Քարոզարշավի օրը․«բանտ ուղարկելու» սպառնալիք, «ավելցուկային ջրի արտահանման» խոստում ու «ժողովրդի զահլայի» արձանի տեղադրում
Այսօր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 20-րդ օրն էր։ Քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ, որոշները շարունակում են ավելի լավ կյանքի մասին խոստումներ տալ, ներկայացնել իրենց ծրագրերը, որոշներն էլ կրկին միմյանց վիրավորում են, մեկն իր քարոզարշավը փոխարինել է շոուով։ Ամփոփ ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը։
«Քաղաքացիական պայմանագիրը» Կոտայքի մարզում էր։ ՔՊ-ի վարչապետի թեկնածու ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարություններին։ Այսօր արդեն Կրեմլից սպառնացել են, որ «Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը»։
«ՀՀ ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմո՞ւմ, թե՞ ԵՄ-ում։ Էդ ես չեմ որոշելու։ Էդ հզորն է որոշելու՝ ՀՀ քաղաքացին։ Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում՝ թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում։ Ընդհակառակը, պետք է ՀՀ ժողովրդին առաջարկ անեն՝ մենք այս լավ բանը կանենք, բայց հակառակն են անում։ Լսեք, անտրամաբանական է ՀՀ-ին սպառնալ օրինակ՝ թանկ գնով, քանի որ թանկ գնով սպառնալիքին կա պատասխան․ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»,-այսօր քարոզարշավի ժամանակ ի պատասխան ՌԴ-ի հայտարարությունների, ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է․«Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»։ Վստահեցրել է, որ ՀՀ ժողովուրդն ունի այլընտրանք և ունենալու է այլընտրանք։
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև իր քաղաքական հակառակորդներից մեկին՝ «Ոժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նա ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասում է․«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը»։
Փաշինյանն ասել է՝ Կարապետանը պետք է գտնվի բանտում, հիմնարկում «որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»։
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը այսօր Դիլիջանում քարոզարշավի ընթացքում ծրագրերից է խոսել, ասել է, որ իրենք առաջարկում են Հայաստանում կառուցել ջրամբարներ, որոնք թույլ կտան կուտակել հալոցքային ջրերի այդ 7,4 միլիարդ խորանարդ մետրից առնվազն 5 միլիարդը։
«Դրանցից 3 միլիարդը մենք կտանք մեր ժողովրդին՝ լիարժեք օգտագործման համար, իսկ մնացած 2 միլիարդը կվաճառենք»,-ասել է Սարգսյանը։
Նա հաշվարկներ է ներկայացրել՝ «դեպի Իրան ավելցուկային ջրի արտահանումը՝ նույնիսկ մեկ խորանարդ մետրի դիմաց 50 ցենտով, մեկ միլիարդ դոլարի ուղղակի շահույթ կբերի պետությանը»։
«Եթե այդ միջոցներն ուղղվեն պաշտպանական ոլորտին, Հայաստանի ռազմական բյուջեն կհասնի երկու միլիարդ դոլարի, ինչը թույլ կտա արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը և մեր բանակի մարտական հնարավորություններն ամբողջությամբ հավասարեցնել ադրբեջանականի հետ»,-ասել է Սարգսյանը։
Նա վստահեցրել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը հայտնվելով խորհրդարանում՝ վերջ կդնի անպտուղ փոխադարձ վիրավորանքներին և արմատապես կփոխի խորհրդարանի աշխատանքային մշակույթը․«Մենք նրանց, ովքեր ամեն օր միմյանց դավաճանության մեջ են մեղադրում, կստիպենք հստակ «այո» կամ «ոչ» պատասխանել մեր օրինագծերին՝ դատարկ նախընտրական շաղակրատանքը փոխարինելով իրական աշխատանքով»։
Կուսակցությունը մտադիր է օրենքով ամրագրել յուրաքանչյուր հինգ տարին մեկ պարտադիր համաներում հայտարարելու դրույթը, ինչը թույլ կտա բեռնաթափել բանտերը և բացառել հաջորդող իշխանությունների կողմից քաղաքական ընտրողականությունը։
«Միասնության թևեր»-ից պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի Երևան այցին։ Նա ասել է, որ Մարկո Ռուբիոյի այցը վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում։ Նշել է, որ այցը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումն է։
« Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են առավելապես որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։ Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է»,-նշել է Անանյանը։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն այս անգամ էլ «զահլեն տանելու» ակցիա է իրականացրել։ Հայաստանի հանրային ռադիոընկերության դիմաց։ Այս ուժի ներկայացուցիչները «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձանն են այսօր տեղադրել Ռադիոտան մոտ։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ իրենց արձանի ծանրությունը ցույց է տալիս, թե գործող իշխանություններն ու ընդդիմությունը որքան են տարել ժողովրդի «զահլեն»։
«Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջին զահլեն, որ կտանեն։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,-ասել է Կարապետյանցը:
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ ՔՊ-ն խաղաղությունը դարձրել է իր հիմնական քարոզչական թեզը, քանի որ այլ բանի մասին խոսել չի կարող, ձախողել է բոլոր խոստումները։
Նա ասել է՝ ՔՊ-ն խաղաղության թեման առաջ մղելու նպատակով փորձում է ցույց տալ, թե իրենք խաղաղության մոնոպոլիստներն են, իսկ մնացածը «պատերազմ են բերում»։
