Թմրամիջոցների դիմաց վճարումները իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող ՀՀ տարածքում գործող անձանց միջոցով․գլխավոր դատախազ | Region

Թմրամիջոցների դիմաց վճարումները իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող ՀՀ տարածքում գործող անձանց միջոցով․գլխավոր դատախազ

Հոկտեմբեր 15,2024 14:57

Վերջին 5 տարում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների բացահայտումը Հայաստանում բարձրացել է միջինը 46 տոկոսով։ Այս մասին այսօր խորհրդարանում  հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով լսումների ժամանակ։

Նրա վստահեցմամբ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը մնում է ՆԳՆ գլխավոր առաջնահերթություններից մեկը, քանի որ իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Նախարարն ասաց, որ թմրանյութերի դեմ պայքարում հատուկ արդյունավետություն են ցուցաբերել պարեկային ստորաբաժանումները»՝ 4 564 գրանցված դեպքերից ավելի քան 1 800-ը բացահայտել է ոստիկանության պարեկային ծառայությունը։

Հինգ տարիների ցուցանիշները ներկայացնելով, նախարարն ասաց՝ հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերված թմրամիջոցներից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39 տոկոսը հայտնաբերել է ոստիկանությունը։

«Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են»,- ասաց Ղազարյանը։

Նրա ներկայացմամբ՝ վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել  10-ը։

Նախարարի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:«2021- 2023 թվականներին  համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք է հայտնաբերվել, որից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու։ Վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ»։

Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հայտնեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 86 տոկոս։

Ըստ Վարդապետյանի՝ թեեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվն այս տարվա ութ ամիսներին կազմել է 1946, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 33,8 տոկոսով նվազել է, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը եւ տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը շարունակում են մնալ անհանգստացնող․«Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցների դիմաց վճարումները եւ վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող ՀՀ տարածքում գործող անձանց միջոցով։ Գլխավոր դատախազության կողմից ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը»։

 

Նորություններ