Փաշինյանը պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ այսօր պատարագի է մասնակցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ այսօր պատարագի է մասնակցում:
Ոստիկանությունը եկեղեցուն հարակից տարածքում խիստ հսկողություն է իրականացնում։ Պատարագին մասնակցում են նաև ՔՊ-ական պաշտոնյաները։
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի հերքել, որ պատարագի են եկել նաև Վեդիի քաղաքապետարանի աշխատակիցները։
«Իմ աշխատակիցները միգուցե տեղյակ են՝ ես մասնակցում եմ, իրենք էլ են եկել»,-ասել է Սարգսյանը։
News.am-ը տեսանկարահանել է, թե ինչպես են Արարատի մարզում գործող գործարանի կին աշխատակիցները խմբով գալիս եկեղեցի՝ պատարագի։
Հիշեցնենք, որ երեկ Գարեգին Երկրորդը պաշտոնանկ է արել Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Նա այլևս Մասյացոտնի թեմի առաջնորդը չէ։ Նրա պաշտոնանկ անելու հիմքն, ըստ Մայր Աթոռի, «թեմի առաջնորդի դիրքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու հանգամանքներն են»։
Փաշինյանը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնազրկման մասին որոշումից հետո երեկ գրառում է կատարել․«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
Նորություններ
