ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին․ նպատակ ունեն պահպանել արդեն իսկ առկա դաշինքն՝ ներգրավելով այլ ուժերի
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնել է, որ ընտրություններին կմասնացեն դաշինքային ձևաչափով, ՀՅԴ Գերագույն մարմինը սկսելու է ակտիվ բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ։ Իսկ թե որ ուժերի հետ են բանակցելու, Սաղաթելյանը փակագծերը չբացեց, միայն ասաց, որ նպատակ ունեն պահպանել արդեն իսկ առկա դաշինքը (ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինք, որով էլ 2021-ի ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցել է)՝ ընդլայնելով ու ներգրավելով այլ ուժերի։
Իշխանություններին հեռացնելու համար, ինչպես նշել է Սաղաթելյանը, պատրաստ են համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ։
ՀՅԴ-ի համար սա սովորական, հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ, ըստ կուսակցության ներկայացուցչի, այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը․« Մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»։,
