Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում 36 մարդ է սպանվել․ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել | Region

Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում 36 մարդ է սպանվել․ անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել

Հունվար 07,2026 12:43

Իրանում առնվազն 36 մարդ է սպանվել դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերի ընթացքում։ Այս մասին հայտնում է HRANA իրավապաշտպան կազմակերպությունը, որը գործում է արտասահմանում: Սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ 2-ը կապված են եղել անվտանգության ուժերի հետ:

BBC-ն գրում է՝ իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու և 2076-ի ձերբակալվելու մասին:

Իրանի ողջ տարածքում բողոքի ցույցերը ավելի ու ավելի լայն թափ են ստանում։

Անվտանգության զինված աշխատակիցների թվի աճին զուգահեռ Իրանում ավելի համարձակ բողոքի ցույցեր են գրանցվում, քանի որ կառավարության ջանքերը՝ զսպելու վատթարացող տնտեսական իրավիճակը, ձախողվում են։

Համացանցում  շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս երեքշաբթի երեկոյան Իլամ նահանգի կենտրոնական մասում գտնվող Աբդանան քաղաքում տեղի ունեցած հսկայական բողոքի ցույցերը, վերջին շաբաթվա ընթացքում այստեղ տեղի են ունեցել մի քանի խոշոր ցույցեր։

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ այդ տեսանյութերից պարզ է դառնում, որ Իրանի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք Թեհրանի մեծ շուկայում Իրանի հոգևոր ղեկավարների դեմ կարգախոսներ էին վանկարկում:

Տեսանյութերում երևում էր, թե ինչպես են անվտանգության ուժերը գրոհում Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցը՝ ցուցարարներին ցրելու և ձերբակալելու համար, ինչը, ըստ  Amnesty International-ի, խախտում է միջազգային իրավունքը և կրկին ցույց է տալիս, «թե որքան հեռու են Իրանի իշխանությունները պատրաստ գնալ այլախոհությունը ճնշելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «եթե Իրանի անվտանգության ուժերը սպանեն խաղաղ ցուցարարներին, ԱՄՆ-ն պատրաստ է գործել»:

Իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է՝ « խռովարարներին պետք է իրենց տեղը դնել», խոստանալով՝  «չզիջել» հակառակորդին:

Իրանում բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի հերթական կտրուկ անկումից հետո, ինչը բացասական է ազդել բնակչության կենսամակարդակի վրա ու ընդհանուր տնտեսության վրա։ Իրանական արժույթը՝ ռիալը երեքշաբթի օրը արժեզրկվել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։  Իրանի Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է ներմուծողներին և արտադրողներին առաջարկվող դոլարի սուբսիդավորված փոխարժեքները։ Դա, հավանաբար, կհանգեցնի նրան, որ առևտրականները գները կրկին կբարձրացնեն, որի հետևանքները կրելու են սպառողները և  որոնց խնայողություններն արդեն իսկ նվազել են Իսլամական Հանրապետության դեմ տարիների պատժամիջոցների պատճառով։

 

Նորություններ