Ադրբեջանն այսօր սկսում է նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան
Ադրբեջանն այսօր սկսում է նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի համաձայն։
Այս մասին հաղորդում է ադրբեջանանական APA գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 երկաթուղային վագոն։ «Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի զուտ առևտրային բնույթ, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներին համապատասխան գներով»,-գրում է լրատվամիջոցը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից դեկտեմբերի 8-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 5-ին Թբիլիսին իր գործընկերներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք. «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարվել է անհապաղ և միանվագ կարգով իրականացնել երկաթուղով անվճար բեռնափոխադրումներ»։ «Սա հստակ ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգը միայն հռչակագրային չէ, այլ գործնականում իրականացվում է։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան արտացոլում է խաղաղության գործընթացում տնտեսական դիվիդենտների հայեցակարգը և կարևոր քայլ է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի հաստատման ուղղությամբ։ Սա նաև կնպաստի տարածաշրջանում տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը և երկրների միջև կապերի ընդլայնմանը ապագայում»,-գրում է ադրբեջանական պետական լրատվամիջոցը։
Նորություններ
