Աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը կամ փոփոխումն այսուհետ պետք է կատարվի էլեկտրոնային տարբերակով
Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը կամ փոփոխումը կատարվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Համակարգը գործարկվել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերից և այն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանը։
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերից սկսած էլեկտրոնային պայմանագրերի թիվը կազմում է 433։ Համակարգում հիմա 1520 աշխատանքային պայմանագիր կա, որը դեռ աշխատողի կողմից ստորագրված չէ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ համակարգում կա պայմանագիրը կնքելու օրինակելի ձև՝ անհրաժեշտ բոլոր դաշտերով, որոնք պետք է պարտադիր լրացվեն։ Քաղաքացիները պարտադիր պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, նրանք կարող են իրենց բջջային օպերատորի գրասենյակում ստանան MID՝ էլեկտրոնային ստորագրություն։
«Դրանից բացի, անհրաժեշտ է հեռախոսում ունենալ Selfportal հավելվածը։ Սա այն հավելվածն է, որով քաղաքացիները իրենց եկամուտներն են հայտարարագրել»,-ասաց Ժորա Սարգսյանը։
Selfportal հավելվածում քաղաքացիները կտեսնեն իրենց աշխատանքային պայմանագրերը ու ծանոթանալուց հետո կարող են թվային ստորագրությամբ հաստատել։ Ի դեպ, եթե քաղաքացին տարբեր աշխատավայրեր ունի, ապա այդ նույն հարթակում բոլոր աշխատավայրերի աշխատանքային պայմանագրերը հասանելի կլինեն։ Այդ բոլոր աշխատանքային պայմանագրերը կտեսնի միայն տվյալ քաղաքացին, նրա մյուս գործատուները տեսնելու են միայն իրենց վերաբերող պայմանագրերը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում աշխատող օտարերկրացիներին, ապա նրանք ևս կարող են մոտենալ տեղական բջջային օպերատորի գրասենյակ ու ստանալ MID՝ էլեկտրոնային ստորագրություն։ Դրա համար օտարերկրացիների պարագայում նույնականացման քարտ չի պահանջվում։
Մասնագետները նշեցին, որ այս փոփոխությունը շատ կարևոր է թե գործատուների, թե աշխատողների, թե պետության համար։ Գործատուները կկարողանան պատշաճ կերպով կազմել աշխատանքային պայմանագրերը՝ առանց որևէ բացթողման, քանի որ լինելու են լրացման պարտադիր դաշտեր։ Աշխատողն էլ չի մնա առանց աշխատանքային պայմանագիր ու այն մշտապես իր ձեռքի տակ կլինի։ Ինչ վերաբերում է պետությանը, ապա նոր գործիքակազմով կապահովվի առավել թափանցիկություն։ Դա շատ կարևոր է հատկապես տեսչական մարմնի կամ այլ վերահսկող մարմինների համար։
Նշենք, ինչպես ՊԵԿ-ն է տեղեկացրել, էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնելու են Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։
Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։
