«Մարտունին կրակի տակ, մարդիկ՝ կրակի մեջ». արցախցի ընտանիքի կորուստների ու գոյատևման պատմությունը | Region

«Մարտունին կրակի տակ, մարդիկ՝ կրակի մեջ». արցախցի ընտանիքի կորուստների ու գոյատևման պատմությունը

Հունիս 10,2024 21:01

«Ես Մանուշակ Շաքարյանն եմ՝ մանկավարժ, ծնվել եմ 25․01․1985թ. գյուղ Ճարտարում, ԱՀ քաղաքացի եմ՝ առանց  փախստականի կարգավիճակի»։

Մանուշակը հիմա այս նախադասությամբ է  ծանոթանում մարդկանց հետ՝ ավելացնելով, որ մշտական բնակվել են Արցախի Մարտունի քաղաքում`Ազատամարտիկների փողոցի թիվ 5 բնակարանում։

Սա տան հասցե է՝ իրենց տան, որը չունեն արդեն, իսկ այնտեղ ընտանիքն ամբողջական էր։ Մանուշակի ամուսինը՝ Անդրանիկ Շաքարյանը, զոհվել է Ստեփանակերտի մոտակայքի «Հայկազովի» զորամասի բենզալցակայանի պայթունից։

Մանուշակն ու Անդրանիկը սկսել էին իրենց տունը վերանորոգել շրջափակման ժամանակ՝ հույս ունենալով, որ այն մի օր ավարտին կհասցնեն` չպատկերացնելով, որ մի օր կարող են չլինել այնտեղ։ Նրանք ընտանիքի հոգսը ինչ-որ չափով կարողացել են հոգալ շրջափակման ժամանակ, չնայած դժվարություններին, նրանք գտել էին ընտանեկան ուրախությունը պահպանելու ուղիներ, ինչպես օրինակ՝ ծննդյան տարեդարձի համար թղթի վրա կերակուրների անուններ գրելը, երբ իրականը չեն կարողացել թույլ տալ իրենց: «Նստում, նայում էինք, ուրախանում»,-ասում է ու ժպտում։

Վերջին ամիսներին բլոկադայի հետ կապված իրավիճակը սրվել է, թղթերի խաղն այլևս ժպիտներ չէր առաջացնում. ինչպես բոլորը, այդպես էլ նրանք կանգնել են օրվա հացի խնդրի առաջ, բայց ասում է, որ այդ ամենը տանելի էր: «Ինձ համար ամենադժվարը բլոկադայի ժամանակ հոգեկան ապրումներն էին, երբ վաղվա օրն անհայտ էր՝ ինչ կլինի: Անվտանգության հարցում հույսներս դրել էինք ռուս խաղաղապահների վրա, բայց դա էլ հոգեկան հանգստություն չէր տալիս»,- պատմում է` ձայնը կոկորդում կտրվելով։

«Սեպտեմբերի 19-նն էր, սովորական օր, երեխեքին առավոտը ուղարկեցի դպրոց, ամուսինս գնաց իր գործին, ես` վարսավիրանոց։ Ուժեղ ձայն լսվեց, ու արկը ընկավ Մարտունի քաղաքի վրա՝ մարզահամալիրի մոտ: Վարսավիրանոցում նկուղ չկար, ցածր դասարանի երեխաների դասերն ավարտվել էր, տուն էին գնում, դուրս եկա, բոլորին տարա կողքի նկուղը (մի 20 հոգի կլինեին), մտանք նկուղները, բայց էդ ընթացքում մի 3 ռումբ արդեն պայթել էր քաղաքի տարբեր մասերում, առաջին ռումբի պայթյունից մի հոգի մահացել էր, մենք էլ չգիտեինք՝ ինչ է կատարվում, ձայներից խուճապահար ամեն մեկը մի տեղ էր փախնում»,-շարունակում է Մանուշակը։

