Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ազատվեց 2 մլրդ դրամ մաքսատուրքից, իսկ ՔՊ-ական մարզպետի հոր ընկերությունը՝ 18 մլն դրամի մաքսատուրքից
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ –ն կազատվի 2 մլրդ դրամ մաքսատուրքից, իսկ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն՝ 18 մլն դրամի մաքսատուրքից։ Այս մասին որոշումները, որոնք չզեկուցվող էին, հասատվեցին կառավարության այսօրվա նիստում՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատվում է 2 մլրդ դրամ մաքսատուրքից ներմուծվող հումքի համար։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Նշվում է, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ընկերությունը նախատեսում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Բացի այս, ընկերությունը վստահեցնում է, որ ներկայումս ընկերությունում կա 258 աշխատատեղ՝ 311 հազ դրամ աշխատավարձով, իսկ ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը խոստանում է մինչև 2028 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ դրամ աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն 18 մլն դրամի մաքսատուրքից նույնպես ազատվում է ներմուծվող հումքի համար։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել ընկերության արտադրանքը արտահանելու նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 224․4 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Ընկերությունում ներկայումս առկա է 558 աշխատատեղ՝ 577 հազ դրամ աշխատավարձով, իսկ ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը խոստանում է մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 565-ի՝ 580 հազ դրամ աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 81․5 մլն դրամ մաքսատուրքից կազատվի 2025 թվականին հիմնադրված «Ռոզելին Բայ Կօկ» ՍՊԸ-ն։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Դրանք իրացվելու են ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես ՌԴ-ում։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1․45 մլրդ դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 180 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 300 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 200 հազ դրամ աշխատավարձով։
