«Մենք ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում, ոչ ուղիղ, ոչ էլ բազմակողմ հարթակներում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ»․Միրզոյան
«Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսությունում, տնտեսական հարաբերություններում՝ ոչ ուղիղ, ոչ էլ բազմակողմ հարթակներում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլուր»,-այս մասին այսօր Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ արձագանքելով ՌԴ-ից հնչող կոշտ հայտարարություններին։
Նա նկատեց, որ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, և ՀՀ-ն տրամադրված է այդ խնդիրներն առողջ, կառուցողական, գործընկերային մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ։
«Կա հակվածություն վերագրել այս խնդիրները ինչ-որ Հայաստան-Ռուսաստան լարվածությանը, ինչ-որ պրոեվրոպական, պրոարևմտյան քաղաքականությանը, կամ ընտրությունների հետ են կապում։ Հիասթափեցնեմ այդպես մտածողներին։ Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ հայկական արտադրության խմիչքի, միրգ-բանջարեղենի կամ սննդամթերքի՝ ՌԴ-ում իրացման արգելք պարբերաբար լինում է, այդպես եղել է հինգ, տասը, տասնհինգ, քսան տարի առաջ էլ․«Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է առաջանում։ Այնպես չէ, որ հայկական արտադրության բոլոր տեսակի գինիների մուտքն է արգելված, կոնկրետ ընկերության մի տեսակի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ եք բացառում, որ այդ խնդիրները կարող են օբյեկտիվորեն լինեն։ Ի վերջո, տեսնում ենք ոչ բարեխիղճ աշխատանք նաև արտադրողների կողմից։ Չեմ ուզում ասել, որ անպայման դա է։ Բայց այնպես չէ, որ նախկինում չի եղել, և ահա հիմա ընտրապայքարի, ինչ-որ նարատիվների ֆոնին այսպիսի քայլի են դիմում ՌԴ իշխանությունները»։
Նա հիշեցրեց, որ իշխանությունը բազմիցս հայտարարել է՝ պետք է տնտեսական դիվերսիֆիկացիա՝ բազմազանություն ունենալ․«Որևէ երկրի համար շատ օգտակար է ունենալ բազմազան մատակարարման ու սպառման աղբյուրներ։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, բայց նաև՝ բիզնեսները։ Մենք պետք է ջանքեր գործադրենք նոր շուկաներ գտնելու համար»։
