«Ժողովրդի մեծ մասը գիտակցում է, որ խորհրդարանական ընտրություններում սրա դեմը պետք է առնեն՝ թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի»․Օհանյան
«Վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ այդ բառապաշարով խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը, և հենց նա է առաջինը խոսել քաղաքակրթությունից, բարեկրթությունից և հենց նա է խախտել նրա այդ երդումը»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությանը՝ «Ես չեմ կարող հավատալ, հազար ներողություն, եթե հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկել»։
Սեյրան Օհանյանն ասաց․«Ես գտնում եմ, որ երկրի ղեկավարը պետք է զերծ մնա այդ ամեն ինչից և բացառի նման խոսույթը, սակայն մեր երկրի ղեկավարը հակառակն է անում և ապացուցում, որ Հայաստանը իր նորագույն պատմության մեջ չի ունեցել իշխանություն, որն օգտագործել է նման բառապաշար»։
Ինչ վերաբերվում է ընտրություններին, Օհանյանն ասաց, որ այս ընտրություններում ձևավորված է երկու ճակատ՝ իշխանություն և ընդդիմություն․«Ընդդիմության ճակատում կան մի քանի դաշինքներ։ Երբ մենք վերլուծում ենք, սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այս իշխանությունների ռեյտինգը իջել է և իջնում է իր իսկ խոսույթի պատճառով։ Այսօրվա իշխանությունների վերարտադրությունը չպետք է թույլ տալ և հետագայում նրա հետ չպետք է կոալիցիա կազմել։ Կարծում եմ, որ հաջողություններ լինելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմության կողմից լինեն հաջողություններ»։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում չընդգրկվելու մասին իր որոշմանն, Օհանյանն ասաց․ «Այսօր քաղաքական դաշտում նոր ձևավորվող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը իր մեջ պարունակում է ոչ միայն նախկին ղեկավարի, անհատների աջակից ուժերը, այլ նաև նոր կուսակցություն։ Որոշումը իմն է եղել, որ չմասնակցեմ և չլինեմ ցուցակում բայց քանի, որ դաշինքի մեջ պետք է լինի որոշակի թարմացում, և ես ինձ տեսնում եմ դաշինքի կազմում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության և « ԱՌԱՋ» կուսակցության հետ միասին պայքարը շարունակելու եմ։ Ընդդիմադիր դաշտի հաջողությունները նաև մեր հաջողություններն են լինելու»։
Նա նաև ասաց, որ կառավարության ծրագրի զեկույցը հակասում է կառավարության 2021-2026 թվականների ծրագրին․«Այս իշխանությունները Արցախի ինքնորոշման, հետագայում նաեւ դեօկուպացիայի կողմնակիցներ էին, բայց արել են ուղիղ հակառակը։ Այս իշխանությունները խաղաղության օրակարգով եկան իշխանության, բայց կատարեցին ուղիղ հակառակը՝ նրանք ուղղակի տապալեցին բանակցայի գործընթացը, երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ։ Եվ պատերազմի ընթացքում մենք ունեցանք պարտություններ, ոչ միայն Արցախում, այլ նաեւ ադրբեջանցիներն ավելի արագ հայտնվեցին մեր սահմանամերձ բնակավայրերում, զբաղեցրեցին մեր ռազմավարական դիրքերը, եւ դա այսօր հիմք է հանդիսանում, որ բանակցային գործընթացում իրենք ունենան առավելություններ։ Ոչինչ չարվեց Արցախի շրջափակումն ու հայաթափումը կանխելու համար»։
Ըստ նրա՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մեր առողջ, միասնական, երիտասարդ ու զարգացող մարմինն ուղղակի անդամահատված է, հաշմված, որովհետեւ մենք այսօր գործ ունենք հաշմված տրամաբանությամբ իշխանությունների հետ, որոնք բերել են մեր երկրի շարունակական անկման ու նսեմացման․«Կարելի է ասել՝ մեր ժողովրդի գիտակից մասը, մեծ մասը սա գիտակցում է, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սրա դեմը պետք է առնեն՝ թույլ չտալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2026 թվականին նորից վերարտադրվի և մեր երկիրը տանի շարունակական անկման։ Սա նաեւ ազգային արժանապատվության վերականգնման խնդիր է»։
Տիրուն Մարգարյան
