Ալեքպոլյան համադամն ու կահկարասին․Գյումրիում մեկնարկել է «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը | Region

Ալեքպոլյան համադամն ու կահկարասին․Գյումրիում մեկնարկել է «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը

Սեպտեմբեր 20,2024 22:00

Ինքնաեռ, կուժ, գրտնակ, հավանգ, շերեփներ, բաժնի շերեփ,  սկուտեղ․ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում այսօրվանից ցուցադրվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թվագրվող թանգարանային նմուշներ․ դրանք Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը ներկայացնող իրեր են։

Մոտ 3 տասնյակ՝ Շիրակի երկրագիտական թանգարանից, 8 տասնյակը՝ Կենցաղի թանգարանից, մնացածը՝ մասնավոր հավաքածուից. շուրջ 130 ցուցանմուշ է ներակայացված «Ալեքսանդրապոլի խոհանոցային մշակույթը» մեկամսյա ցուցադրությանը։

Հավաքածուն համալրվել է նաեւ այլ թանգարանների պահոցներից բերված նմուշներով, որոնք երբևէ չեն ցուցադրվել։

Թանգարանային ցուցադրության նպատակն է ներկայացնել Ալեքսանդրապոլի խոհանոցային յուրատիպ մշակույթը, կենցաղը, կահ-կարասին, խոհանոցում գործածած իրերը։ Թանգարանում այսօր ներկայացվեց նաեւ այս տարածաշրջանի խոհանոցային ժառանգությունը՝ «Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակներում:

Գյումրվա համադամ փախլավա, գաթա, փոխինդ, բրնձով փլավ, ձավարով տոլմա ու էլի համով բաներ․ ցուցադրության այցելուներն այսօր համտեսեցին տարածաշրջանի  ուտեստները, որոնք այսօր էլ շատ սիրված են Շիրակում։

«Հայկական Կարիտասի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը պատրաստել  ու հյուրասիրում էր մեղրով շերտավոր գյումրվա փախլավա:

«Միասին» հիմնադրամը ներկայացրեց իր պատրաստած կոլոլակաձև փոխինդը, որը հայտնի է տատիկի քաղցրավենիք անվամբ, ինչպես նաև Շիրակի դաշտավայրի քաղցր փոխինդն ու Արցախինը, որը պատրաստվում է աղով, թանով և սոխառածով:

Արթիկ համայնքի գեղագիտական կենտրոնը տիպիկ ալեքպոլյան սեղան էր գցել. պանրխաշ, գաթա, Շիրակի հալվա, ընկույզ, նուռ ու խաղող, նաև թան ու գինի:

Թանգարանը հյուրերին  ներկայացրեց հյուրընկալության սեղանի իր տարբերակը. հալվաներ`շաքարլոխումով ու ընկույզով, յաղլի, գաթա ու այլ թխվածքներ:

Կոլորիտային փառատոնն ամբողջական ու ավարտուն դարձրեց ժողովրդական համերգը: Ներկաներն ունկնդրեցին կատարումներ`գուսանական ընտրանուց:

Ելենա Ավետիսյան

Նորություններ