ԵՄ դեսպան․10 միլիոնանոց միջոցառում ունենք, որպեսզի ՀՀ-ն նույնպես մասնակցի ԵՄ-ի կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին․կանաչ լույսը ստացել ենք
Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որպեսզի զարգացնենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ»,-այս մասին այսօր Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն․«ԵՄ-ն աջակցել ու շարունակելու է աջակցել ՀՀ-ին մի շարք ուղղություններում՝ տնտեսություն, դատաիրավական համակարգ, տարածաշրջանային կապեր, ինչի մի մասն է նաև խաղաղությունը»։
Դեսպանի ներկայացմամբ՝ ԵՄ-ն նաև զբաղվում է Ղարաբաղի հայերի ճակատագրով․ «100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք ձեզ հետ այն բեռը, որը դրված է կառավարության ուսերին»։
Նա նշել է, որ Եվրոպայի նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ Հայաստանն այն երկիրն է, որը օգտվում է Խաղաղության հիմնադրամի աջակցությունից, որը սա ամրապնդում է ՀՀ կարողությունը, հատկապես եթե խոսքը գնում է նաեւ խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։
«Մենք 10 միլիոնանոց միջոցառում ունենք, որը ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք ստացել ենք կանաչ լույս անդամ պետություններից»,-ասել է դեսպանը։
Նա նաև վստահեցրել է՝ մենք պիտի աշխատենք նաեւ այն ուղղությամբ, որպեսզի վիզաների ազատականացումը դառնա իրականություն․« Տեխնիկական աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։ Սրանք բոլորն էլ դրական ազդեցություն են ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա»։