«Այս պահին ոչ մի քաղաքական ուժ չի կարող ավագանիում կեսից ավելի ներկայություն ունենալ։ Մենք կլինենք ավագանու կազմում»․ Կարեն Մալխասյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն վստահեցնում է՝ համայնքապետարանը չի կատարել իր գործաույթը՝շենքերի պատերին, որտեղ ԿԸՀ-ն տեղեր է սահմանել ցուցատախտակների համար, դրանք փակցված չեն
«Ապրելու երկիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը վստահ է, որ նրանք կհայտնվեն ավագանու նոր կազմում։
«Իմ ուժեղ կողմը, որպես թեկնածու, մասնագետ լինելն է, երկար տարիների կառավարման փորձն ու սկզբունքային լինելն է»,-Regions TV-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց թիմը միայն խոստումներ չի տալիս, այլ իրական ծրագրեր ունի, որոնք միտված են քաղաքի բարելավմանը։
«Միանշանակ տեսնում ենք մեզ ավագանու կազմում»,-վստահեցրեց նա, հավելելով.«Մեծամտություն չթվա, բայց համոզված եմ, որ կանցնենք, թեպետ ցանկացած թիմ էլ գնում է դեպի հաղթանակի»։
Քաղաքապետի թեկնածուի խոսքով․«Այս պահին ոչ մի քաղաքական ուժ՝ իշխողից սկսած, մինչև մեզ՝ ոչ ոք չի կարող ավագանիում կեսից ավելի ներկայություն ունենալ»։
Գյումրու քաղաքապետերի գրեթե բոլոր թեկնածուների ծրագրերն առանձնապես իրարից չեն տարբերվում, բոլորն են քաղաքում կուտակված խնդիրներն են նշում, ու խոստանում լուծել դրանք։
«Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրն էլ, ինչպես մյուսներինը, անդրադառնում է աղբահանությանը, անօթևաններին, թափառող կենդանիներին, գերեզմանատներին, հանրային տրանսպորտին, զբոսաշրջությանը, անվճար մանկապարտեզներին և այլ խնդիրներին։ Ընդ որում, թե կոնկրետ ինչպես են լուծելու այդ խնդիրները, ինչ հաշվարկներ ունեն, արդյոք Գյումրիի բյուջեն կբավարարարի, թեկնածուները չեն անդրադառնում այդ հարցին։
Այս առնչությամբ Կարեն Մալխասյանը նշեց․«Մենք ունենք ծրագրեր, որոնք համընկնում են այլ ուժերի հետ, և շատ հարցեր նախկինում բարձրաձայնել ենք, բայց իշխանությունը չի միացել մեր առաջարկներին, ու դրա համար դրանք կյանքի չեն կոչվել: Սակայն այսօր իրենց ծրագրերում նկատելի են նաև մեր առաջարկած գաղափարները»:
Նրա խոսքով, ծրագրերի մոտեցումները տարբեր են, օրինակ, շների հարցի լուծման վերաբերյալ։ «Նույն շների հարցը մեր համեստ կարծիքով ավելի իրատեսական է լուծումը, քան նրանց առաջարկած տարբերակը»,-ասաց նա։
Մալխասյանը նաև ընդգծում է, որ մանկապարտեզների անվճար դարձնելը իրատեսական է և պետք է սկսել այս տարի, այլ ոչ թե 2026-ին, ինչպես նախատեսում են իշխանությունները. «Ես մինչև ընտրություններն առաջարկում էի մանկապարտեզները դարձնել անվճար; Բայց եթե մենք ընտրվենք, մենք այս տարվանից դա կիրականացնենք»։
Նա հիշեցրեց, որ այս հարցը քննարկելու համար որպես ավագանու անդամ փորձել է հրավիրել արտահերթ նիստ, բացի իշխող ուժից, մնացածը կողմ են քվեարկել նիստ հրավիրելուն։ Նիստը չկայացավ, ինչպես թեկնածուն է ասում՝ ՔՊ-ն չցանկացավ այդ հարցով անգամ նիստ հրավիրել․«Եթե ՔՊ-ն դեմ էր անվճար մանկապարտեզներին, ապա թող նիստ հրավիրեին, ու պարզաբանեին, թե ինչո՞ւ հնարավոր չէ մանկապարտեզներն անվճար դարձնել»։
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կոալիցիա կազմելուն, Մալխասյանը կարևորում է սկզբունքներն ու քաղաքի շահը ու նշում, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ամբողջ հանրապետությունում երբեք չի համագործակցել ՔՊ-ի հետ։
