապահով Գյումրի» նախընտրական ծրագրով կուսակցությունը խոստանում է անվտանգ երթևեկությունն ու բարեկարգ ճանապարհային ցանց, փողոցների նորոգում, տեղադրել լուսացույցներ՝ վտանգավոր հատվածներում։

Նախատեսվում է բնակելի ֆոնդի վթարայնության գնահատում՝ շենքերի ամրացման կամ վերակառուցման համար, հատկապես 4-րդ աստիճանի վթարային շենքերում։

 

Ինչպես մյուս թեկնածուները, այս ուժն էլ խոստանում է վերականգնել քաղաքի ապաստարաններն ու դրանց քանակն ավելացնել։

Մի բանով առանձնանում է այս ուժի ծրագիրը՝ նախատեսում է քաղաքացիական հրաձգարան կառուցել բնակիչների պատրաստվածության բարձրացման համար։

 

Թափառող կենդանիների խնդրի լուծման համար նախատեսում է կենդանիների կացարանների ու կլինիկայի կառուցում։
Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջի վերանորոգումը ներառում է կամրջի տեխնիկական հետազոտություն և վերականգնման աշխատանքներ՝ քաղաքային ոճին համապատասխան։

Նախատեսում են նաև կոմունալ տնտեսության արդիականացում, որը բաղկացած է նոր տեխնիկայի ներդրումից և համակարգի բարելավումից՝ հատկապես ձմռան ամիսներին։

Կուսակցությունը նախատեսում է ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակների կառուցում յուրաքանչյուր թաղամասում։

Խաղահրապարակների հասանելիությունը բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների, նույնպես ընդգրկված է ծրագրում՝ ապահովելով անվտանգ և հարմար պայմաններ։

Կուսակցությունը նաև նախատեսում է լողավազան կառուցել Գյումրիում՝ ժամանակակից պայմաններ ստեղծելով ջրային մարզաձևերի և ժամանցի կազմակերպման համար։

Երիտասարդների և ավագ սերնդի ժամանցի համար ծրագրով նախատեսվում է  կրթական ու ինտելեկտուալ ծրագրեր՝ երիտասարդների հետ համատեղ, ինչպես նաև ծրագրեր՝ ավագ սերնդի զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, նաև՝ բակային զրուցարանների կառուցում։

Խոստանում են ավելացնել Գյումրիի կանաչ տարածքները, կանաչապատման ամբողջական հայեցակարգ կմշակվի քաղաքի գլխավոր հատակագծին համահունչ։ Նշում են, որ յուրաքանչյուր բնակիչ կկարողանա օժանդակություն ստանալ կանաչապատման գործընթացում՝ ցանկալի ծառատեսակների ընտրության ու խնամքի հարցում։

Աղբահանությունը լուրջ խնդիր է, այս ուղղությամբ «Ապրելու երկիրը» խոստանում է ժամանակակից աղբավայր կառուցել, քաղաքի կենտրոնում ավանդական աղբարկղերը կփոխարինվեն ստորգետնյա աղբարկղերով, որոնք սպասարկվելու են հատուկ աղբատար մեքենաներով՝ ապահովելով պատմական կենտրոնի մաքրությունը։

Գերեզմանատների կառավարման գործընթացում խոստանում են ապահովել աղբահանություն, ջրի հասանելիություն և կանաչապատման աշխատանքներ։ Ըստ նրանց, նոր գերեզմանատուն կառուցելու հետ կապված աշխատանքները կմեկնարկեն առանց հապաղման, իսկ հինը կխնամվի՝ հաշվի առնելով պատմամշակութային արժեքը։

Կուսակցությունը խոստանում է բակային տարածքներն ազատել ապօրինի կառույցներից, իսկ դրանց տեղում կլինեն խաղահրապարակներ, զրուցարաններ ու այլ ենթակառուցվածքներ։

Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցումը նույնպես ընդգրկված է այս ուժի նախընտրական ծրագրում, նաև՝ հանրային վայրերում զուգարանների տեղադրում։

Ծրագրում նշված է, որ Գյումրու հանրային տրանսպորտի պարկը պետք է թարմացվի, և դա սկսելու են մինի ավտոբուսների ձեռքբերմամբ, որոնք ավելի հարմար կլինեն քաղաքի փողոցների համար։ Դրա համար կուսակցությունը նախատեսում է մշակել տրանսպորտային համակարգի զարգացման միասնական ռազմավարություն, որի շրջանակներում նաև ներդրվելու են նոր երթուղիներ։ Խոստանում են, որ հանրային տրանսպորտը հասանելի կլինի բոլորին, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց։ Նախատեսվում է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսները հարմարեցված կլինեն բոլոր քաղաքացիների համար, ինչը չի սահմանափակվի միայն անվասայլակ օգտագործող անձանցով, այլ նաև լսողության, տեսողության կամ մտավոր դժվարություններ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև տրանսպորտի աշխատանքային ժամերը կսահմանվեն ժամը 07:00-ից 23:00-ն։   Կուսակցությունը նաև նախատեսում է թարմացնել հանրային տրանսպորտի կանգառները, որոնք պետք է համահունչ լինեն քաղաքի պատմաճարտարապետական տեսքին և համապատասխանեն համընդհանուր ձևավորման սկզբունքներին։

