Ռուս սահմանապահները հունվարի 1-ից կհեռանան Հայաստան-Իրան սահմանի հսկիչ կետից․ վարչապետի խոսնակ
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում հունվարի 1-ից ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարայանը։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ի հետ համաձայնություն է ձեռքբերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, Փաշինյանը ՌԴ նախագահի հետ առանձին քննարկում է ունեցել, որի ընթացքում շոշափվել է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման։
Մոսկվայում Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, և ինչպես Նազելի Բաղդասրյանն է նշել, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձեւակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ։
« Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում նույնական է»,-ասել է Բաղդասարյանը։
«Վարչապետ Փաշինյանը դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել էներգետիկ, կրթական, հումանիտար ոլորտներին վերաբերող կոնկրետ պայմանավորվածություններ»,-նշել է Բաղդասարյանը։
Նրա ներկայացմամբ՝վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»։