ՔՊ-ից հայտարարում են՝ «որպես ընդդիմություն Գյումրիում ներկայացող որ ուժին էլ գյումրեցին մարտի 30-ին իր քվեն տա, անուղղակիորեն ընտրելու է Վարդան Ղուկասյանին»։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հնչող այս հայտարարության առնչությամբ էլ Կարեն Մալխասյանն ասաց․«ՔՊ-ն սխալ կարծիքի է, եթե ասում է, որ ընդդիմադիրներից ում էլ ընտրեն, անուղղակիորեն ընտրելու են Վարդան Ղուկասյանին։ Մենք որևէ ուժի հետ խնդիր չենք տեսնում, բացի նրանցից, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակի կհամագործակցեն ՔՊ-ի հետ։ Մեզ համար կարևոր է այն, թե ինչպիսի սկզբունքներով է առաջնորդվում քաղաքական ուժը և ինչպես է պատրաստ աշխատել քաղաքի բարեկեցության համար»։
Անդրադառնալով ՌԴ քաղաքական գործիչների վերջերս արած հայտարարությանը՝ թե Ռուսաստանի իշխող ուժը՝ «Եդինայա Ռոսիան» սատարում է «Մայր Հայաստանին», Մալխասյանը նշեց․«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է այլ երկրի ուժ սատարել գործնականում: Իրենք իրենց մտքի մեջ թող աջակցեն, թեորապես դա հնարավոր չէ»:
Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումներին, ապա Կարեն Մալխասյանը նշեց, որ դրանք նաև քարոզարշավից առաջ են եղել՝ մեծամասամբ իշխող ուժի կողմից։ Օրինակ, նա նշեց, որ Սարիկ Մինասյանը ժամանակավոր պատոնակատար նշանակվել է այն պատճառաբանությամբ, որ ընտրությունները կազմակերպելիս համայնքի ղեկավարը պետք է ունենա որոշակի գործառույթներ, որոնք թույլ կտան դրանք կազմակերպել։ Օրինակ՝ ԿԸՀ-ի հատկացրած տեղերում ցուցատախտակներով ապահովելը, որպեսզի թեկնածուներն իրենց պաստառները փակցնեն։ Սակայն, թեկնածուն նշեց, որ համայնքապետարանը չի կատարել իր գործաույթը, ասաց՝ շենքերի պատերին, որտեղ ԿԸՀ-ն տեղեր է սահմանել ցուցատախտակների համար, դրանք փակցված չեն։
Նա նաև վստահեցրեց, որ իշխանությունները ժամանակից շուտ՝ քարոզարշավից առաջ արդեն «թաքնված» պաստառներ են փակցրել՝ իրենց կարգախոսներով ու նկարներով։
Մալխասյանի կարծիքով՝ չնայած, որ ընդդիմադիր ուժերին են քննադատում քարոզարշավի ժամանակ փողոցները շիբինապատելու համար, սակայն, նույնն անում է իշխանությունը, ու այդ ժամանակ նրանց կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ։
Հիշեցնենք, որ օրերս «Անկախ դիտորդ» Գյումրու ընտրություններում դիտորդություն իրականացնող դաշինքը արձանագրել է, որ «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարող Մարտուն Գրիգորյանը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է իր անունից Գյումրիի փողոցներում անվճար խճապատում (շիբինապատում) արվում:
Թե ի՞նչ կարծիք ունի Մալխասյանը, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին 9 ուժ է մասնակցում, տեսակետներ կան, թե որոշ ուժերի մասնակցությունը ձայն «փախցնելն է» կամ «թաքնված» մյուս ուժի համարաշխատելը, թեկնածուն ասաց՝ բոլորն էլ իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, ու ինքը այս հարցում որևէ խնդիր չի տեսնում. «Անհրաժեշտ է միայն հասկանալ՝ դա ճիշտ է, թե ոչ։ Ժամանակը ցույց կտա»։
Արդյոք այս անգամ քաղաքացիները ընտրություն կկատարեն հիմք ընդունելով թեկնածուների ծրագրերը, թե՞ անձի ընտրություն կլինի, այս հարցին էլ ի պատասխան Մալխասյանն ասաց՝ Գյումրու բնակիչները ընտրություն կկատարեն առաջնորդվելով ոչ միայն անձերով, այլ նաև ծրագրերով։
Մալխասյանը դատապարտեց, որ իշխանությունները բաժանարար գծեր են քաշում «մեր» և «ձեր»-ի միջև.«Մեր կարգախոսն է՝ «Միասին հանուն Գյումրու», քաղաքի իշխանությունը մեզ վստահելու դեպքում իրականացվելու է արդար ու թափանցիկ կառավարում, Գյումրին կառավարվելու է համերաշխությամբ» ։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրությունը մարտի 30-ին են, «Ապրելու երկիրը» քվեաթերթիկ համար 3-ն է։
Սյուզաննա Խառատյան