Ինչո՞ւ է Թեհրանը պատրաստ պայքարել օտար աշխարհաքաղաքական նախագծերի դեմ, իսկ Ռուսաստանը միայն ողջունում է դրանք | Region

Ինչո՞ւ է Թեհրանը պատրաստ պայքարել օտար աշխարհաքաղաքական նախագծերի դեմ, իսկ Ռուսաստանը միայն ողջունում է դրանք

Սեպտեմբեր 09,2024 16:01

«Մեր հարևանների տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիք «կարմիր գիծ» է Իրանի համար». Արաղչի  

Հայաստանի մասին ոմանց երազանքներն իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան

Վերջին շաբաթներին կրկին կրքեր են բորբոքվել տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ, որոնք Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անցկացնել Հարավային Հայաստանով՝ Նախիջևանն Ադրբեջանի բուն տարածքին միացնելու համար: Հայաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ուղիների բացման օգտին՝ Երևանի ինքնիշխանության պահպանման պայմանով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունների թեման կրկին սուր քաղաքական արդիականություն ձեռք բերեց: Սկանդալային էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե իբր Հայաստանը սաբոտաժի է ենթարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ: 2020 թ.-ի վերջից Մոսկվան, Բաքուն և Անկարան առաջ են տանում այսպես կոչված «Զանգեզուրի երթուղու» ստեղծման գաղափարը, որը կմիացնի Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Ռուսաստանը հանդես կգա որպես անվտանգության երաշխավոր: Այս նախագիծը անհանգստություն է առաջացնում Իրանում, քանի որ սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա նրա միակ ցամաքային ճանապարհին: Իրանական ԶԼՄ-ները, մասնավորապես Pars Today և Tasnim լրատվական գործակալությունները խիստ քննադատության են ենթարկել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների վերջին հայտարարությունները: Ընդ որում, Իրանի դժգոհությունը ի հայտ եկավ Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման նախապատրաստման ֆոնին։

Իրանի ԱԳՆ Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլին նախարարություն է կանչել Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին և հայտարարել նրան, որ «Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն անթույլատրելի է»։ Բացի այդ, ՌԴ-ում Իրանի դեսպանը նաև հայտարարել է ՌԴ ԱԳՆ դիրքորոշման դեմ Իրանի բողոքի մասին՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի սահմանների փոփոխություն:

Իրանցի պաշտոնյաները բազմիցս իրենց անհամաձայնությունն են հայտնել միջազգային սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության հետ: Բազմիցս հայտարարել են, որ այդ երթուղին համարվում է Իրանի «կարմիր գիծը», և դրա ցանկացած փոփոխություն և գործողություն լուրջ և կոշտ արձագանքի կարժանանա Իրանի կողմից:  Իրանը նույնիսկ զորքեր էր կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ պատրաստակամություն ցուցաբերելով անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել Է Թեհրանի դիրքորոշումը և կարևորել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը: Իրանի հոգևոր առաջնորդը նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին է հայտնել Հայաստանի հետ սահմանը փակելու անթույլատրելիության մասին իր սկզբունքային դիրքորոշումը: «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը կհակազդի դրան, քանի որ այդ սահմանը հազարավոր տարիների կոմունիկացիոն ուղի է»: Այաթոլլահ Խամենեիի խոսքերը հնչել են որպես նախազգուշացում Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակիցներին, որ տարածաշրջանում հավասարակշռության ցանկացած խախտում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Իրանում Սյունիքը դիտարկում են որպես ելք դեպի Սև ծով Հայաստանի և Վրաստանի տարածքով, Ուստի Ռուսաստանի կողմից դրա նկատմամբ հնարավոր վերահսկողությունն ընկալում են որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Իրանի համար տարածքային ամբողջականության և սահմանների պահպանումը մնում է առաջնահերթություն:

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ընդգծել է. «մեր երկրի սահմանների շուրջ ցանկացած տարածքային սպառնալիք կամ աշխարհաքաղաքական փոփոխություն «կարմիր գիծ» կլինի Իրանի համար: Խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը պարզապես առաջնահերթություն չէ, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը, և մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում՝ լինի դա հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում, բացարձակապես անընդունելի է և Իրանի համար կարմիր գիծ է»:

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է տարածաշրջանում կոմունիկացիաների վերահսկման հարցում Իրանի դիրքորոշումը. «Իրանը դեմ է Սյունիքում այլ երկրների ներկայացուցիչների կողմից կոմունիկացիաների վերահսկմանը»: Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին երազանքներն ու անուրջները երբեք իրականություն չեն դառնա։ «Մեր հարևանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է։ Իրանը դեմ է այլ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը։ Լիակատար վերահսկողությունը պետք է լինի Հայաստանի կառավարության ձեռքում և Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Երկրներն ունեն անկախություն և ինքնիշխանություն և իրացնում են այդ իրավունքը»,- նշել է դիվանագետը։

Ինչպես գրում է բրիտանական Guardian թերթը, Թեհրանի և Մոսկվայի միջև վերջերս տեղի ունեցած վեճը, հավանաբար, ավելի խորը աշխարհաքաղաքական ֆոն ունի և կարող է ցույց տալ, որ Իրանի նորընտիր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես արտաքին քաղաքականությունը վերակողմնորոշելու իր ջանքերի մի մաս:

Իրանցիների անհանգստության պատճառները հեշտ է հասկանալ։ Էրդողանը հետևողականորեն առաջ է տանում միանգամից երկու մասշտաբային ինտեգրացիոն աշխարհաքաղաքական նախագիծ։ Նախ՝ դա նեոօսմանյան կայսրության աստիճանական վերականգնումն է, ինչում նա արդեն բավական հաջողել է՝ Սիրիայից խլելով նրա հյուսիսային տարածքների մի մասը և ամրապնդվելով Լիբիայում։ Իսկ «Մեծ Թուրանի» պանթուրքիստական երկրորդ նախագիծը էքզիստենցիալ սպառնալիք է միաժամանակ Իրանի և Ռուսաստանի համար, քանի որ ներառում է ոչ միայն Անդրկովկասը, այլև Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և վերջերս նրանց միացած Թուրքմենստանը։

Թեհրանի համար «Մեծ Թուրանն» իր պանթուրքիստական գաղափարներով սպառնալիք է ներկայացնում, քանի որ Իրանի կազմում կա Հարավային Ադրբեջան շրջանը, որը բնակեցված է առավելապես էթնիկ ադրբեջանցիներով:

Ամենից շատ զարմացնում է այն, որ այս իրավիճակը չգիտես ինչու չի անհանգստացնում ռուսական դիվանագիտությանը, որը ուրախանում է Անդրկովկասում Բաքվի և Անկարայի դաշինքի հաջողություններով։  Իրավիճակն ավելի վատթարացնելու համար, արևմտյան պատժամիջոցների և բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակի աստիճանական վատթարացման ֆոնին, «Մեծ Թուրանը» կարող է դառնալ ներգրավման կենտրոն հենց ՌԴ շրջանների՝ Թաթարստանի, Բաշկիրիայի, Յակուտիայի, Չուվաշիայի, Տուվայի, Ալթայի, Կաբարդինո–Բալկարիայի, Դաղստանի, Խակասիայի և Կարաչայ-Չերկեսիայի համար: Միթե՞ այդքան դժվար է հաշվարկել այժմ կայացվող քաղաքական որոշումների միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքները։

Հարց է մնում, թե ինչո՞ւ է Թեհրանը պատրաստ պայքարել օտար աշխարհաքաղաքական նախագծերի դեմ, Իսկ Ռուսաստանը միայն ողջունում է դրանք։

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