Նախընտրական ծրագրով կուսակցությունը նախատեսում է Գյումրու երկարաժամկետ զարգացման մանրակրկիտ պլան մշակել՝ կստեղծվի քաղաքի միասնական դիզայն-կոդը, որը պարտադիր կլինի բոլոր նոր կառուցապատումների համար։ Ծրագրում նշված է, որ պատմական հատվածներում այլևս չեն կառուցվի այնպիսի շենքեր, որոնք չեն համապատասխանում Գյումրու ինքնատիպ ճարտարապետական ոճին։

Կուսակցությունը նաև նախատեսում է Գյումրու պատմական, մշակութային ու զբոսաշրջային նշանակությունը բարձրացնել՝ այն դարձնելով կարևորագույն հանգույց նաև Հայաստանից դուրս։ Գյումրու պատմական կենտրոնում, ըստ ծրագրի, կհիմնի արհեստների ու արվեստների ցուցադրական փողոց, որը կդառնա վարպետների ստեղծագործությունների ցուցադրման և վաճառքի վայր։

Կուսակցությունը նախատեսում է շարունակել Գյումրու պատմական կենտրոնի վերակառուցումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքի պատմամշակութային արժեքներին։ Ծրագրում նշված է, որ այս գործընթացում հատկապես կարևոր է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը։

Քաղաքի գրադարանները վերաիմաստավորվելու են որպես ինտելեկտուալ ժամանցի վայրեր, որոնք կդառնան մեծ հանգույցներ բոլոր տարիքային խմբերի համար։ Սա կնպաստի Գյումրու որպես մշակութային կենտրոնի զարգացմանը՝ վերածելով գրադարանները քաղաքի այցեքարտերից մեկը։

«Ապրելու երկիրը» խոստանում է տնակներում բնակվող մարդկանց ապահովել նոր բնակարաններով՝ արագ ներդրվող սոցիալական հիպոթեքային ծրագրի միջոցով,   պետությունը և համայնքը երկարաժամկետում կվճարեն նրանց վարկը։ Կուսակցությունը խոստանում է նաև, որ Գյումրու բոլոր մանկապարտեզները կդառնան անվճար, նախատեսվում է ավելացնել մսուրային խմբեր ունեցող մանկապարտեզների թիվը։

Բացի այդ, նրանք պատրաստվում են ավագ սերնդի սոցիալական ներառման ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն առողջ ապրելակերպի պահպանմանը, նոր տեխնոլոգիաների ուսուցմանը, և նրանց զբաղվածության հնարավորությունների բարելավմանը:

Խոստանում են նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր հանրային տարածքները և կառույցները հարմարեցված կլինեն՝ ապահովելով նրանց անվտանգ և մատչելի տեղաշարժը։

«Ապրելու Երկիրը» «Բարեկարգ ու զարգացող Գյումրի» ունենալու համար նախատեսում է կապի մալուխներն անցկացնել մայթերի տակ՝ ստորգետնյա խողովակաշարերի ցանցի կառուցման միջոցով:

Նաեւ նախատեսվում է շենքերի արտաքին պատերի վրա հասցեների ցուցանակների պարտադիր տեղադրում, որը կհամապատասխանի քաղաքի կոլորիտին ու ճարտարապետական տեսքին, կսահմանվի ցուցանակների միասնական դիզայն։  Կուսակցությունը խոստանում է Երևանյան խճուղուց դեպի մսի կոմբինատի բնակելի թաղամաս ճանապարհային անցման կառուցում: Սկզբում ճանապարհի անցումը կմշակվի երկաթգծի վրայով, իսկ հետո կկառուցվի լիարժեք վերգետնյա կամուրջ:

Բուլվարային թաղամասի բնակիչներին էլ կուսակցությունը խոստանում է՝ բազմաբնակարան շենքերի վերելակները կնորոգվեն ու կվերականգնվի վերելակների աշխատանքը։

«Ապրելու երկիրն» իր նախընտրական ծրագրով խոստանում է ստեղծել Գյումրու ներդրումային հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել մեծ ծրագրեր՝ ապահովելով թափանցիկություն ու հաշվետվողականություն:

Հիշեցնենք, որ Գյումրիու քաղաքապետի արտահերթ ընտրությունը մարտի 30-ին է։ Ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն և 3 դաշինք։ «Ապրելու երկիր»  կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գյումրու ավագանու նախկին անդամ Կարեն Մալխասյանն է։

Սյուզաննա Խառատյան

Նորություններ