Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ․Իսրայելը խոստանում է՝ պատասխան հարված կտա, կարող է թիրախավորել Իրանի նավթային օբյեկտներն ու ռազմավարական կետերը | Region

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ․Իսրայելը խոստանում է՝ պատասխան հարված կտա, կարող է թիրախավորել Իրանի նավթային օբյեկտներն ու ռազմավարական կետերը

Հոկտեմբեր 02,2024 12:42

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելական կողմը։

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ  երկրի տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, բնակիչներին կարգադրել են տեղափոխվել ապաստարաններ։

Իրանը եւս հայտարարել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Reuters-ը  գրում է՝  Իրանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի դեմ իր հրթիռային հարձակումը, որն իր ամենամեծ ռազմական գործողությունն էր, ավարտվել է՝ բացառությամբ հետագա սադրանքների, մինչդեռ Իսրայելն ու Միացյալ Նահանգները խոստացել են հակահարված հասցնել։

Իսրայելը մի քանի օրվա ընթացքում «նշանակալի պատասխան հարված» կիրականացնի, որը կարող է թիրախավորել Իրանի ներսում նավթարդյունաբերական օբյեկտները և այլ ռազմավարական կետեր, հաղորդել է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝   Իրանը սպառնացել է, որ եթե Իսրայելը ի պատասխան երեքշաբթի  արձակած մոտ 200 հրթիռներին, ռազմական գործողություններ ձեռնարկի, ապա պատասխանը դաժան կլինի։

Իսրայելի պաշտոնյաներն էլ ասում են՝ եթե ​​դա տեղի ունենա բոլոր տարբերակները կլինեն սեղանին,  ներառյալ՝ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանն այս գիշեր մեծ սխալ գործեց, և նա կվճարի դրա համար։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կաշխատի երկարամյա դաշնակից Իսրայելի հետ՝ ապահովելու համար, որ Իրանը «ծանր հետևանքներ» կրի երեքշաբթի օրվա հարձակման համար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի օրը ուշ երեկոյան խոսել է Իսրայելի պաշտպանության նախարարի հետ ու ասել, որ Վաշինգտոնը «լավ դիրքավորված է» Մերձավոր Արևելքում իր շահերը պաշտպանելու համար։

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը մոտ մեկ տասնյակ հակահրթիռ են արձակել դեպի Իսրայել ուղղված իրանական հրթիռների դեմ, հայտնել է Պենտագոնը: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ իր ուժերը մասնակցել են «Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան կանխելու փորձերին»։

Սեպտեմբերի 28-ին իսրայելական բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող թիրախներին, որի արդյունքում սպանվել է խմբավորման  առաջնորդ Հասան Նասրալլան։   

 

Նորություններ