Ջարեդ Գենսերը կոչ է անում Թրամփին կատարել խոստումը՝ «Ալիևից ստանալ 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակումը»
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
Նա X-ում գրել է․«Բաքվի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է։ Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, որոնցից շուրջ 120,000-ը դարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտումների արշավի զոհը և այդ տարածաշրջանից բռնի տեղահանվեցին Հայաստան։
Բուն դատավարությունը լիակատար կեղծ էր, քանի որ քաղաքացիական անձանց զինվորական դատարանի կողմից դատելն անօրինական է։ Այն նաև անցկացվել է գաղտնիության պայմաններում՝ պատշաճ իրավական ընթացակարգերի անթիվ խախտումներով, ինչպիսիք են՝ փաստաբանի հետ կապի բազմակի մերժումները և դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների անտեսումը, որոնք, ըստ ադրբեջանական օրենսդրության, պետք է քննվեին ներկայացվելուց հետո մի քանի օրվա ընթացքում։
Ավելին, դատարանին ներկայացված «վկաների» այսպես կոչված ողջ «ապացույցները» անօրինական էին և չէին կարող ընդունվել որպես հիմք, քանի որ հիմնված էին բացառապես լսողության (hearsay) վրա։ Յուրաքանչյուր վկա պնդում էր, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները վնասվել են հայկական բանակի կամ այլ զինված խմբավորումների հարձակումների ժամանակ, սակայն այն բոլոր «ապացույցները», թե իբր Ռուբենը կապ ունի կամ պատասխանատու է այդ հարձակումների համար, սահմանափակվում էին նրանով, որ նրանք ադրբեջանական պետական լրատվամիջոցներից էին լսել այդ մասին։ Դա բացարձակապես ոչինչ չի ապացուցում։
Ուստի, Ռուբենի դատավճիռն ու պատիժը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները, և բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Ես հորդորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հետամուտ լինել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային խոստմանը և նախագահ Ալիևից ստանալ նրանց բոլորի ազատ արձակումը, որպեսզի նրանք կարողանան ապահով վերադառնալ Հայաստան»։
