Դեսպան Օլիվիե Դըկոնտինյիին արձագանքել է ադրբեջանական՝ «սահմանին ֆրանսիական հետախուզական խումբ» ուղարկելու մասին ադրբեջանական մեղադրանքներին
Ադրբեջանական լրատվամիջոցները անդրադառնալով ԵՄ դիտորդների և Ֆրանսիայի դեսպանի՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի այցելությանը, մեղադրում են Ֆրանսիային, իբր թե այս վերջին այցով Ֆրանսիան խաթարում է խաղաղության գործընթացը։ Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրոււմ են, թե Ֆրանսիան լրտեսներ է ուղարկում Ներքին Հանդ։
«Եվս մեկ խումբ է այսօր ժամանել Զանգիլանի սահմանին գտնվող հայկական Ներքին Հանդ գյուղի մոտ․«Հետաքրքիր է, որ նախորդ դիտորդները ճանապարհորդում էին Եվրամիությանը պատկանող մեքենաներով, այսօրվա կադրերը ցույց են տալիս, որ սահմանին գտնվող երեք մեքենաներից մեկի վրա ծածանվում է Ֆրանսիայի դրոշը: Մեքենաների ներսում քաղաքացիական հագուստով վեց անձինք են։ Հնարավոր է, որ նրանք ֆրանսիական հետախուզական ծառայությունների անդամներ են։ Կարծես թե Ֆրանսիան սկսել է բացահայտորեն իր դրոշի ներքո հետախուզական անձնակազմ ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ այլևս չթաքնվելով ԵՄ թիկունքում։ Ֆրանսիայի այս վերջին քայլը, որն աջակցում է Հայաստանում ռեւանշիստական ուժերին և երկիրը մղում դեպի նոր հակամարտություն, նպատակ ունի խաթարել խաղաղության գործընթացը»,-գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։
Այս հրապարակմանն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին, նա X-ի իր միկրոբլոգում գրել է՝ «Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ է, որը որպես բոնուս ներկայացնում է դիպուկահարի ոճով հաղորդում իմ՝ Սյունիքի մարզպետի հետ Ներքին Հանդ կատարած իմ այցելության մասին»։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը երեկ հրապարակել էր լուսանկարներ դեսպանի՝ Ներքին Հանդ այցից։
«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա»,-հայտարարել է դեսպանությունը։