«Սա անում է մի մարդ, որն անձամբ պատերազմ, զոհեր ու հսկայական դժբախտություն է բելեր ժողովրդին, և մեղադրում է այն առաջնորդին, որի օրոք եղել է արժանապատիվ խաղաղություն։ Աբսուրդ է»,-ասել է Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի, անհեթեթություն է, երբ Փաշինյանը համառորեն հրաժարվում է խաղաղության երաշխավորներից ու երաշխիքներից․ «Թող Փաշինյանը բացատրի, թե ինչով են իրեն խանգարում երաշխիքները։ Զրո պատասխան։ Ասում են, թե խաղաղությունը պետք է երաշխավորի Ադրբեջանը։ Թշնամի են հայտարարվել նաև հայկական ինքնությունը, պատմությունն ու եկեղեցին։ Այս մարդը գցել է ժողովրդին։ Ընկերների մասին արդեն գիտենք։ Բոլոր ուղղություններով գցել է հայ ժողովրդին։ Նա ոտքից գլուխ քաղաքական խաբեբա է։ Քարտեզն ամրացրել է կրծքին. չեմ զարմանա, եթե վաղը գլոբուսը գլխին դրած հայտնվի»։
Քոչարյանը անհեթեթ է համարել նաև Փաշինյանի այն հայտարարությունները, թե իշխանությունները «բանակը զրոյից են կառուցել»։
«Ժառանգեց մարտունակ բանակ ու քանդեց, հիմա դրա քանդման մեջ մեղադրում է բանակ ստեղծողներին»,-ասել է Քոչարյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Շիրակի մարզի բնակիչների հետ։
«Գյումրին մեր պետության ամենակոլորիտային քաղաքն է, անունը դրել են հայրաքաղաք, բայց այդ հայրաքաղաքի մասին ոչ ոք չի մտածել։ Զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը, 5 տարվա ընթացքում կտեսնեք լուրջ փոփոխություններ։ Առաջին հերթին՝ մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, վերացնելու ենք տնակները։ Նորակառույց ոչ մի շենք դեռ Գյումրիում չի կառուցվել»,- ասել է Կարապետյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ընտրակաշառքի մեղադրանքով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ դժգոհեց՝ քիչ մարդ է մասնակցում իրենց քարոզարշավին, քանի որ վախենում են մասնակցել, ճնշում են գործադրում մարդկանց վրա, վախեցնում, թե աշխատանքից կհանեն։
Նա նաև անդրադարձավ խաղաղությանը, կասկածի տակ դրեց, թե խաղաղություն է հաստատվել, նշեց՝ ադրբեջանցիք մտել են մեր հողերը, հետ չեն գնում, ինչի հետևանքով գյուղացին չի կարողանում իր հողը մշակի․«Ասում են խաղաղություն ենք բերել։ Թող Ալիևաի հետ պեչատած, ստորագրած թուղթը ցույց տան, որ էսօրվանից խաղաղություն է, ու ոչ մեկ իրար վրա չի կրակելու։ Ժողովուրդ ջան, սա բանավոր պայմանավորվածություն է»։
Ծառուկյանն այսօր էլ կրկնել է «300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում բնակվելու» թեզը։ Որքան էլ իշխանությունը սա հերքում է, ընդդիմադիրները գրեթե ամեն օր կրկնում են։ Ծառուկյանն այսօր փորձելով իր խոսքը որպես ճշմարտություն ներկայացնել, հիշեցրել է Ալիևի խոսքերը։
«Բացեք 2025 թվական, դեկտեմբեր, Ալիևի ասածը՝ այո, պետք է ադրբեջանցիները գան, բնակվեն։ Տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, այսինքնս զորքա բերելու դնի»,-ասել է Ծառուկյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Ծառուկյանը քննադատել է իշխանության քաղաքականությունը, նշելով, որ չի կարելի Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնել։ Հիշեցրել է, որ այսօր արդեն մի շարք ապրանքների արտահանումը ՌԴ արգելվում է, նշել է՝ ելակը, կոնյակը։ Ի դեպ, Ծառուկյանին պատկանող որոշ ընկերություններ զբաղվում են բանջարեղեին ու խմիչքների՝ ՌԴ արտահանմամբ։
Ի դեպ, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
«Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։ Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները»,- նշված է ԼՀԿ-ի հաղորդագրությունում։
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը սոցիալական ցանցում գրել է․«Հայկական ընտրություններին կոպտորեն միջամտում են Արևմուտքն ու Ռուսաստանը, Հայաստանը դարձնելով ազդեցության համար կռվադաշտ։ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու նպատակով Հայաստանին ներքաշում է այդ պատերազմի մեջ: Արևմտամետներն ու ռուսամետները պառակտում են մեր երկիրը: Մենք չեզոքություն կպահենք Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, երկիրը հեռու կպահենք պառակտումից և համագործակցություն կկառուցենք և´ Արևմուտքի, և´ Ռուսաստանի հետ»։
Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է աղմուկ հանած «Хроника Кавказ»а անունով կայքի հրապարակմանը, որում անդրադարձ կա նաև «Նոր ուժ»-ին։
«Միակ «փաստաթուղթը», որը դրված է հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երևում է՝ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, և էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։ Էսքիզների վրա երևում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել մայիսի 3-ին։ …Զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ, խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Այսօր Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ։ «Քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ, որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։
ՆԳՆ-ն էլ այսօր պարզաբանել է, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։
«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար»,- հայտնել է ՆԳՆ-ն։
