Մհեր Գրիգորյան․ Սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված դեռ որոշում չկա, պետք է ներպետական ընթացակարգերն ավարտենք կանոնակարգերով պայմանավորված | Region

Մհեր Գրիգորյան․ Սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված դեռ որոշում չկա, պետք է ներպետական ընթացակարգերն ավարտենք կանոնակարգերով պայմանավորված

Սեպտեմբեր 27,2024 12:56

Տավուշում սահմանազատման գործընթացն ամբողջությամբ հրապարակային է, թե՛ իրավական մասը, թե՛ փաստացի կատարումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն այցելել էր Եռաբլուր պանթեոն:

Նա վստահեցրեց՝ գործընթացում որեւէ հակասություն չկա, այն օրինական է․ «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որեև հակասություն չկա գործընթացում»:

Փոխվարչապետի ներկայացմամբ՝ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի հետ կապված դեռ որոշում չկա, դեռ պետք է ներպետական ընթացակարգերն ավարտենք կանոնակարգերով պայմանավորված:

Հայկական կողմը շարունակում է սահմանագծման և սահմանազատման, գործընթացն այն իրավիճակում, երբ թշնամին տարածքային նոր պահանջներ է ներկայացնում, օկուպացրել է  ՀՀ տարածքները, լրագրողի այս դիտարկմանը Գրիգորյանը պատասխանեց․ «Սահմանազատման գործընթացը և դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան»:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետեւ ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր եւ հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:

Երեկ Սահմանադրական դատարանը որոշում  կայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով   հանձնաժողովների համատեղ աշխատանքին վերաբերող կանոնակարգի  սահմանադրականության վերաբերյալ։

«Կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը»,-հայտարարել է ՍԴ-ն»։

Նորություններ