Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, դիտորդները հայտարարում են բարդ ընտրակեղծիքների մասին | Region

Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները, դիտորդները հայտարարում են բարդ ընտրակեղծիքների մասին

Հոկտեմբեր 27,2024 13:33

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հրապարակել է երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների թարմացված տվյալները։

Ըստ այդմ ՝ առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝  հավաքելով ձայների 54,234 %-ը։

Վերջին տվյալներով՝ հաշվարկվել է ընդհանուր քվեաթերթիկների 99,261%-ը։

«Միասնություն – փրկել Վրաստանը» կոալիցիան, որը գլխավորում է  «Միասնություն- ազգային շարժումը» ստացել է ձայների 10,105%-ը, «Գախարիան Հանուն Վրաստանի»՝ 7,753%, «Փոփոխությունների կոալիցիա»-ն՝  10,822%, «Ուժեղ Վրաստան»-ը՝  8,758%։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները։

Դիտորդները  հայտարարում են ընտրակեղծիքների մասին և պահանջում չեղարկել ընտրությունների պաշտոնական արդյունքները։

«Իմ ձայն»-ը տեղական դիտորդական առաքելությունը հայտարարել է՝ կիրառվել է ընտրակեղծարարության բարդ մեխանիզ, օրինակ՝ ստուգման համակարգի խաթարումը, ընտրողների նույնականացման գործընթացին հետևող դիտորդների աշխատանքի խոչընդոտում, մակնշման ընթացակարգի խախտումներ։  Դիտորդները նաև արձանագրել են, որ մեկ ընտրողին տրվել է երկու և ավելի քվեաթերթիկ, ինչպես նաև եղել են դեպքեր, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկի վրա նշված է եղել։

Երեկ վրացական մամուլը գրել է նաեւ իշխող ուժի կողմից լցոնումների մասին։

 

Նորություններ