Սամվել Բալասանյանի որդին ձերբակալվել է «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման գործի շրջանակներում
Ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։
Քննչական կոմիտե մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը RegionsTV-ին փոխանցեց, որ Խաչատուր Բալասանյանը ձերկալվել է երեկ գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում։ Բալասանյանը պատրաստվում էր Հայաստանից մեկնել ԱՄՆ։
Աբրահամյանն ասաց, որ Բալասանյանի ձերբակալությունը տեղի է ունեցել քննիչի որոշման հիման վրա՝ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում։
Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։
Մերձավոր ազգականը նրա հայրն է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
RegionsTV-ի տեղեկություններով՝ քրեական գործը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարմանը։
Հիշեցնենք, այս կառույցը Բալասանյանների ընտանիքը ձեռք է բերել 2012 թվականին՝ ռուսաստանաբնակ Հայկ Հայրապետյանից, գնման նպատակը՝զբոսաշրջաին կենտրոն դարձնելն էր։
2020 թվականին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ քրգործ է հարուցվել «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացի առնչությամբ։ Գործընթացը տեղի է ունեցել 2005 թվականին։
Այն ժամանակ ստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված է․«Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։ Այնուհետև, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, որի շրջանակներում ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից»։