Սիրիայի կառավարական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը, քաղաքացիները լքում են իրենց բնակավայրերը | Region

Սիրիայի կառավարական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը, քաղաքացիները լքում են իրենց բնակավայրերը

Հունվար 07,2026 20:39

Սիրիայի կառավարական բանակը ռմբակոծում է Հալեպի քրդական Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասերը, քաղաքացիական անձինք լքում են Հալեպի քրդաբնակ շրջանները։ Այս մասին հաղորդում  France24-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` չորեքշաբթի օրը խաղաղ բնակիչները Հալեպի քրդաբնակ թաղամասերը լքել են այն բանից հետո, երբ սիրիական բանակը դրանք հայտարարել է «փակ ռազմական գոտիներ» և սկսել է հրետակոծել տարածքը։ «Սա բռնության ամենամահաբեր բռնկումն է անցյալ տարի կնքված համաձայնագրից ի վեր, որի համաձայն քրդերի կիսաինքնավար վարչակազմը և բանակը միավորվել են Սիրիայի նոր իսլամիստական ​​կառավարության հետ»,-գրում է լրատվամիջոցը։

Պաշտոնական Դամասկոսը պահանջում է, որ Հալեպի հյուսիսային շրջանները վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերը» կատարեն նախորդ տարվա մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունները և վայր դնեն զենքերը։

Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) քրդերի գլխավորությամբ զինված խմբավորումների բազմազգ դաշինք է, որը ստեղծվել է 2015 թվականին Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Չնայած այն ներառում է արաբական, ասորական և այլ տեղական խմբավորումներ, դրա հիմքը քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումներն են (YPG), որոնք կենտրոնական դեր են խաղացել ISIS-ի (ISIS) դեմ պայքարում։

Սիրիայի պետական ​​լրատվական գործակալության՝ անօդաչու թռչող սարքով նկարած ու հրապարակած կադրերը  ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ լքում իրենց բնակավայրը, կադրերում երևում են մարդկանց մեծ հոսքեր, որոնք  խրված են խցանումների մեջ։

Քաղաքացիական պաշտպանությունից Reuters-ի հետ զրույցում նշել են տարածքը լքած մարդկանց թիվը՝ մոտ 10,000։

AlJazeera-ի  փոխանցմամբ՝ մեդիայի հետ կապի Հալեպի վարչության ղեկավարը Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ SDF-ին մեղադրել է հրադադարի համաձայնագրի ավելի քան 300 խախտման մեջ, այդ թվում՝ բնակելի թաղամասերի և Զահի Ազրակ հիվանդանոցի վրա տասնյակ արկեր արձակելու մեջ։

Նա AlJazeera-ի արաբական ծառայության հետ զրույցում պնդել է, որ SDF-ն Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ թաղամասերի խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես «կենդանի վահաններ» և խանգարում նրանց հեռանալ, ինչը պաշտպանության նախարարությանը դրդել է մարդասիրական միջանցքներ բացել։

Նա նաև պնդել է, որ քրդերի գլխավորած ուժերը վերջերս ծանր զենքեր, այդ թվում՝ տանկեր և զրահատեխնիկա են տեղափոխել երկու թաղամասեր, ինչը հակասում է նախկինում տարածված այն պնդումներին, որ միայն թեթև զենք է եղել։

Ավելի վաղ սիրիական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հալեպում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են:

Հալեպը Սիրիայում ամենամեծ հայկական համայնք ունեցող քաղաքն է, հայերի շրջանում վիրավորների կամ զոհերի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

 

Նորություններ