Ի՞նչ ակնկալիքներ ունեն գյումրեցիներն առողջության համընդհանուր ապահովագրությունից․ հարցումներ
Regions TV-ն գյումրեցիների շրջանում հարցումներ է իրականացրել առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ՝ պարզելու համար՝ արդյո՞ք քաղաքացիներն իրազեկված են, և ի՞նչ արդյունավետություն կարող է ունենալ այս նոր համակարգը։
Հիշեցնենք՝ ՀՀ Աժ-ն 2025թ․-ի դեկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Ապահովագրության մեկնարկը տրվել է 2026թ. հունվարի 1-ից:
Համակարգի մասնակից են դառնում այն աշխատող քաղաքացիները, որոնք ամսական ստանում են 200․000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ՝ հարկերով։ Ապահովագրությունից անվճար կօգտվեն մինչև 18 և 65-ից բարձր տարիքի անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ զինհաշմանդամները, անապահովության 28 և ավել բալ ունեցող քաղաքացիները։
201 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների ամսական ապահովագրավճարը 10․800 դրամ է, որից 6 հազար դրամը քաղաքացու փոխարեն կվճարի պետությունը պետբյուջեից։ Մնացած 4․500 դրամը կփոխանցվի «Զինապահ» հիմնադրամից, և միայն 300 դրամ կպահվի քաղաքացու աշխատավարձից։ 500 հազարից մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների դեպքում 7․500 դրամը կփոխանցվի «Զինապահ» հիմնադրամից, 3․300 դրամը կպահվի քաղաքացու աշխատավարձից։
Բնակչության մյուս խմբերը համակարգին կմիանան հաջորդ երկու տարիներին։ Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ մինչև 2029 թ․-ը բնակչության 85 տոկոսը պետք է ապահովագրական փաթեթ ունենա:
Ապահովագրության համակարգը ներառում է հիվանդությունների, ամբուլատոր ծառայությունների, շտապօգնության, ինչպես նաև դեղերի մասով ծածկերի փոխհատուցում։
