Նոր օրենքը պահանջում է քաղաքական չեզոքություն, նպատակն է պատիժ սահմանել, եթե դիտորդը կամ առաքելությունը խախտել է օրենքը․ Վարդինե Գրիգորյան | Region

Նոր օրենքը պահանջում է քաղաքական չեզոքություն, նպատակն է պատիժ սահմանել, եթե դիտորդը կամ առաքելությունը խախտել է օրենքը․ Վարդինե Գրիգորյան

Հունվար 23,2026 22:16

Այսօր ԱԺ արտահերթ նիստում բավականին բուռն անցավ «Ընտրական  օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց։

Ընդդիմությունը հայտարարում է, որ սա «իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է»։

Այս փոփոխությամբ, ըստ էության, դիտորդական առաքելությունների առջև պահանջ է դրվում՝ ֆինանսական թափանցիկություն ու քաղաքական չեզոքություն։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեաայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը, որը նաև դիտորդական առաքելության մեծ փորձ ունի, RegionsTV-ի հետ զրույցում ասում է՝ քանի որ «Ընտրական օրենսգիրքն» ամեն դեպքում արդեն իսկ  սահմանում էր, որ դիտորդական առաքելությունը պետք է իրականացվեր չեզոք կերպով, կարող է ասել, որ նախագծով սահմանված կարգավորումներով հնարավորություն է տալիս  դրանք գործնականում կիրառել։

Ինչպես բացատրում է Վարդինե Գրիգորյանը, նոր ընդունված նախագիծը նպատակ ունի համապատասխան պատիժ սահմանել, եթե դիտորդական առաքելություն իրականացնելիս դիտորդը կամ առաքելությունը խախտել է օրենքը։

«Հրապարակային և այլ տարբեր հայտարարություններում պետք է պահպանվի քաղաքական չեզոքությունը։ Փաստացի օրենսգիրքը մինչև այս պահը չուներ այն հնարավորությունը, որ խախտման դեպքում արդեն գրանցված դիտորդների և դիտորդական առաքելությունների գրանցումը ճանաչվեր անվավեր։ Նոր նախագիծը ավելի շատ կարգավորման կիրառման հնարավորություն է տալիս։ Մյուս կողմից՝ նախագծում կարևորվում է թափանցիկությունը, քանի որ ֆինանսական աղբյուրը թաքցնելը շատ մեծ խնդիր է․ դա արդեն նշանակում է, որ դրա տակ կարող են ոչ ազնիվ մտքեր լինել»,-նշում է Գրիգորյանը։

Արդյոք այս փոփոխությունների համար հիմք էին նաև վերջին ՏԻՄ ընտրությունները, երբ այս կամ քաղաքական ուժի հետ սերտ կապ ունեցող դիտորդական առաքելություններ էին այդ ընտրություններում ակտիվացել, այս հարցին ի պատասխան Գրիգորյանն ասաց՝ այդ դիտորդական առաքելությունների մասին բազմիցս է խոսվել, նույնիսկ մինչև ՏԻՄ ընտրությունները, պարզապես որոշակիորեն փոխվել էր նրանց գործառույթը․«Եթե նախկինում այդ կեղծ դիտորդական առաքելությունները իրենց գործառույթը ծավալում էին ավելի շատ որպես լրացուցիչ վստահված անձ, ապա այժմ վերջիններս իրականացնում են բացահայտ քարոզչություն, ու ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականները շատ են տարբերվում իրական Ընտրական օրենսգրքի կարգավորումներից»։

Ընդդիմությունը պնդում է, թե այս փոփոխությունները նպատակ ունեն ավելացնել իշխանության վերահսկողությունն արդեն գործող դիտորդների ու առաքելությունների նկատմամբ, վտանգելով դրանց անկախությունն ու կողմնակալությունը։ Այս առնչությամբ էլ Գրիգորյանն ասում է՝խնդիրն ընդհանրապես վերահսկողություն սահմանելը չէ․«Ընտրությունների վերահսկողության տարբեր միավորներ կան։ Նույն ընդդիմությունը, իր առաջադրման դեպքում, իր կողմից նշանակված հանձնաժողովականների միջոցով կարող է տեղամասերում վերահսկողություն սահմանել։ Ոչ ոք, որևէ կերպ այդ գործառույթը իրենից չի վերցնում, և իրեն չի զրկում իր գործիքակազմից։ Մենք միջամտության մասին կարող էինք խոսել, եթե դժվարեցվեր դիտորդական առաքելությունների գրանցումը, կամ սահմանվեին այնպիսի կարգավորումներ, որոնք հստակորեն ուղղված կլինեին դիտորդների մուտքի արգելքին»։

Ըստ Վարդինե Գրիգորյանի, մյուս կողմից ընդդիմության նման արձագանքը սպասելի էր, քանի որ այս դեպքում խոսքը այնպիսի կառույցների մասին է, որոնք շատ ուղղակի ու բաց կերպով հայտարարում են, որ աջակցում են ընդդիմությանը, ակնհայտ է քաղաքական նպատակահարմարությունը․«Միաժամանակ ենթադրում եմ, որ դժգոհության պատճառ կարող է լինել այն, որ նախագիծը չի քննարկվել իրենց կողմից  «հաճելի» կազմակերպությունների հետ։ Իսկ ընդհանրապես, դժվար է հիշել մի նախագիծ, որը նրանք կգովեն, այնպես որ այստեղ յուրահատուկ վարքի փոփոխություն չկա»։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