Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները | Region

Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները

Սեպտեմբեր 23,2024 21:10

Telegram-ը կբացահայտի օգտատերերի հեռախոսներն ու IP հասցեները՝ համապատասխան մարմինների հիմնավորված խնդրանքով։ Այսօր այս մասին հայտնել է հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։

Նա մասնավորապես գրել է, որ որոշ օգտատերեր չարաշահում են Telegram-ի որոնման  (Telegram Search) գործառույթը՝ անօրինական ապրանքներ վաճառելու համար. «Հանցագործներին Telegram որոնումը չարաշահելուց հետագայում զերծ պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մոդերատորների մեր թիմը, օգտագործելով արհեստական բանականությունը, Telegram Search-ը շատ ավելի անվտանգ է դարձրել»:

Դուրովը հայտնել է, որ Search-ում հայտնաբերված բոլոր խնդրահարույց բովանդակությունը հեռացվել է։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար։ Այդ օրերին Ֆրանսիայի դատախազությունը պնդել է, որ  Դուրովը հրաժարվել է իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, եւ որ նա ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։

Պավել Դուրովն ազատ արձակվեց 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։

Նորություններ