«Ե´վ ժամանակային, և´ անվտանգային առումով ամերիկյան մոդուլային ատոմակայանները շատ ավելի բարձր դասի են, քան մենք ունենք այսօր»․ Մեսրոպ Մեսրոպյան | Region

«Ե´վ ժամանակային, և´ անվտանգային առումով ամերիկյան մոդուլային ատոմակայանները շատ ավելի բարձր դասի են, քան մենք ունենք այսօր»․ Մեսրոպ Մեսրոպյան

Փետրվար 16,2026 20:38

«Այս պահին, առնվազն աշխարհի 15 պետություններում 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի: Դրանք գտնվում են նախագծման ու սերտիֆիկացման փուլում, ճիշտ այն փուլում, որում մեզ մոտ կառուցվող մոդուլային ատոմակայանն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրային ծառայությունները լարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Ըստ նրա՝ ամերիկյան մոդուլային ատոմակայանը ունի մի շարք առավելություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այդ կայանի տեսակը Հայաստանի համար․«Առաջինն այն է, որ ինքը պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով է աշխատելու, վթարային իրավիճակներում մարդու միջամտության կարիք չի լինելու սառեցման համար: Երկրորդը՝ մոդուլային այս տիպի ատոմակայանների հիմնական բաղկացուցիչ սարքավորումներն ու մասերը 80-90 տոկոսով արտադրվելու են արտադրվող գործարաններում: Միայն տեղափոխվելու են տեղակայման տարածք, ու հավաքվելու են «լեգոյի» սկզբունքով: Սրանք շատ ավելի բարձր դասի ատոմակայաններ են, քան մենք այսօր ունենք՝ և´ ժամանակային, և´ անվտանգային առումով»։

Անդրադառնալով ՀԷՑ-ին և պատասխանելով հարցին՝ արդյոք պետությունը պատրաստվում է գերակա շահի հիմքով վերցնել ՀԷՑ-ի սեփականության իրավունքը, Մեսրոպյանը պատասխանեց.«Այս փուլում, երբ մենք դադարեցրել ենք ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան, հաջորդ քայլով՝ երեքամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականանտերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի, և դրա շրջանակներում գին առաջարկի նախկին սեփականատերերին: Եթե գան համաձայնության, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը, իսկ եթե չի լինի համաձայնություն, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով կշարունակվի ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը»:

Նա նաև վստահեցրեց, որ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում․«Այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ նման որևէ նշան չեմ տեսնում»։

Մեսրոպյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան էներգետիկ համակարգերի հնարավոր միացումը ընդունելի է.«Տարիներ շարունակ մենք դժգոհում էինք շրջափակումից, հիմա կարծես թե սկսել ենք դժգոհել ապաշրջափակումից: Ենթակառուցվածքները պետք է աշխատեն, դրանք ապագայում լայն հնարավորություններ են տալու առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար: Եվ վերջապես, դա հնարավորություն է ստեղծում երկու էներգահամակարգերի միասին աշխատելու, ավելի ճկուն լինելու, ու ինժիներական առումով կառավարումը ավելի հեշտացնելու համար: Կարևոր հանգամանք է նաև տնտեսական շահը: Հիմա, ցերեկային ժամերին մենք ունենում ենք արևային էներգիայի ավելցուկ, ու չգիտենք, թե ինչ անել դրա հետ: Հիմա, եթե հնարավորություն կա այդ էներգիան նաև ուրիշ երկիր իրացնել, ապա ինչու չիրացնել»:

Անդրադառնալով ջրամատակարարման ոլորտին, մասնավորապես քաղաքացիենրի դժգոհություններին, ու հարցին՝ արդյոք «Վեոլիա ջուր»-ն էլ մի օր ՀԷՑ-ի ճակատագրին կարժանանա,․ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ եթե ապագայում «Վեոլիա Ջուր» ընկերությունում նույնպես ստեղծվի օրհասական իրավիճակ, և համակարգի վրա վտանգ կախվի, հանձնաժողովը կդիմեի արմատական քայլերի։

Մեսրոպյանն ասաց, որ թեև հասկանում է ջրամատակարարման ընդհատումների խնդիրը, բայց սա այն հարցը չէ, որը կարելի է լուծել կառավարչի փոփոխությամբ կամ ակնթարթային որոշումների ընդունմամբ․««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելը ինքնանպատակ չի եղել։ «Վեոլիա ջուր» ընկերությանը մենք 2025 թվականին տուգանել ենք 10 մլն դրամով։ «Վեոլիա ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների խնդիրները խիստ տարբերվում են միմյանցից։ «Վեոլիա ջուր» ընկերությունում առկա խնդիրների լուծման հարցում մեծ դեր ունի նաև պետությունը, որը երկար տարիներ տարբեր պատճառներով չի լուծել այդ խնդիրը։ Ի տարբերություն «Վեոլիա ջրի»՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պարագայում ներդրումները պետք է իրականացներ սեփականատերը։ «Վեոլիա ջրի» դեպքում ներդրումների հիմնական պարտավորությունները վերապահված են պետությանը»։

Նիկոլ Մարգարյան

 

 

 

 

Նորություններ