ԱՄՆ-Իրան բանակցություններ. փոխզիջո՞ւմ, թե՞ պատերազմի նախաշեմ. իրանագետի վերլուծությունը | Region

ԱՄՆ-Իրան բանակցություններ. փոխզիջո՞ւմ, թե՞ պատերազմի նախաշեմ. իրանագետի վերլուծությունը

Փետրվար 19,2026 21:20

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և Իրանի վերջին բանակցություններում էական առաջընթաց չի եղել և կողմերը չեն կարողացել հասնել լավ արդյունքի, իրանագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ այդ բանակցությունները վերջնականապես չեն ձախողվել: RegionsTV-ի հետ զրույցում, վերլուծելով փետրվարի 17-ին կայացած բանակցությունները, իրանագետն ասաց․ «Օմանում փետրվարի 6-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակից ի վեր բանակցություններն ընթանում էին սկզբունքային մակարդակում: Սակայն այժմ քննարկումը կենտրոնացած է երկու կոնկրետ ոլորտների վրա՝ պատժամիջոցների փուլային կամ փաթեթային չեղարկում և ուրանի հարստացման սառեցում: Կողմերի միջև առկա է անվստահություն, բայց կա նաև շահագրգռվածություն հակամարտության լուծման հարցում: Քանի որ և՛ Իրանը, և՛ ԱՄՆ-ն, դատելով իրենց հայտարարություններից, շատ են ցանկանում հասնել վերջնական արդյունքի, սակայն, որպեսզի իրանական միջուկային ծրագիրը հանգուցալուծվի, դեռևս պետք է քննարկվեն բազմաթիվ մանրամասներ: Հետևաբար, ես չեմ բացառում, որ բոլոր դիվանագիտական հնարավորությունները լիովին սպառված չեն, կլինեն ևս բանակցություններ: Ժամանակը ցույց կտա՝ կկարողանա՞ն արդյոք կողմերը գտնել շփման եզրեր և կանխել էսկալացիան, թե՞ տարաձայնությունները կհանգեցնեն երկխոսության լիակատար տապալմանը»։

Հիշեցնենք, որ Ժնևում՝ Օմանի գլխավոր հյուպատոսությունում կայացած ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նպատակը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վաղեմի վեճի կարգավորումն է և հնարավոր պատերազմի կանխումը: Երկու կողմերն էլ հայտարարել են ձեռք բերված որոշակի առաջընթացի մասին և պայմանավորվել շարունակել բանակցությունները: ԱՄՆ-ն Իրանից պահանջում է լիովին հրաժարվել իր միջուկային ծրագրից, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել բալիստիկ հրթիռների հեռահարությունը, դադարեցնել պրոքսի խմբավորումների աջակցությունը և ներքին բողոքի ցույցերի ճնշումը: Սակայն Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի սահմանափակումները միայն պատժամիջոցների չեղարկման դիմաց, իր հրթիռային ծրագիրը քննարկման ենթակա չէ, և ինքը չի հրաժարվի ուրանի հարստացումից:

Փետրվարի 17-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին մերժեց Իրանին ուղղված ԱՄՆ պահանջները՝ դադարեցնել ուրանի հարստացումը և սահմանափակել բալիստիկ հրթիռների ծրագիրը: Նա հայտարարեց, որ Իրանը միջուկային արդյունաբերության իրավունք ունի՝ նկատի ունենալով Իրանի միջուկային ծրագիրը և ուրանի հարստացման հնարավորությունները, իսկ Իրանի բալիստիկ հրթիռները համարեց զսպման զենք: Ալի Խամենեին նաև կոչ արեց ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները Իրանի հասցեին և զերծ մնալ երկրի շուրջ ռազմական հզորության կուտակումից: Նա զգուշացրեց, որ «ցանկացած ռազմական նավից ավելի վտանգավոր է այն զենքը, որն ի զորու է խորտակել այդ նավը»:

Բանակցությունների ֆոնին իրանցի զինվորականները ժամանակավորապես փակել են Հորմուզի նեղուցը: Փետրվարի 17-ին Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի ժամանակավոր փակման մասին՝ մարտական հրաձգությամբ զորավարժություններ անցկացնելու նպատակով, ինչը ուժի հազվադեպ ցուցադրություն էր:

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ և հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կվերադառնան մանրամասն առաջարկներով՝ իրենց դիրքորոշումներում առկա որոշ չլուծված հարցերի վերացման վերաբերյալ: Նա ընդգծեց Թեհրանի նպատակաուղղվածությունը՝ մշակելու շրջանակային փաստաթուղթ Վաշինգտոնի հետ հետագա բանակցություններն առաջ մղելու համար, որը կարող է հիմք հանդիսանալ հնարավոր պայմանավորվածության համար: Ակնկալվում է, որ բանակցությունների երրորդ փուլը կսկսվի երկու շաբաթվա ընթացքում՝ մարտի սկզբին:

