Ո՞րն է Ստանկովիչի դիրքորոշումը Թիկնիզյանի հարցում. գործակալը փակագծեր է բացում | Region

Ո՞րն է Ստանկովիչի դիրքորոշումը Թիկնիզյանի հարցում. գործակալը փակագծեր է բացում

Հունվար 07,2026 22:21

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է ֆուտբոլիստի ապագայի և թիմի նոր գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի հետ նրա հարաբերությունների մասին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրասնոդարը», սակայն գործակալը հրաժարվել է մեկնաբանել տրանսֆերային խոսակցությունները՝ շեշտը դնելով ներկայիս ակումբում Թիկնիզյանի կարգավիճակի վրա։

«Նաիրն այժմ հավաքների է մասնակցում։ Նա պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Եվրոպա լիգայի հանդիպումներին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սա է գլխավորը, ինչ հիմա տեղի է ունենում Նաիրի հետ»,- ասել է Կլյուևը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցում։

Գործակալը նաև անդրադարձել է թիմի նոր գլխավոր մարզչի՝ Դեյան Ստանկովիչի վերաբերմունքին ֆուտբոլիստի նկատմամբ․

«Դեյան Ստանկովիչը հույսեր է կապում Նաիրի հետ՝ որպես հիմնական կազմի խաղացողի, ով համարվում է «Ցրվենա Զվեզդայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը»։

Հիշեցնենք, որ 26-ամյա Թիկնիզյանը սերբական ակումբ է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին։ Նա բոլոր մրցաշարերում սերբական թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո։

armsport.am

Նորություններ