Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ. Բաբայան
«Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Արշակ սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի մեջ»,-այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Փաստաբանը սոցիալական ցանցում գրել է․ «Դե իհարկե, սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»։
Արշակ Սրբազանը նախորդ տարի, դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամիս ժամկետով։
Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից կալանավորվել է Քննչական կոմիտեում իրեն վերագրվող մեկ այլ՝ տեսանյութերի գործի շրջանակներում հարցաքննության ավարտից հետո: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Փաստաբան Արսեն Բաբայանն այս առնչությամբ հայտնել էր, որ քննվող վարույթն անհիմն է, ու որևէ կապ չունի իրավաբանության հետ․«Վերագրվող մեղադրանքները, թե ուսապարկում թմրանյութ է եղել, պարզապես հիմնված են ենթադրությունների վրա»:
