Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր․ զգուշացում | Region

Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր․ զգուշացում

Հունվար 10,2026 16:04

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացում՝ առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր։

«Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։

Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում են լուրջ ռիսկեր, այդ թվում՝

-պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում,
-ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում,
-անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում։

Շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։

Խորհուրդ է տրվում

• չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած,
• չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք։

Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ

Եղե՛ք զգոն և պատասխանատու: Ձեր և պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից», – հայտնում են ոստիկանությունից:

Նորություններ