Իր հերթին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բանակցությունները մի շարք առումներով լավ են անցել, սակայն Իրանը մերժել է «կարմիր գծերի» մեծ մասը, որոնք ամերիկացիները գծել էին նրա համար: Թեհրանը դեռ պատրաստ չէ ճանաչել Սպիտակ տան կողմից մատնանշված մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթը հայտարարել է, որ բոլոր տարբերակները մնում են բաց: «Թեև դիվանագիտությունը Թրամփի համար միշտ առաջնահերթ տարբերակ է, ռազմական գործողությունները նույնպես մնում են հնարավոր տարբերակ: Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ և փաստարկներ՝ հօգուտ Իրանին հարված հասցնելուն»,– ասել է նա։

CNN-ը գրել է, որ Սպիտակ տունը շարունակում է ակտիվորեն քննարկել հարված հասցնելու հնարավորությունը՝ կշռադատելով էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև քաղաքական ու ռազմական հետևանքները: Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները. «ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել առաջիկա հանգստյան օրերին՝ փետրվարի 21-22-ին»:

Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյանի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմական հակամարտության հավանականությունը դեռ պահպանվում է:

Նա հիշեղնում է, որ Թրամփը բազմիցս է սպառնացել ուժ կիրառել Թեհրանի նկատմամբ․«Մինչ Իրանի հետ բանակցությունները շարունակվում էին, ԱՄՆ-ն շարունակում էր զգալիորեն ավելացնել իր ռազմաօդային և ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում՝ տեղափոխելով ռմբակոծիչներ, ավիակիրներ, F-22, F-35 և F-16 ռեակտիվ կործանիչներ: Նաև ԱՄՆ-ն քննարկում էր միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու և նույնիսկ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ուժային գործողությունների տարբերակներ: Սա դասական տակտիկա է՝ հակամարտության էսկալացիայի համար պայմանների ստեղծում՝ բանակցային դիրքերն ամրապնդելու նպատակով:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տարածաշրջան տեղափոխված Միացյալ Նահանգների ուժերի քանակը կհերիքի Իսրայելի ռազմաօդային ուժերի հետ միասին մի քանի շաբաթ տևողությամբ խոշոր գործողություն իրականացնելու համար ընդդեմ Իրանի»:

Արմեն Վարդանյանը նշեց, որ ԱՄՆ-ն Իսրայելին տեղյակ է պահում բանակցություններից, տեղեկացնում դրանց ընթացքի մասին: Իրանագետի կարծիքով՝ ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին Իսրայել այցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը նրան կտրամադրի թարմացված տեղեկատվություն Իրանի հետ բանակցությունների մասին․« Իսրայելը ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքն անհնար է համարում: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ռմբակոծեց Իրանի միջուկային օբյեկտները, չի բացառվում, որ այս սցենարը կշարունակվի: Վերջին շրջանում հաճախ են ասում, որ Իսրայելը, Իրանի վրա հնարավոր համատեղ ամերիկա-իսրայելական հարձակման աճող նշանների ֆոնին, բարձրացրել է մարտական պատրաստվածության մակարդակը: Առաջիկայում տարածաշրջանում հնարավոր է էսկալացիա»:

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե իրականացվի համատեղ գործողություն, դա կարող է հրահրել ավելի լայն տարածաշրջանային էսկալացիա՝ Մերձավոր Արևելքի այլ երկրների ներգրավմամբ: Փորձագետը նշեց, որ մուսուլմանական աշխարհում փետրվարի 19-ից սկսվում է Ռամադան տոնը․« Սաուդյան Արաբիան, Քաթարը և Միացյալ Արաբական Էմիրությունները դիմել են ԱՄՆ նախագահին՝ խնդրելով այդ ժամանակահատվածում զերծ մնալ ռազմական գործողություններից: Հնարավոր է՝ այս խնդրանքը հասնի Թրամփին: Ամեն ինչ հնարավոր է, ներառյալ էսկալացիան Մերձավոր Արևելքում»:

Միևնույն ժամանակ, լարվածության կտրուկ սրման ֆոնին Իրանը հայտարարեց Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության մասին, որը նախատեսված է փետրվարի 19-ին Օմանի ծովի ջրատարածքում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Իրանական գործակալությունները հայտնում են, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նաև սկսել են «Ծովային անվտանգության գոտի-2026» համատեղ ռազմածովային զորավարժությունները:

Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Հորմուզի նեղուցում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների նպատակը ծովային ուղիների անվտանգության ամրապնդումն է, ինչպես նաև ուժի ցուցադրությունը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալիքների․«Այսօր տարածաշրջանը գտնվում է խոշոր հակամարտության եզրին»:

Տարածաշրջանային էսկալացիան, որի մասին զգուշացնում է Արմեն Վարդանյանը, կարող է անկանխատեսելի շրջադարձեր ստանալ: Տարածաշրջանի այլ երկրների ներգրավումը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահերն ու դաշինքները, կարող է լոկալ հակամարտությունը վերածել լայնամասշտաբ պատերազմի:

Զաբելա Ավագյան

 

 

Նորություններ