Հետոն շատ պատկերավոր է պատմում` արագ-արագ, թվում է ինչքան արագ խոսի, այդքան արագ ժամանակը կանցնի, ու ականջների մեջ չի լսի պայթյունների ձայները, որոնք մարդկանց կյանքեր էին խլում և մինչև այսօր չեն թողնում հանգիստ քնել։

Տղայի հետ գնացել է դպրոց՝ աղջկան գտնելու, չհասած դպրոց` նորից արկերի պայթյուններ են սկսվել, տղային վերցրել ու մանկապարտեզի նկուղ են մտել։

«Ռմբակոծությունն ահավոր էր, 1 ու կես ժամ մնացինք մանկապարտեզի նկուղում, դղրդում էին ականջներս ու ամեն գմփոցի հետ սիրտս գցում էր, աղջիկս դպրոցում էր, հավանաբար վախեցած»,- պատմում է նա։

Տունը դպրոցից հեռու է եղել, նկուղ չեն ունեցել, ամուսինը գործից դուրս է եկել, գնացել  դպրոց՝ չիմանալով  կնոջ և տղայի գտնվելու վայրը, վերցրել է աղջկան ու տուն գնացել վազելով։

«Երբ մի քիչ դադարեց, տղաս դուրս եկավ, որ տեսնի՝ որտեղ է քույրը, իմացանք որ ամուսինս գտել է ու հիմա մեզ է ման գալիս, իրար փնտրելու ճանապարհին ամուսինս ու տղաս գտել են իրար»:

Անդրանիկը, ապահովելով ընտանիքի անվտանգությունը, զենք է ստացել և բարձրացել դիքեր։ Իսկ այդ պահին մանկապարտեզի նկուղում ավելի քան 400 մարդ է եղել։ Մանուշակը պատմում է, որ մինչև ժ.18:00-ն իրարանցումը չի դադարել: «Ծնողներ կային, որ չգիտեին՝ էրեխեքը որտեղ են, մարդիկ իրար էին փնտրում, ահավոր էր, հետն էլ ռմբակոծությունը չէր դադարում, մենք համ լսում էինք, համ տեսնում էինք. դուրս էինք  գալիս, որ տեսնենք՝ ինչ է կատարվում, կուչ էինք եկել պատերի տակ, ռմբակոծում էին»-, ասում է Մանուշակը ու ավելացնում, որ ամբողջ ընթացքում զանգել է ամուսնուն, նա էլ ասել է, թե ամեն ինչ կարգին է, չվախենան, տուն չգնան մինչև իր վերադառնալը։

«Մինչև ամսի 23-ը ոչ մի բանի մասին չենք իմացել, 23-ին ամուսինս դիրքերից իջավ ու ասաց, որ լավ բան չկա, մենք պարտվում ենք, ամեն ինչի պետք է սպասենք, ադրբեջանցիները առաջ են գալիս, մինչև այդ մենք ոչնչից տեղյակ չէինք, ոչ կապ կար, ոչ էլ զգուշացնում էին»։

Մանուշակը պատմում է որ մի պահ 6 ռուս խաղաղապահ են եկել, ասել, որ չվախենան, և իրենք ոչ մի տեղ չեն գնացել։ Նկուղում երիտասարդ տղամարդ չի եղել, բոլորը կանայք, երեխաներ և մեծահասակներ են եղել։ Կոպիտ պատասխանել են, որ տեղում լինեին,  հիմա պատերազմի մեջ չէին լինի, խաղաղապահներն էլ ասել են՝ ամեն ինչ լավ կլինի, ու գնացել են։

Սեպտեմբերի 23-ից Մանուշակի ամուսինը սկսել է զոհվածներին հուղարկավորել։ «Դպրոցի նկուղում էին պահում զոհերին՝ թիվ չգիտեմ, բայց շատ էին՝ 30-ից շատ, ու արդեն հոտ էր գալիս դիերից, առաջին օրվանից էլ բերում էին»,- սարսափով հիշում է Մանուշակը։

