«Ռմբակոծեցին բանակցությունների սեղանը»․Հայաստանում Իրանի դեսպան | Region

«Ռմբակոծեցին բանակցությունների սեղանը»․Հայաստանում Իրանի դեսպան

Մարտ 02,2026 18:53

«ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանը նրանց ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկները, մի պայմաններում, երբ ԻԻՀ-ը դրսևորում էր առավելագույն բարի կամքը այս բանակցությունների արդյունքում հաջողություն գրանցելու ուղղությամբ: Բանակցությունների այդ վերջին փուլում պայմանավորվեցինք, որ իրենք կուսումնասիրեն առաջարկները և մենք կստանանք իրենց արձագանքը։ Նորից կարող ենք ասել, որ բանակցությունների սեղանը ռմբակոծեցին»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրանում ընթացող պատերազմին ու դրան նախորդող շրջանում տեղի ունեցած բանակցություններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ հրթիռային ու օդային հարվածներ հասցնելով նրանց ռազմաարդյունաբերական և ցամաքային ենթակառուցվածքների վրա:

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Դեսպանն անդրադանալով Խամենեի սպանությանն, ասաց․ «Նա իրապես մի բացառիկ կերպար էր, բացառիկ մի անձնավորություն Իրանի ժամանակակից պատմության մեջ, ով իսկապես սիրում էր Իրանը, և այս սուրբ գործի ճանապարհին զոհվեց ինչպս մի քաջարի տղամարդ: Վստահ եմ, այստեղ բոլորդ էլ գիտեք, որ նա շատ դրական վեաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանում բնակվող հայկական համայնքի նկատմամբ: Իրանի հոգևոր առաջնորդից բազմաթիվ մեջբերումներ և հայտնի խոսքեր են մնացել՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու նրա ինքնիշխանությանը: Կարող ենք վստահորեն ասել, որ հայ ժողովեւրդը մշտապես վայելում էր ԻԻՀ-ի հոգևոր առաջնորդի աջակցող դիրքորոշումը»:

Դեսպան Շիրղոլամին առանձնացրեց Մինաբի օրիորդաց դպրոցին հասցրած հարվածները, ինչի հետևանքով, ինչպես նշեց դեսպանը՝ 153 աղջիկ աշակերտներ են զոհվել, ասաց, որ «դա մի անջնջելի, շատ ամոթալի, և ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ:

«Այս երեխաները անմեղ հրեշտակների պես ենթարկվեցին նմանօրինակ արդարացում չունեցող հարձակման, և մեր ամբողջ ժողովուրդը այս պահին զգում է այս դառը իրադարձության վիշտը»,-ասաց դեսպանը։

Նա վստահեցրեց, որ Իրանի տարածքի վրա կատարված ցանկացած հարձակում համարժեք պատասխան է ստանալու.«Այս ագրեսիայի առաջին իսկ օրերից սկսած Իրանը պատասխան հակահարվածներ է հասցրել։ Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա, որը կօգտագործվի մեր դեմ, լինի դա ճանաչողական բնույթի, թե՛ ռադարների, կդառնան մեր հակահարվածի թիրախը: Այս ագրեսիայի շրջանակներում Իրանը ունի լեգիտիմ իրավունք համապատասխան պատասխան քայլեր ձեռնարկելու։ Մենք իրապես չգիտենք, թե այս ագրեսիան ինչքան կտևի, սակայն Իրանը և Իրանի ժողովուրդը պատրաստ են իրացնել իրենց օրինական պաշտպանության իրավունքը, որը նրանց տրվել է ՄԱԿ-ի 51-րդ կոնվենցիայի շրջանակներում»:

Դեսպանի խոսքով՝ Իրանին պարտադրված այս ագրեսիայի նկատմամբ խիստ վճռական դիրքորոշում պետք է հայտնի միջազգային հանրությունը, կանգնելով այս իրավիճակում «զոհի» կողքին․«Մենք, ինքներս կարող ենք կազմակերպել մեր պաշտպանությունը, և կարիք չունենք, որ որևէ մեկը գա, ու պատերազմի մեզ համար, բայց ամեն դեպքում, այս իրավիճակում մեր գործընկերների աջակցությունը շատ կարևոր է»:

Հարցին՝ Իրանին չի՞ անհանգստացնում այն փաստը, որ իրենց թշնամու տեսանկյունից կսկսեն դիտարկել այն երկրները, որտեղ տեղակայված ռազմաբազաները թիրախավորվել են իրենց կողմից, նա պատասխանեց.«Սա պատերազմ է, որը մեզ պարտադրվել է: Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքներում տեղակայված ռազմաբազաները տարբեր ձևերով օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում, իսկ մենք պարզապես նստենք, ու նայենք: Այդ երկրներում տեղակայված ռազմաբազաների օգտագործումը կամ տեղի է ունեցել նրանց թույլտվությամբ, ինչը արդեն իսկ թշնամական վերաբերմունք է Իրանի նկատմամբ, կամ էլ գործողությունները համաձայնեցված չեն եղել այդ երկրների իշխանությունների հետ: Այս դեպքում էլ մենք գործ ունենք մի իրադարձության հետ, որ այդ տարածքները փաստացի չեն գտնվում այդ երկրների ինքնիշխանության ներքո, և դիտարվում են որպես ԱՄՆ տարածքներ: Բոլոր այն ուժերը, որոնք այս հարցում համագործակցում են ԱՄՆ-ի հետ, մենք իրեց դեմ գործողություններում որևէ «կարմիր գիծ» չունենք»:

Դեսպանը նշեց, որ այս պատերազմը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը. «Այսպես շարունակվելու դեպքում տարածաշրջանում գտնվող երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ: Նրանք, ովքեր մեր նկատմամբ իրականացրին այս գործողությունները, անխատասխանատու կերպով վտանգեցին թե´ միջազգային, թե´ տարածաշրջանային խաղաղությունը: Մեզ համար չափազանց կարևոր է մեր բարեկամ Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է մեզ համար: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը այս գործողությունների արդյունքում որևէ վնաս չկրի»:

Նա դժգոհություն հայտնեց միջազգային արձագանքից, ասաց․«Օրենքից ու մարդու իրավունքների պաշտպանություննից խոսող երկրներից շատերը այս ագրեսիայի ժամանակ լիարժեք լռություն պահպանեցին: Նույնիսկ եվրոպական այն երկրները, ովքեր արդեն հոգնել են Թրամփի այս օրինասանձ վարվելակերպից, ուղղակի դիտորդի դերում էին: Նրանցից ոմանք, անգամ թաքուն կերպով աջակցում են այս ոչ օրինական գործողությանը»:

Անմիջապես հայ-իրանական շփման մասին խոսելով էլ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցը.

Դեսպանը նաև վստահեցրեց, որ պաշտոնական Թեհրանը հարգում է Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը, նշելով, որ այդ քաղաքականույունը դեռևս դիվերսիֆիկացիայի փուլում է, և այդ որոշումը երկրի ինքնիշխան որոշումն է։

Դեսպանը շեշտեց՝ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։

«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների հարցով կարող եմ ասել, որ այս պահին ամեն ինչ սահուն կերպով առաջ է գնում, դեռևս որևէ մարտահրավեր չենք ունեցել։ Հենց այսօր Կապանում Իրանի գլխավոր հիպատոսը, ով գտնվում էր սահմանին, մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների շարժը բնականոն կերպով տեղի է ունենում։ Իրանի ընկերությունները նաև ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում, և մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն»,-ասաց դեսպանը։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