«Խանութի աշխատակիցը պատմել է, որ պահեստային հատվածում հոսանքը գնաց, հետո՝ եկավ, ու հետո հրդեհ բռնկվեց»․Ցուցուլյանը «Դոմուս»-ի գրդեհի մասին
Երեւանի Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութում այսօր բռնկված հրդեհի մասին ՆԳՆ փրկարար ծառայության պետ Կանո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել։ Նա ասել է, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել, աշխատակիցներն ասել են, որ հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից։
«Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր զանգել են փրկարար ծառայություն։ Տուժածներ չկան, հրդեհի բռնկման որեւէ վարկած ես այս պահին չեմ կարող ասել, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմինը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կխնդրենք, կհրապարակեն»,-ասել է Ցուցուլյանը։
Խանութի աշխատակիցը, ինչպես Ցուցուլյանն է ներկայացրել, պատմել էր՝ պահեստային հատվածում հոսանքը գնացին, հետո եկավ, ու հետո հրդեհ բռնկվեց։
«Տանիքին տեղադրված է արեւային համակարգ՝ իր կուտակիչով, դրա համար հրդեհաշիջումը այդքան դժվարացավ եւ տարածվեց հրդեհը դրա հետեւանքով։ Խանութ–սրահի տարածքը մոտ 2500-3000 քմ է, ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական և այլ տարբեր ապրանքներ»,–ասել է Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ կրակն այս պահին մարված է, մեկուսացված է, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, այսինքն հովացման, ներսի մաքրման աշխատանքներ․«Պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, ապակիներն են տաքությունից պայթել»։
Այսօր ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։