Ամեն գիշեր դագաղ են սարքել, ոչ մի արարողակարգ չի եղել, Մանուշակը պատմում է, որ զոհվածների մեջ երիտասարդներ շատ կային, «Մեր հարազատներից էլ կային, աշակերտներիցս մեկի մարմինը տեսա»։

Սեպտեմբերի 24-ին  իմացել են, որ դուրս գալու ժամանակն է, վերջին գիշերը մնացել են իրենց տանը։ Լռում է, տան մասին ոչինչ չի ուզում ասել, ոչ խոսել, ոչ հիշել, նա միայն գիտի, որ 10-15 լիտր բենզին են ունեցել։

Սեպտեմբերի 25-ին դուրս են եկել քաղաքից: «Մենք ընտանիքով էինք, մեքենայի մեջ, Մարտունուց դուրս ենք էկել ժամը 11-ին, Ստեփանակերտ ենք հասել ժամը 15-ին, ճանապարհին մի գյուղ կար, թուրքերը անցակետ էին դրել, մեր տան մեջ մեզ ստուգում, նոր էին վռնդում, ամուսինս ու տղաս իջան, հետո թողեցին, եկանք»։

«Մինչ Մազի կազմուրջ հասնելը (հետ էինք մնացել խմբից) մեր դիմացից էքսկավատոր էր գնում,  էքսկավատորի կողքով անցնելուց էդ կովշը բերեց ուղիղ մեզ վրա, ուզում էր խփել, ամուսինս  հասցրեց փախցնել  մեքենան, ու չկարողացավ խփել, վստահ էինք, որ ադրբեջանցի էր ղեկին, որովհետև էդ Մերբերլու գյուղը արդեն վերցրել էին»-, պատմում է և չի հավատում, որ իրենք այդ ամենի միջով անցել են: Շարունակում է՝ այլ անցակետի են հասել, բայց նույնիսկ զինվորներին չեն  նայել, վախեցել են էքսկավատորի վարորդի պահվածքից հետո։

Բենզինը ամբողջ ճանապարհի համար չի հերիքել, հասել են «Հայկազովի» բենզալցակայանի պահեստի մոտ, ամուսինն ու տղան գնացել են վառելիք բերելու: «Մութն ընկնում էր ու պայթյուն լսվեց, ես էլ դուրս էի էկել, որ ամուսնուս ու տղայիս տաք շոր տանեմ, էդ պահին պայթյուն եղավ, մի քիչ առաջ անցա, տեսա մարդիկ վառվում են, գոռոցներ էի լսում, ահավոր վիճակում էին՝ մերկ, վառված, վազում էին, որ ճանապարհին մեքենա գտնեն, փրկվեն, ամեն ինչ պարզ էր արդեն, մեկի ձեռքերը չկար,  մեկի դեմքը չէր երևում, ես էլ անունները գոռալով վազում էի, հարյուրավոր մարդիկ մեքենաների արանքներով փորձում էին փրկվել»։

Մանուշակը մի քանի ժամ պատմելուց հետո բարձրաձայն լաց էր լինում, նորից վերապրում էր դժոխքը, որի մեջ էր եղել։ Նա երկար շարունակել է գոռալ Անդրանիկի և Մարտինի անունները, վազել է առանց կանգնելու, այդ ընթացքում ամուսնու ընկերոջն է տեսել՝ ձեռքերը, դեմքը վառված, մերկ, հարցրել է՝ «տեսե՞լ է տնեցիներին» – պատասխանել է, որ իրար կողք են եղել, բայց պայթյունից հետո չգիտի ուր են, չի տեսել։

