Զախարովա․ Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի կիրառում
Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի կիրառում։ Երեկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը նշել էր, թե «հայկական կողմից հակասական հայտարարություններ են հնչում «Զանգեզուրի միջանցքի» ապագա ռեժիմի մասին, պաշտոնական Երևանն ասում է, որ երթուղու անվտանգությունը պետք է ապահովի հայկական կողմը, և մերժում է եռակողմ հայտարարության ցանկացած հղում»։ Լրագրողը նշել էր, որ այս հայտարարություններն ակիվացել են Իրան-Հայաստան պետական սահմանի պահպանությունը ռուս սահմանապահներից հայկական կողմին փոխանցելու հայտարարություններից հետո։ Ինչպիսի՞ն է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքում» անվտանգության ապահովման հարցում, ո՞րն Մոսկվայի ապագա դերն այս միջանցքում։
Լրագրողի այս հարցադրումներին Զախարովան պատասխանել է․«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել՝ մենք չենք օգտագործում ձեր ասած տերմինը։ Իսկ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորվին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական դիրքորոշմանը, ապա այն չի փոխվել և լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք անում ենք դրա համար հնարավորը»։