Տարբեր միջոցառումների քողի տակ կազմակերպվում են հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը դառնում են արտաքին միջամտության առավել լայն սխեմայի մաս․ ՀՀ ԱՀԾ | Region

Տարբեր միջոցառումների քողի տակ կազմակերպվում են հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը դառնում են արտաքին միջամտության առավել լայն սխեմայի մաս․ ՀՀ ԱՀԾ

Հունվար 20,2026 15:15

Նախընտրական շրջանում արտաքին դերակատարների կողմից տեղեկատվական վնասարար գործողությունները (կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ) դրսևորվում են մեր հանրությանը կեղծ ու խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու ձևով՝ նպատակ ունենալով ուղղորդել առաջիկա ընտրություններում ընտրողների կամաարտահայտումը։ Գործի է դրվում ինչպես տեսանելի քարոզչության, այնպես էլ քողարկված տեղեկատվական գործողությունների համադրություն։ Այս մասին նշված է է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած Հայաստանի  արտաքին ռիսկերը 2026թ․ տարեկան զեկույցում։

Ծառայության գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու, ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու միտումը, որի դրսևորումն արձանագրվել է 2025 թվականին։

Ըստ ծառայության՝ մեկ այլ կրկնվող մեթոդ, հավանաբար, կմնա նոր հարթակների ստեղծումը ապատեղեկատվության հրապարակման և հետագա տարածման համար։

«2025 թվականին արձանագրել ենք այդ թվում իրական հեղինակների և կայքէջերի նմանակող նոր ռեսուրսների օգտագործման դեպքեր, որոնք մեծ հավանականությամբ ստեղծվել են բացառապես կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով։ Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումն իրական տեղեկությունների հետ, ինչպես նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական և մեծ լսարան ունեցող առցանց հարթակների և անձանց միջոցով»,-նշում է ծառայությունը։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցի «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժնում նշվում է, որ «2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)»։

Ըստ ծառայության վերլուծության՝ «ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։ Իրականացվում են երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքները, հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող գործողություններ՝ հաջորդիվ նրանց արտաքին դերակատարների նպատակներին ծառայեցնելու նպատակով»։

Զեկույցում նշվում է, որ հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի։

«Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»,-նշվում է զեկույցում։

ՀՀ արտաքին հետախուզական ծառայության «Ռազմաքաղաքական ռսկեր»-ի վերլուծությանը ծանոթացեք այստեղ

Լուսանկարը՝ ԱԲ

Նորություններ