Շնչասպառ շարունակել է քայլել, 10 րոպե անց գտել է տղային՝ վախեցած. «Վազում էր դեպի մեքենան, հարցրի պապայիդ տեսե՞լ ես, ասաց՝ չէ, տղայիս շորերն էր տեղ-տեղ վառված, իրար հետ գնացինք դեպի պայթյունի տարածքը, գետնին ընկած մարդիկ էին, մոտենում, փորձում էինք ամուսնուս գտնել, մեկին մոտիկացա, ձեռքերը արդեն վառված էին, ուզում էի ձեռքից բռնել, օգնել, ձեռքերիս մեջ հալվում էր, չկարողացա էլ մնալ կողքին, ամուսնուս գտնել էր պետք, չկար ու չկար։ 20 րոպե շարունակ  փնտրել ենք, սակայն նորից պայթելու վտանգը հաշվի առնելով՝ բոլորին հեռացրին տարածքից, տղաս դողում էր, մի կողմից վախը, մի կողմից ցուրտը, եկանք մեքենայի մոտ, ամուսնուս քրոջ տղան եկավ, ասացի, որ քեռին չկա»։

Հետո միասին են գնացել փնտրելու, բայց այդպես էլ չեն գտել, նրանց ասել են, որ հիվանդանոցներում փնտրեն։ Հիվանդանոցում անուններ են հրապարակել, սակայն, բացակայում էր ամուսնու անունը: Հույսով, որ շուտով մի նորություն կիմանան, մինչև սեպտեմբերի 27-ը մնացել են հիվանդանոցում։ Տղան շոկի մեջ է եղել, ոչինչ չի հիշել, հետո արդեն, երբ ուշքի է եկել, պատմել է, որ պայթյունից մի երեք րոպե առաջ նկուղային տեղում է եղել, տղան գոռացել-կանչել է հորը, սակայն նա չի մտել, հետո չի տեսել, թե որ կողմ է գնացել։

«Մինչև ամսի 27-ը ոչ մի լուր չկար, նույնիսկ ուշ ժամի գաղտնի մտել եմ հիվանդանոց, պալատներով շրջել, էդ մանկական հիվանդանոցում քիչ էին հիվանդները, հարմարեցրի մտա, բայց չկար։ Հետո մահացածներին, որ տեղափոխում էին, դիակներն էի նայում, բայց մեծամասնությունը անճանաչելի էին»,-պատմում է արցախցի կինը։

Չգտնելով ամուսնուն՝ եղբայրների հետ գնացել են դիահերձարան. դիերն անճանաչելի էին, այնտեղ ասել են, որ բոլորին տեղափոխելու են Երևան, ավելի լավ է այնտեղ փնտրեն։

Մնալ չէին կարող, սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից դուրս գալով՝ մի գիշեր մնացել են ճանապարհին, քնել են մեքենայի մեջ, ադրբեջանական անցակետում ստուգել են, հետո հասել են Հայաստան։

Հիմա իրենց շատերն են մեղադրում, թե ինչու լքեցին իրենց տունը, բայց ասում է, եթե մեկ տոկոս հնարավորություն լիներ մնալու, իրենք չէին գա, ամուսինը ողջ կլիներ, ու այսքան անիմաստ չէր լինի ամեն ինչ։

Հայաստան հասնելուց մեկ ամիս հետո գտել են ամուսնուն, ԴՆԹ անալիզով հաստատվել է, որ այրված մարմինն ամուսնունն է, հուղարկավորել են Սևան խոշորացված համայնքի Գագարին բնակավարյում։ Արհավիրքից հետո էլ հույս ունեն Արցախ վերադառնալ. «էրեխեքիս աչքի առաջ է տեղի ունեցել ամեն ինչ, տղաս ասում է՝ մամ, որ գնանք, պապան արդեն էնտեղ կլինի, չէ՞»։

Մարտունու կիսակառույց տունը մնացել է որպես ընդհատված երազանքների խորհրդանիշ։ Մանուշակի պատմությունը ոչ միայն կորստի, այլև հարատև հույսի պատմություն է։ Չնայած լուրջ մարտահրավերներին, նա շարունակում է հավատալ ապագային, որտեղ հնարավոր է խաղաղություն, և որտեղ իր ընտանիքը կարող է կայունություն և անվտանգություն ունենալ:

 

Սերինե Աղաբեկյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